Լրահոս
Օրվա լրահոսը

4 հոդվածներով գլխավոր դատախազությունը պարտավոր է գործ հարուցել. «Հայաքվեի» լիազոր ներկայացուցիչ

Հուլիս 08,2025 16:02

«Վարչախմբի պարագլուխը փոխանակ երկրի կառավարմամբ զբաղվելու՝ ամբողջ օրը ֆեյսբուքում է: Ինչպես պարոն Չալաբյանը նշեց, հոդվածները 4-ն են, որոնցից մեկը զուգակցված է այլ հոդվածի հետ»,-լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հայաքվե» նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանը՝ թվարկելով Քրեական օրենսգրքի բոլոր այն հոդվածները, որոնց, ըստ նրա՝ համապատասխանում են Նիկոլ Փաշինյանի եւ նրան փոխկապակցված անձանց՝ եկեղեցու դեմ ուղղված գործողությունները:

Արամ Պետրոսյան

«Հարկ եմ համարում անդրադառնալ վարչապետի եւ նրա քաղաքական թիմի ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի ելույթներին, եւ այդ կապակցությամբ վերջիններիս արարքներում առերեւույթ Քր.Օր 204 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմի առկայությանը… 2025թ մայիսի 30-ին վարչապետ Փաշինյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում կատարել է գրառում՝ եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, նա չի կարող լինել կաթողիկոս: Մի քանի օր անց Փաշինյանը նորից ֆեյսբուքի իր էջում գրել է՝ պնդում եմ, որ Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի: Նմանատիպ գրառումները բազմաթիվ են…

Ռուբեն Ռուբինյանը նույնպես ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է՝ «եթե Կտրիճ Ներսիսյանը իր տված ուխտը խախտել է, ես իրեն ոնց ասեմ Վեհափառ…»: Այս դեպքում 204 հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունն առանց նրա համաձայնության օգտագործելու, իրացնելու կամ հայտնելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ ձեռք բերելու կամ պահելու համար:

Այստեղ մենք չենք ասում՝ ունի կամ չունի զավակ, այստեղ խոսքն այն մասին է, որ գաղտնիությունն է խախտվում: Եթե նույնիսկ ունի, դու դրա մասին խոսելու իրավունք չունես, քանի որ չես ունեցել նրա համաձայնությունը»,-հայտնեց Արամ Պետրոսյանը՝ քրեորեն հետապնդելի մյուս արարքները եւս մատնանշելով:

Նա ասաց, որ իրենց նշած 4 հոդվածներով գլխավոր դատախազությունը պարտավոր է գործ հարուցել, նյութեր նախապատրաստել, հարուցել եւ ուղարկել համապատասխան դատական մարմիններ, որպեսզի արդարադատություն իրականացվի:

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն էլ հավելեց. «Շատ կարեւոր է, որ մեր երկրում չհամակերպվենք ապօրինությունների հետ, որպեսզի չմտածենք՝ եթե այս մարդիկ զավթել են իշխանությունը, իրենց ամեն ինչ կարելի է: Ո՛չ, իրենց ամեն ինչ չի կարելի, իշխանությունը մեր երկրում ժողովրդինն է, եւ որպես ժողովուրդ՝ մենք եկել ենք հաշիվ պահանջելու այս երկրի իշխանավորներից»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ «Հայաքվեի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031