Լրահոս
Օրվա լրահոսը

Գագաթնաժողով հայկական Ստեփանակերտում. Էրդողանը բացեց «Զանգեզուրի» թեման

Հուլիս 09,2025 12:00

Սառը ցնցուղ Փեզեշքիանից

Հուլիսի 4-ին Ստեփանակերտում հավաքվել էին Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի մասնակիցները: Կազմակերպությունը հիմնադրվել է 1985-ին՝ Իրանի, Պակիստանի եւ Թուրքիայի ղեկավարների կողմից, ԽՍՀՄ փլուզումից հետո, 1992-ին կազմակերպությանն անդամակցել են նաեւ Աֆղանստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը։ Ստեփանակերտ էին ժամանել Ուզբեկստանի նախագահը, ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում Հայաստանի ռազմական ու տնտեսական դաշնակիցներ Տաջիկստանի եւ Ղրղըզստանի առաջնորդները, Պակիստանի վարչապետը, Կիպրոսի թուրքական օկուպացված հատվածի ղեկավարը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին Ֆիզուլիի օդանավակայանում ողջունեց պատվո պահակախումբը:

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին եւս օդանավակայանում ողջունեց պատվո պահակախումբը: Գագաթնաժողովից հետո, ի դեպ, Փեզեշքիանը Ալիեւի հետ Շուշիում էր։ Ադրբեջանական լրատվականները ցուցադրում էին տեսանյութեր, թե նրանք ինչպես են ադրբեջաներեն զրուցում։ Ալիեւը Փեզեշքիանին պատմում էր, թե ինչպես են հայերն իբր «Շուշիում 17 մզկիթներից 16-ը քանդել…»։

Անգամ ադրբեջանամետ քարոզչությամբ հանդես եկեղ ռուսաստանցի լրագրող Մաքսիմ Շեւչենկո էր այս առիթով գրել, որ սա «պատմական առաջընթաց է» ու հավելել էր, թե ամենահետաքրքիրն այն է, որ իրանցիները մինչեւ 2020-ը այցելել են ե՛ւ Արցախ, ե՛ւ Շուշի, իսկ Ստեփանակերտի հյուրանոցներում պարսկերենով արձանագրություններ կային։ Ապա նա նշել էր, որ անգամ հայտնի էր, որ Շուշիի գլխավոր մզկիթը թեթեւակիորեն վերանորոգվել էր հենց իրանցիների միջոցով։ Այնուհետեւ Շեւչենկոն եզրակացրել էր, որ իրանցիներն, ըստ ամենայնի, գիտակցել են, որ «իրենք են Ադրբեջանին մղել իսրայելական լոբբիի գիրկը ու իրենց համար բազմաթիվ խնդիրներ ստեղծել… Ադրբեջանի եւ Իրանի միջեւ նորմալ հարաբերությունների վերականգնումը ժամանակի պահանջն է։ Սակայն իսրայելական լոբբին կդիմադրի դրան»։

Ալիեւը հիշեց «Հայաստանից արտաքսված արեւմտյան ադրբեջանցիների վերադարձի» թեման

Ստեփանակերտի գագաթնաժողովում Ալիեւը առիթը բաց չթողեց Հայաստանին հերթական պահանջները ներկայացնելու։ Նա նշել է, թե այժմ մեծ կարեւորություն է ստանում «Հայաստանից արտաքսված արեւմտյան ադրբեջանցիների վերադարձը»: Ելույթի զգալի մասը նվիրելով Հայաստանին՝ Ալիեւը հիշեցրել է օրեր առաջ Ստամբուլում անցկացված Իսլամական համագործակցության կազմակերպության բանաձեւերը, որոնցում Երեւանին կոչ էր արվում կատարել Բաքվի պահանջները: «Մենք բարձր ենք գնահատում կազմակերպության նախարարների խորհրդում բոլոր 57 անդամ պետությունների կողմից աջակցվող միաձայն բանաձեւի ընդունումը, որը վերահաստատում է Հայաստանից բռնի արտաքսված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը։ Այս բանաձեւի հետ մեկտեղ, ժամանակակից Հայաստանի տարածքից բռնի վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը հաստատվում է նաեւ Նախարարների խորհրդի նիստից հետո ընդունված «Ստամբուլի հռչակագրով»։ Հռչակագիրը նաեւ դատապարտում է Հայաստանի հրաժարումը Արեւմտյան Ադրբեջանի համայնքի հետ երկխոսություն սկսելուց», շեշտել է Ադրբեջանի նախագահը:

Հիշեցնենք, որ պաշտոնական Երեւանը խեղաթյուրված եւ ծայրահեղ միակողմանի էր որակել Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի ընդունած հռչակագիրը եւ այլ փաստաթղթեր՝ իր հիասթափությունն արտահայտելով դրանց կապակցությամբ: Իսկ համատեղ փաստաթղթերին միացած պաշտոնական Թեհրանն էլ պոստ-ֆակտում հայտարարեց, թե փաստաթղթերում «Արեւմտյան Ադրբեջանի» մասին հիշատակումներն Իրանի սրտով չեն, նման արտահայտությունները կարող են աշխարհաքաղաքական փոփոխությունների ցանկություն առաջացնել, ինչը կառուցողական չէ։ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչն ընդգծել էր, որ Ստամբուլի հավաքի ժամանակ ընդունած հայտարարության մեջ տեղ գտած որոշ ձեւակերպումներ, բառեր եւ բառակապակցություններ պաշտոնական Թեհրանը չի պաշտպանում:

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, սակայն, հուլիսի 4-ին Ստեփանակերտում որեւէ առարկություն չներկայացրեց, երբ Ալիեւը մի քանի անգամ խոսեց «Արեւմտյան Ադրբեջանի մասին»: «Արեւմտյան ադրբեջանցիների՝ իրենց նախնիների հողեր՝ Հայաստան, խաղաղ վերադարձն ապահովելու ջանքերը կշարունակվեն նաեւ ապագայում», ասել էր Ալիեւը: Ահա, նա պատմում էր, թե ինչպես է Ադրբեջանը ուժով վերականգնել տարածքային ամբողջականությունը։

Ի դեպ, Ալիեւը որեւէ խոսք չասաց շուրջ չորս ամիս ստորագրմանը սպասող հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մասին՝ փոխարենը ներկայացրեց հաշվարկներ. «Հանձնաժողովը, որի կազմում են պետական մարմինների ներկայացուցիչներ եւ օտարերկրյա փորձագետներ, գնահատել է օկուպացիայի հետեւանքով Ադրբեջանին պատճառված վնասը՝ մոտ 150 միլիարդ դոլար»: Ալիեւը գործընկերների առջեւ Հայաստանին կրկին մեղադրեց 1 միլիոնից ավելի ականներ տեղադրելու համար՝ պնդելով, թե պատերազմից հետո հարյուրավոր ադրբեջանցիներ են զոհվել ու վիրավորվել: Թեեւ Երեւանը տրամադրել է ականապատման քարտեզները, Բաքուն դժգոհում է, որ դրանք թերի են:

Ի դեպ, ստեփանակերտյան հավաքից մեկ օր անց Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալաշուքյուր Փաշազադեն լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ «վերջերս վերականգնված Իրեւանի Ղազիաթը» կսկսի գործել, ադրբեջանցիներն էլ «կգնան այդ տարածքներ` վերականգնելու տաճարները, սրբավայրերը, մզկիթները, որտեղ կգործեն կրոնական գործիչները»։

Անկարան ակնկալում է հայ-ադրբեջանական համաձայնագիր, որը՝ «կբավարարի Բաքվի օրինական պահանջները»

Թուրքիան ակնկալում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կստորագրվի համաձայնագիր, որը կբավարարի Բաքվի օրինական պահանջները, Ստեփանակերտում հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը։ Էրդողանը հավելել է, որ հետեւում է երկու երկրների միջեւ խաղաղության բանակցությունների ընթացքին։ Իր ելույթում Թուրքիայի նախագահը նաեւ ասել է, թե Ստեփանակերտը Կովկասի զարգացման նոր կենտրոնն է դառնալու:

Հարկ է նկատել, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի անձնակազմն այդ օրերին Թուրքիայում մասնակցում էր «Անատոլիական արծիվ-2025» միջազգային զորավարժություններին։ Ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «ադրբեջանցի ռազմական օդաչուները խմբային թռիչքների ընթացքում օդային հետախուզություն, օդային գերազանցություն, պայմանական թիրախների ոչնչացում եւ այլ առաջադրանքներ են իրականացրել»։ Վարժանքներին մասնակցել են նաեւ Հունգարիայի, Հորդանանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչներ։

Էրդողանի «զանգեզուրյան» թափանցիկ ակնարկը

Չնայած սկզբում Հայաստանը դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», այժմ այն ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում տնտեսական ինտեգրացիային մասնակցելու հարցում, այս մասին Ստեփանակերտից վերադառնալիս` լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացի դիվանագիտական հիմքն արդեն ձեւավորվել է, եւ խաղաղության համաձայնագրի վերջնական տեքստը համաձայնեցվել է Բրյուսելում, Մոսկվայում եւ Թբիլիսիում 2024թ. վերջին կայացած բանակցություններում։

«Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կբացի ոչ միայն Ադրբեջանի եւ Հայաստանի, այլեւ Թուրքիայի, Իրանի եւ այլ երկրների համար»,- շեշտել է Էրդողանը։ «Զանգեզուրի միջանցքը», նրա խոսքով, կրում է ոչ միայն աշխարհաքաղաքական, այլեւ աշխարհատնտեսական նշանակություն։ «Միջանցքը նոր թափ կհաղորդի Միջին ճանապարհին։ Թուրքական ապրանքները կկարողանան ավելի արագ հասնել Կենտրոնական Ասիա եւ Չինաստան, իսկ Եվրոպայից Չինաստան բեռները կանցնեն Թուրքիայով»,- նշել է Էրդողանը։ Նա նաեւ շեշտել է՝ «Զանգեզուրի ճանապարհի երկաթուղային բաղադրիչի» կարեւորությունը՝ ընդգծելով, որ այն կարեւոր դեր կխաղա բեռնափոխադրումների գործում։ Թուրքիայի նախագահի փոխանցմամբ՝ երթուղին կանցնի Իգդիրով եւ կկապվի Նախիջեւանի հետ։ Նա վստահություն է հայտնել, որ սա կարեւոր քայլ կհանդիսանա տրանսպորտային լոգիստիկայի զարգացման գործում։

Էրդողանը նաեւ ընդգծել է, որ Կարս-Իգդիր-Նախիջեւան երկաթուղու եւ Ղարաբաղում իրականացվող նախագծերը կդառնան ավելի արդյունավետ միջանցքի բացումից հետո։ Նրա խոսքով՝ «աշխարհը փոխվում է, եւ դա պահանջում է նոր լուծումներ եւ տնտեսական ներուժի ակտիվացում»։ Եզրափակելով՝ Թուրքիայի նախագահը նշել է. «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կփոխի տարածաշրջանում մթնոլորտը։ Մենք կտեսնենք, թե ինչպես կբացվեն նոր պատմական հնարավորություններ՝ հաշտեցումից հետո»։

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքեց Էրդողանի վերոնշյալ հայտարարությանը: «Հայաստանը եղել եւ մնում է շահագրգռված տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման եւ տնտեսական զարգացման մեջ: Այդ ըմբռնումով է, որ ՀՀ-ն հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ եւ դրան համահունչ առանձին գաղափարներով, լուծումներով, կառուցողական առաջարկներով։ Մեր կարծիքով, դրանք կարող են փոխշահավետ արդյունքներ ապահովել ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ ավելի լայն աշխարհագրությամբ հաղորդակցությունների ցանցի զարգացմամբ հետաքրքրված գործընկերների համար: Ինչպես նախկինում, այժմ եւս տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ՀՀ տեսլականը խարսխված է հիմնարար սկզբունքների՝ ինքնիշխանության, կապուղիների նկատմամբ ազգային իրավազորության վրա, եւ ինչպես հայտնի է, չի ենթադրում այլ տրամաբանություն։ Շահագրգիռ գործընկերների հետ քննարկումները շարունակվում են», «Արմենպրես»-ին ասել էր ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

Միջազգային մամուլը՝ Փաշինյան-Ալիեւ հնարավոր մոտալուտ հանդիպման մասին, եւ ոչ միայն

Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ սրված հարաբերությունների պայմաններում, ինչպես նաեւ Հարավային Կովկասում տարածաշրջանային կայունացման նկատմամբ միջազգային հետաքրքրության աճի ֆոնին, տեղեկություններ են շրջանառվում Փաշինյան-Ալիեւ հանդիպման եւ խաղաղության համաձայնագրի ստորագրելու հնարավորության մասին։

Բրիտանական Middle East Eye պարբերականի հրապարակման համաձայն՝ ենթադրվում է, որ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը կարող է տեղի ունենալ արդեն հուլիսի վերջին՝ Արաբական Միացյալ Էմիրություններում։ Նշվում է, որ Դուբայում բանակցություններ կազմակերպելու նախաձեռնությունը գալիս է երրորդ կողմից, եւ բրիտանական պարբերականի դիվանագիտական աղբյուրները չեն բացառել անգամ, որ քննարկումը կարող է անցնել փաստաթղթի ստորագրման փուլ։

Հատկանշական է, որ խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքի ավարտի մասին տեղեկատվությունները, ըստ պարբերականի, հրապարակային ձեւով կողմերը հաստատել են։ Սակայն հոդվածում հիշեցնում են, որ Բաքուն հստակորեն նշել է երկու հիմնական պայման, առանց որոնց համաձայնագիրը ուժի մեջ չի մտնի, դրանք են՝ Հայաստանի հրաժարումը իր Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջներից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։

Ինչ վերաբերում է Դուբային, ապա ըստ հեղինակի, այն ունի անհրաժեշտ քաղաքական չեզոքություն, դիվանագիտական ճկունություն եւ խորհրդանշական արժեք երկու պետությունների համար էլ: Բացի այդ, Միացյալ Արաբական Էմիրությունները ձգտում է դիրքավորվել որպես աշխարհաքաղաքական միջնորդ:

Այսպես, փորձագետները ակտիվորեն քննարկում են Միջին միջանցքի շուրջ ԱՄՆ-ի հետաքրքրության թեման, նկատելով, որ տրանսպորտային հաղորդակցությունների ճակատագիրը մնում է Հարավային Կովկասում չլուծված հիմնական հարցը. «Միջին միջանցքը», որը կարող է այլընտրանք դառնալ Ռուսաստանից անցնող ճանապարհներին՝ կապելով Չինաստանը Եվրոպայի հետ՝ Կենտրոնական Ասիայի, Կասպից ծովի ու Հարավային Կովկասի միջոցով, ինչն ահռելի նշանակություն է ստացել հատկապես Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի հարձակումից հետո: Նաեւ նկատում են, թե այդ ճանապարհի մի մասը տեսականորեն կարող է անցնել Հայաստանի տարածքով՝ կապելով Թուրքիան Ադրբեջանի, այնուհետեւ Կենտրոնական Ասիայի հետ, որտեղ Անկարան հատուկ հետաքրքրություն ու շահեր ունի։ Իսկ սա, ըստ էության, նշանակում է «Զանգեզուրի միջանցքի» բացում՝ Հայաստանի միջով, որը Թուրքիան եւ Ադրբեջանը պատկերացնում են Մեծ Թուրանի ճանապարհին։

Ի դեպ, օրերս Ալիեւը վստահեցրել է, որ առկա են Միացյալ Նահանգներ-Ադրբեջան գործընկերությունն ընդլայնելու եւ որակապես նոր մակարդակի հասցնելու լավ հնարավորություններ։ «Ես կարծում եմ, որ մեծ ներուժ կա փոխշահավետ համագործակցության զարգացման համար առեւտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, արդյունաբերության, ավիացիայի, բարձր տեխնոլոգիաների, ներդրումների եւ այլ կարեւոր ոլորտներում», – ասված է ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին Ալիեւի հղած ուղերձում:

Հայ-թուրքական շփումներ

Հարկ է նկատել, որ Ստեփանակերտում կայացած գագաթնաժողովից օրեր առաջ Ստամբուլում` «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակներում Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել էր Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ։ ՏԿԵ նախարարությունը հայտնել էր, որ այս հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորություններն ու երկրների միջեւ հնարավոր համագործակցության հեռանկարները։ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Ուրալօղլուն իր հերթին սոցիալական ցանցերում գրել էր. «Մենք քննարկել ենք Հայաստանի հետ երկկողմ եւ տարածաշրջանային տրանսպորտային նախագծեր»։

Հայտնի է, որ Դավիթ Խուդաթյանը Ստամբուլում հանդիպել էր նաեւ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալափարսլան Բայրաքթարի հետ։ Վերջինս X-ի իր միկրոբլոգում հայտնել էր, որ հայ գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկել են Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցության հնարավորությունները։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.07.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031