Այսօր Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական նիստը, որին, սակայն, մարզի վեց համայնքապետերից չէր մասնակցում միայն Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Նա Գյումրու քաղաքապետարանից որևէ ներկայացուցիչ չէր էլ ուղարկել։
Մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի ներկայացմամբ, մարզում հուլիսի 1-ի դրությամբ սեփական եկամուտները կատարվել են 89,3 %-ով, կիսամյակում նախատեսված 1 միլիարդ 972 հազար դրամի փոխարեն փաստացի հավաքագրվել է 1 միլիարդ 761 միլիոն դրամի չափով։
Ըստ բանախոսի, հիմնական հարկատեսակներից հիմնականում թերակատարվել են գույքահարկը, փոխադրամիջոցների հարկը։
Կարդացեք նաև
Ամենացածրը անշարժ գույքի հարկն է հավաքագրվել, ամենաբարձրը կատարվել է տեղական տուրքը՝ 126.5 տոկոս։
Նշենք, սակայն, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ 13 միլիոն 182 հազար դրամ ավել գումար է գանձվել, այսինքն՝ 0,8 տոկոսով ավել է կատարվել։
Մարզի գլխավոր ֆինանսիստը սեփական եկամուտների կատարումը ներկայացրեց նաև՝ ըստ մարզի վեց համայնքների։
Արթիկ համայնքը կատարել է 107,5 տոկոս, Անի համայնքը՝ 96,7 տոկոս, Գյումրին՝ 88,1 տոկոս, Աշոցքը՝ 81,4 տոկոս, Ամասիան՝ 79,6 տոկոս, Ախուրյանը՝ 78,5 տոկոս։
ՀՀ պետական բյուջեով մարզի համայնքներին 2025 թվականի առաջին կիսամյակում նախատեսված 5 մլրդ 348 մլն դրամ «Դոտացիան» ամբողջությամբ ֆինանսավորվել է։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ցածր ցուցանիշ ապահոված համայնքապետերից պարզաբանումներ պահանջեց։
Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանը նշեց, որ անշարժ գույքից ու փոխադրամիջոցներից գանձվող հարկերը իրենց մոտ միշտ պակաս է լինում այն պատճառով, որ բնակչության շրջանակում կա արտագաղթ․ մեքենաները գրանցված են, բայց բնակիչները տեղում չեն։ Իսկ անշարժ գույքի համար գանձվող հարկերի պակաս լինելը մեկնաբանեց բնակիչների ծանր ապրելակերպով, ըստ նրա՝ սերմեր են գնել, բայց չեն կարողացել պլանները կատարել։
Ախուրյանի համայնքապետ Զավեն Մանուկյանն էլ նշեց, որ իր գլխավորած համայնքում էլ նույն պատճառներն են, թեև արդեն ժողովրդի մեջ տրամադրություն է փոխվել, չեն խուսափում հարկեր վճարելուց։
«Տարիներ շարունակ, որ մարդիկ ասում էին՝ մուծենք, ի՞նչ անենք, հիմա էլ նման բան չեն ասում»,-ասաց Զավեն Մանուկյանը։
Դավիթ Առուշանյանը, լսելով նրանց պարզաբանումներն, ասաց․ «Նորից նույն բանի մասին պիտի խոսեմ․ ժողովրդի հետ շատ-շատ աշխատանք տարեք, որ նրանք հասկանան․ այն աշխատանքները, որոնք ձեր համայնքներում կատարվում են, հենց իրենց վճարած գումարներով են տեղի ունենում։
Այնպես չէ, որ մենք նավթ ունենք, գազ ունենք, կախարդական փայտիկ ենք գտել։ Արթիկ քաղաքում վերջին շրջայցի ժամանակ միայն 5 դպրոց զրոյից կառուցվում է՝ 7 միլիարդից ավել գումար է։
Երեկ մենք մասնակցել ենք երկու գյուղերի՝ Ղարիբջանյանի ու Գետքի սուբվենցիոն ծրագրով գազաֆիկացման մեկնարկին, 170 միլիոնից ավել գումար է, միայն այդ մի ծրագիրն եմ ասում։ Արթիկ համայնքում մանկապարտեզները, Մարալիկ քաղաքում կենտրոնական փողոցի շինարարություն, դպրոցաշինություն։ Երկու զրոյից սարքվող դպրոցներ կան․․․
Էլ չեմ թվարկում ու թվարկում, թե ինչ աշխատանքներ են ընթանում, այս պահին 500 միլիոնից ավել հաստատված ծրագիր Աշոցքում կա, այն սուբվենցիոն է, մի մասը համայնքի բյուջեից է, որտեղի՞ց է գոյացել, ժողովրդի վճարած հարկերից։
Մենք մեր բնակիչներին պիտի փորձենք մաքսիմում ցույց տալ, որ ժողովուրդ ջան, էն գումարները, որոնք դուք վճարում եք, հետ է գալիս նորից ձեզ։ Երբ որ մարդիկ տեսան այդ ամենը ու զգացին, որ դա այդպես է, կսկսեն ժամանակին վճարել։
Դոտացիաներն էլ բոլոր համայնքներինը կրկնապատկվել է։ Երբ մենք լավ աշխատանք տարանք մեր բնակիչների հետ․․․ Չկա մեր համայնքի 130 բնակավայրերից մի տեղ, որ չունենանք մի ծրագիր, չկա մի գյուղ, որտեղ այս տարիների ընթացքում մի աշխատանք արված չլինի՝ ոռոգում, գազ, ջրամատակարարում, մանկապարտեզ, դպրոց, փողոց»,-ասաց մարզպետը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ