Հասարակությունը «ջերմություն ունի»: Արդյո՞ք դա լավ նշան է
Մեր հասարակության մեջ ագրեսիայի մակարդակն աճում է երկրաչափական արագությամբ: Այդ ագրեսիան արդեն 7 տարի է՝ գեներացնում է իշխանությունը: Թիրախները հայտնի են՝ «նախկիններ», «ղարաբաղցիներ», ռուսներ, «ռսաստրուկներ», հոգեւորականներ: Քանի որ իշխանությունից զրկվելու վտանգը, ըստ ամենայնի, մեծացել է, իշխանավորների ագրեսիվության աստիճանը գնալով բարձրանում է, իսկ հռետորաբանությունն ուղեկցվում է ընդդիմախոսների դեմ ռեպրեսիաներով: Իշխանության կողմնակիցները չեն խնայում անգամ Բաքվում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին:
Այնպես չէ, իհարկե, որ ընդդիմության բառապաշարը զուսպ է եւ մնում է զուտ քաղաքական բանավեճի շրջանակներում: Ես դեմ եմ, որ քաղաքական գործիչները եւ առավել եւս՝ հոգեւորականները, նույնիսկ հեռախոսով, նույնիսկ մասնավոր զրույցներում խոսեն «գյուլլելու» մասին: Ուրիշ հարց, որ դրան, կարծում եմ, դժվար կլինի «կպցնել» ռազմական հեղաշրջումը: Բայց վակխանալիան հրահրողը, հասարակությունը պառակտողը, ագրեսիայի մակարդակը բարձրացնողն, անշուշտ, իշխանությունն է՝ վարչապետի գլխավորությամբ:
Փաստ է, մի խոսքով, որ մենք, անկախ նրանից, թե «ում կողմից ենք», գնալով դառնում ենք ավելի նյարդային, ավելի անհանդուրժող, ավելի ագրեսիվ: Մենք խրվում ենք մեղքերի մեջ: Ի՞նչ պետք է հակադրել դրան:
Կարդացեք նաև
Պողոս առաքյալն ասում է. «Մինչ այդ, Օրենքի գալով, հանցանքը շատացավ: Մյուս կողմից՝ որտեղ մեղքը շատացավ, այնտեղ Աստծու շնորհն ավելի առատացավ» (Հռոմեացիներին, 5:20): Մեկ այլ թարգմանությամբ՝ «Բայց օրենքը մեջտեղ եկավ, որպեսզի հանցանքները բազմանան, որովհետեւ, ուր որ մեղքը շատացավ, շնորհն առավել եւս շատացավ»:
Չնայած այդ երկու տարբերակների շեշտադրումները տարբեր են, եւ «որովհետեւ»-ն ու «մյուս կողմից»-ը նույնը չեն, բայց հիմնական իմաստն անփոփոխ է: Աստծո Օրենքը տրված է նրա համար, որ մարդիկ գիտակցեն իրենց մեղքերի քանակն ու աստիճանը: Բայց, ի պատասխան այն փաստի, որ մեր մեղքերը շատանում են (գիտակցվելու պատճառով), Աստվածն ավելացնում է իր շնորհը: Ինչի համար է դա արվում, պարզ է. որ մեզ հնարավորություն տա փրկվելու, ազատվելու մեղքերից: Այլ կերպ ասած, որքան էլ մեծ լինի մեղքը, Աստծո շնորհն ավելի մեծ է, ավելի ուժեղ է:
Կանգ առնելը, ապաշխարելը եւ ներելը երբեք ուշ չէ՝ այդ դուռն Աստված միշտ բաց է պահում: Բայց՝ միայն այդ հերթականությամբ՝ կանգ առնել – ապաշխարել – ներել: Եթե մեկն ընդունում է իր մեղքը, եթե մտատանջություններ, կասկածներ ունի, ուրեմն՝ մարդ է, եւ այդ դուռն իր համար բաց է: Իսկ կան ոմանք, որոնք սարսափելի չարագործություններ են արել, բայց շարունակում են հպարտ կեցվածքով հոխորտալ: Նրանք, այդպիսով, չեն օգտվում Աստծո շնորհներից, բաց են թողնում այդ հրաշալի հնարավորությունը: Թող որ նրանք պալատներում եւ ոսկիների մեջ լինեն, այդ մարդկանց կարելի է կարեկցել:
Այո, հասարակության «ջերմաստիճանը բարձրանում է»: Բայց եթե հասարակությունը համեմատենք մարդկային օրգանիզմի հետ, ապա բարձր ջերմություն ունենալն ունի նաեւ իր դրական կողմը: Մենք հիմա հիվանդ ենք, եւ եթե գիտակցենք այդ հիվանդությունը, ապա կարող ենք կանգնել բուժման ճանապարհին: Իսկ հիվանդությունից դուրս եկած մարդիկ երբեմն ավելի իմաստուն են դառնում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.07.2025