Կարելի է լինել ազգայնական կամ ազատական, Հայաստանի ապագան տեսնել ԵԱՏՄ-ում կամ ԵՄ-ում, կարելի է լինել նախագահական կամ խորհրդարանական համակարգի ջատագով, լինել հավատացյալ, ագնոստիկ կամ աթեիստ: Դա քաղաքականության, գաղափարախոսության կամ համոզմունքների խնդիր է: Բայց կան հարցեր, որոնք այդ ամենի հետ կապ չունեն:
Կան ինչ-որ մարդկային «կարմիր գծեր», որոնցից անցնելն այլեւս բացառում է ցանկացած բանավեճ: Իհարկե, այդ սահմանները ոչ մի տեղ գծված չեն՝ դրանք անհատի ինտուիցիաներն են՝ պատկերացումներ, որոնք կարող են եւ չունենալ տրամաբանական բացատրություններ:
Ես, օրինակ, չեմ կարող ասել, թե ինչու եմ սխալ համարում փնովել, պիտակավորել, ծաղրուծանակի ենթարկել մարդկանց, որոնք քիչ է՝ անազատության մեջ են, նաեւ գտնվում են թշնամու գերության մեջ: Ինձ համար կարեւոր չէ, թե ինչ են նրանք արել նախկինում եւ ով ինչպես է նրանց վերաբերվում: Բայց մեր հասարակության ստվար զանգվածի համար դա նշանակություն ունի՝ եթե «ռուսամետ» են, ուրեմն թող խոշտանգվեն:
Կարդացեք նաև
Ինձ համար անընդունելի է կնոջ հետ կոպիտ վարվելակերպը՝ խոսքով եւ առավել եւս՝ ֆիզիկապես: Անկախ նրանից՝ խոսքն ընդդիմադիր պատգամավորի օգնականի, թե Փաշինյանի քաղաքական ծրագրերն իրագործող գլխավոր դատախազի մասին է: Ես կարող եմ, իհարկե, որոշակի հիմնավորումներ բերել, թե ինչու կանանց հետ պետք է ավելի նուրբ վարվել, քան տղամարդկանց հետ: Բայց բացառված չէ, որ «գենդերային ակտիվիստներն» ինձ հետ չհամաձայնեն:
Անմեղության կանխավարկածն, իհարկե, իրավական նորմ է: Բայց զուտ մարդկայնորեն համաձայն չեմ, երբ որեւէ մեկին անվանում են «հանցագործ», «ահաբեկիչ», «մարդասպան» կամ «հեղաշրջման ծրագիր մշակող»՝ չունենալով լուրջ փաստացի հիմք: Մանավանդ, որ Հայաստանի պայմաններում ես այս գործերում չեմ վստահում ո՛չ քննչական մարմիններին, ո՛չ դատախազին, ո՛չ էլ դատարաններին:
Չէի վստահում այն ժամանակ, երբ ազատազրկվում էր Նիկոլ Փաշինյանը, չեմ վստահում նաեւ հիմա:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հաւանաբար կան նաեւ մի քանի հայեր, որոնք մտածում են որ՝ երանի թէ այդ մարտական գործողութիւններու ծրագիրները իսկական ու իրական լինէին, եւ այդ պարագային, ափսոս որ կանխուեցան:
Ստորագրեալը անշուշտ խստիւ կը դատապարտէ այդպիսի անընդունելի մտածումներ:
Հայդուկ Շամլեան