Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է քրեական «պանյատներով» «արդարադատություն» հաստատվում. Աղասի Թադեւոսյանն ու Արտակ Կիրակոսյանը քննարկում են քրեական ենթամշակույթը

Հուլիս 08,2025 17:50

«Քրեական ենթամշակույթը Ռուսաստանում շատ վաղ ձեւավորման պատմություն ունի եւ տարբեր տարիների այն մի քանի փոփոխություններ է կրել: Խոսքը վերաբերում է մասնավորապես 1930-ականներին: Կարելի է ասել, որ դա հետագայում սովետականացվել է: Մինչեւ 1930-ականները Ռուսաստանում կային կրիմինալ խավեր, որոնք բանտային միջավայրերում ունեին իրենց հարաբերությունները կարգավորելու հասկացությունները եւ կանոնները: 30-ականներին հանցագործների մեջ առանձին շերտ կազմող գողերին տրվեց հատուկ կարգավիճակ՝ կարելի է ասել իշխանությունների կողմից»,- Մեդիա կենտրոնում կայացած քրեական ենթամշակույթի թեմայով քննարկման ժամանակ նշեց մշակութային մարդաբան Աղասի Թադեւոսյանը:

Աղասի Թադեւոսյան

«50-ական թվականներին սովետական բանտերում կար «իսկական գող» հասկացությունը, որը ոչ միայն հանցագործության տեսակ էր նշում, այլ նշում էր ստատուսը, որը ամենաբարձրն էր բանտարկյալների մեջ»,-հավելեց նա՝ պատմական էքսկուրս անելով եւ խոսելով հանցագործ շրջանակներում կաստաների մասին:

Արտակ Կիրակոսյան

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արտակ Կիրակոսյանի խոսքով. «Եթե կա որեւէ անապահով միջավայր, որտեղ կոնֆլիկտներ են առաջանում, այդ անապահով միջավայրը ստեղծում է իր ենթամշակույթը, եթե չկա հնարավորություն իրական արդարադատություն ստանալու: Դա կարող է տարբեր ձեւեր, ներքին սիմվոլներ ու հասկացություններ ունենալ, բայց փոքր կոնֆլիկտի ժամանակ մարդկային բանականության փոքր դեգրադացիա է լինում, որոշումները դառնում են ավելի մեխանիկական, բնազդային»:

Աղասի Թադեւոսյանն ընդգծեց, որ անգամ այսօր մեր երկրում կատարվող իրադարձությունների արմատները խորհրդային ժամանակաշրջանում պետք է փնտրել. «Քրեական ենթամշակույթը նախ տարածում էր գտել սոցիալապես անապահով աշխատավորական թաղամասերում , որոնք ամենաանպաշտպանն էին սովետական արդարադատության կողմից…Մարդը կարող էր տուժել, դիմել ոստիկանություն, սակայն մյուսը կաշառք տար, եւ ոստիկանությունը գործը շուռ տար իր վրա, ու ինքը հայտնվեր քաշքշուկների մեջ:

Ու որպեսզի մարդիկ քաշքշուկներից ազատվեին, զոնաներից թաղամասեր եկած կրիմինալ հեղինակությունները առաջարկեցին արդարադատության այն համակարգը, որը գործում էր բանտերում, այսինքն ՝ հարց լուծողի կարգավիճակը վերցրին, որովհետեւ իրենք ունեին այդ «պանյատների» համակարգը, որոնցով բանտերում արդարադատություն էին սահմանում:

Շատ հետաքրքիր էր, որ 90-ականների սկզբին նշածս համակարգը թաղային գործածությունից դուրս եկավ եւ մտավ քաղաքական համակարգ: Ես հիշում եմ, որ 1990թ մայիսյան ընտրություններում արդեն, երբ ՀՀՇ-ն պայքարում էր իշխանության համար, թաղային հեղինակությունները ներձուլվեցին քաղաքականության հետ: Իսկ 1995-95 թվականներից դարձավ նորմալ պրակտիկա՝ թաղային կրիմինալին օգտագործելը քաղաքականության մեջ: Թաղային կրիմինալը հետագայում նաեւ ներհյուսվեց սեփականության, քաղաքական, իշխանական համակարգերի հետ»,-նշեց Աղասի Թադեւոսյանը:

Արտակ Կիրակոսյանի ձեւակերպմամբ, ներկայումս արդարադատության համակարգն ամբողջովին չի աշխատում. «Երբ ստեղծվում է անվտանգության պակասի մթնոլորտ, ձեւավորվում են արխայիկ տիպի կառույցներ, որտեղ դերերը շատ ավելի կարծր են: Ըստ էության, հիմա էլ նույն խնդիրն է, անապահովության զգացումից է գալիս…Պրոբլեմ կա նաեւ Սահմանադրության հետ կապված, որովհետեւ այն շատ արխայիկ բաներ ունի՝ վարչապետը եւ կառավարություն է, եւ իրեն Սահմանադրությամբ ազգային լիդերի պես մի բանի դեր է տրված: Կառավարիչի դերից շատ մեծ դեր է իրեն վերապահում վարչապետը՝ ընդհուպ ազգին կրթողի: Եվ դա միայն իր անձնական խնդիրը չէ, դա համակարգային խնդիր է…»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031