Հուլիսի 7-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի՝ Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանին:
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր խոսքում ընդգծել է Հայաստանի հետևողական աջակցությունը միջազգային իրավական մեխանիզմներին՝ ուղղված միջազգային իրավունքի կոպիտ խախտումների կանխմանը և հաշվետվողականության ապահովմանը։ Այս համատեքստում ընդգծվել է վաղ նախազգուշացման, վաղ գործողությունների և պաշտպանելու պարտականության հզոր մեխանիզմների անհրաժեշտությունը:
ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ հատուկ նստաշրջանը և դրան նախորդած խորհրդակցությունների գործընթացը լավ հնարավորություն են անդրադառնալու ձեռքբերումներին և քայլերին՝ ուղղված Միջազգային քրեական դատարանի մանդատով սահմանված ուժի անօրինական կիրառման կանխմանը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը երկխոսության շարունակականությանը՝ ուղղված փոխըմբռնման խթանմանը, իրավական շրջանակի ամրապնդմանը և հետագա առաջընթացի ապահովմանը՝ հիմնված միջազգային իրավունքի և միջազգային հանրության լայն աջակցության վրա:
Կարդացեք նաև
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հավելել է, որ ՄՔԴ իրավասության և գործունեության զարգացման ցանկացած գործընթաց պետք է առաջնորդվի Հռոմի կանոնադրության հիմնարար սկզբունքներով և համատեղ հանձնառությամբ՝ կանխելու միջազգային հանրությանը մտահոգող ամենալուրջ հանցագործությունները:
ՀՀ ԱԳՆ