Լրահոս
Օրվա լրահոսը

«Մշտապես պատրաստ եմ եղել երաժշտական մարտահրավերների` ունենալով լայն երաժշտացանկ Բեթհովենից մինչև Ստրավինսկի». մաեստրո Ֆիլիպ Հերևեգե

Հուլիս 08,2025 17:04

Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը օրերս հյուրընկալել էր Եվրոպական սիմֆոնիկ նվագախմբին «Նոր Եվրոպական Ոդիսական» նախագծի շրջանակում: Նախագիծը Ֆրանսիայի, Իտալիայի և Հայաստանի մշակութային հաստատությունների միջև ստեղծված համագործակցություն է, որը միավորում է երեք երկրների երաժիշտներին ու կրթական գործիչներին` նշելու Բեթհովենի մնայուն ժառանգությունը և վերաիմաստավորելու նրա դերը մեր ժամանակներում:

Այս նախագծի մեկնարկը տրվել է 2024 թ. Բեթհովենի ծննդյան 200-ամյակի կապակցությամբ Իտալիայում, կոնկրետ Կալիարիում, երբ տասը երիտասարդ երաժիշտ միացան «Շանզ Էլիզե» նվագախմբին և մասնակցեցին 10 համերգներից բաղկացած եվրոպական շրջագայությանը, որը անցկացվում էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի բարձր հովանու ներքո:

Երևանյան համերգում ներկայացված ստեղծագործությունները հյուրախաղորդ նվագախմբի և թատրոնի երգչախմբի մասնակցությամբ ընդմիջվում էին երկարատև ծափահարություններով: Իսկ դիրիժորական վահանակի մոտ էին աշխարհահռչակ Ֆիլիպ Հերևեգեն և թատրոնի երգչախմբի գլխավոր ղեկավար Նարինե Ոսկանյանը: Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության համաֆինանսավորմամբ:

Նարինե Ոսկանյանը և Ֆիլիպ Հերևեգեն

 

Ազգությամբ բելգիացի, ֆրանսաբնակ 78-ամյա դիրիժոր Ֆիլիպ Հերևեգեն աշխարհում հայտնի է որպես բարոկկո երաժշտության գիտակ ու մեկնաբան: Aravot.am-ի հետ զրույցի սկզբում, մեր խնդրանքին` ներկայացնել իր կարիերայի ամենասկիզբը, մաեստրոն ժպտալով ասաց` իր գործունեության մեկնարկային պատմությունը, առանց չափազանցության գուցե 24 ժամից ավել ձգվի, հետևաբար կներկայացնի շատ հակիրճ և մեզ ցանկացավ մեծ համբերություն:

«1977թ. Փարիզում հիմնել եմ «La Chapelle Royale» բարոկկո անսամբլը, հետո` 1980-ականների սկզբից մինչև 2000-ականների սկիզբը հանդիսացել եմ Սենտի բարոկկո երաժշտության «Akademies Musicales de Saintes»-ի գեղարվեստական ղեկավարը և 2001-ից մինչ օրս «Akademia di Crete Senesi» ակադեմիայի ղեկավարն եմ: Տասնամյակների ընթացքում, իհարկե հիմնել, ղեկավարել եմ ու համերգային գործունեություն ծավալել աշխարհով մեկ տարբեր նվագախմբերի ու անսամբլների հետ ևս, հնչեցնելով վաղ Վերածննդի դարաշրջանից մինչև ժամանակակից երաժշտություն, վերջինս իհարկե, մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո», – հակիրճ ներկայացրեց մաեստրոն:

Դիտարկմանը, թե ամենամեծ ճանաչումն իրեն, որ անսամբլի կամ նվագախմբի հետ համագործակցությունն է բերել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ամենամեծ ճանաչումն ունեցել եմ «Vocal Europeen» անսամբլի և «Շանզ -Էլիզե» սիմֆոնիկ նվագախմբի հետ: Ի դեպ, անսամբլը հայտնի էր Վերածննդի ժամանակաշրջանի պոլիֆոնիայով, իսկ նվագախումբը` ռոմանտիզմի դարաշրջանի երկերի մատուցմամբ»:

Հետաքրքրությանը` կարելի է ենթադրել, թե որքա~ն մարտահրավերների է դիմակայել, մաեստրոն հարցը «շտկելով» ասաց`հավանաբար նկատի ունեք երաժշտական մարտահրավերները և չսպասելով պատասխանի՝ հայտնեց. «Մշտապես պատրաստ եմ եղել երաժշտական մարտահրավերների` ունենալով լայն երաժշտացանկ Բեթհովենից մինչև Ստրավինսկի: Արդեն 28 տարի է՝ ղեկավարում եմ Անտվերպենի սիմֆոնիկ նվագախումբը, իսկ որպես հրավիրյալ դիրիժոր հանդես եմ գալիս Ամստերդամի թագավորական «Կոնցերտգեբաուս», Ցյուրիխի «Տոնհալլե», Լայպցիգի «Գևանդհաուս» և այլ սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Հայաստանից մեկնելուց հետո նախատեսված են ելույթներս Դրեզդենի պետական Կապելլայով, Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբով, Շանհայի սիմֆոնիկ նվագախմբով…»:

Իսկ երբևէ անդրադարձել է հայ կոմպոզիտորի, մեր զրուցակցի պատասխանը հակիրճ էր` Մանսուրյան:

Զրույցի ընթացքում մաեստրոն գովեստի խոսքեր շռայլեց օպերային թատրոնի երգչախմբի հասցեին, վերջինիս խմբավարին էլ որակելով տաղանդավոր դիրիժոր և հատուկ շեշտեց` եվրոպական նվագախմբում անցյալ տարվանից ընդգրկված եվրոպաբնակ հայազգի հիանալի երաժիշտներ` ջութակահար Սոֆյա Վարդանյանի և թավջութակահար Հայկ Սուքիասյանի անունները:

Մենք էլ հավելենք, որ երևանյան համերգում նվագախմբի կազմում էին 15 հայաստանցի երաժիշտներ, որոնցից 8-ը` օպերային թատրոնի նվագախմբից:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031