Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԱՀԿ Մինսկի խմբից շատ ավելին կարելի էր ստանալ, եթե ԱՄՆ-ն ավելի շատ եռանդ ներդներ»․ քրիստոնեական կազմակերպության նախագահ

Հուլիս 09,2025 00:12

«Որո՞նք են տարածաշրջանում Միացյալ Նահանգների հիմնական հետաքրքրությունները։ Համառոտ՝ դրանք երեքն են։ Առաջինը՝ նվազեցնել Ռուսաստանի եւ Իրանի ազդեցությունը, եւ դա փոխարինել ԱՄՆ-ի եւ իր դաշնակիցների ազդեցությամբ․․․Երկրորդը՝ բացել  տրանսպորտային կապուղիները դեպի Կենտրոնական Ասիա․․․Մյուսը՝ կրոնական ազատությունն է, որը մարդու հիմնարար իրավունք է»։

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսում «Լեռնային Ղարաբաղում խաղաղության շվեյցարական նախաձեռնության» վերաբերյալ քաղաքական բրիֆինգի ժամանակ այսպիսի մեկնաբանությամբ է հանդես եկել Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ Դոկտոր Ջոն Էյբները։

Էյբները թվարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլերը՝ 90-ականների առաջին պատերազմից եւ հայերի էթնոկրոնական զտումներից մինչեւ 2020 թվականի երկրորդ պատերազմ, Արցախի շրջափակում եւ 2023-ի էթնոկրոնական զտում։

Ըստ Էյբների՝ ամերիկյան իշխանությունները 1992-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում բավարար ակտիվություն չեն ցուցաբերել՝ հավաստիացնելով միայն, որ Վաշինգտոնը կընդունի հակամարտության լուծման այն տարբերակը, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար։

«ԵԱՀԿ Մինսկի խմբից շատ ավելին կարելի էր ստանալ, եթե ԱՄՆ-ն ավելի շատ եռանդ ներդներ», – ընդգծեց բանախոսը։

Նա հիշեցրեց, թե ինչպես ԼՂ վերջնական հայաթափման գործողության մեկնարկից ընդամենը հինգ օր առաջ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը հայտարարեց՝ ԱՄՆ-ն չի հանդուրժի ԼՂ ժողովրդի էթնիկ զտումը, բայց «Ադրբեջանը անպատժելիության մթնոլորտում էթնոկրոնական զտում իրականացրեց, Միացյալ Նահանգներն էլ հանդուրժեց դա»։

Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահը կարեւորել է արցախցիների վերադարձի իրավունքի իրացումը՝ շեշտելով «Լեռնային Ղարաբաղում խաղաղության շվեյցարական նախաձեռնությանը» ԱՄՆ աջակցության կարիքը։

Դոկտոր Ջոն Էյբները հիշեցրեց հալածված քրիստոնյաներին սատար կանգնելու նախագահ Դոնալդ Թրամփի հանձնառության մասին։

Համատեքստ

Հիշեցնենք․ 2024 թվականի դեկտեմբերի 17-ին Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային Ժողովի ստորին պալատը՝ Ազգային Խորհուրդը, բանաձեւ էր ընդունել՝ Դաշնային խորհրդին կոչ անելով միջազգային համաժողով կազմակերպել՝ ԼՂ հայերի անվտանգ վերադարձի հարցը քննարկելու համար։

Արդեն 2025 թվականի մարտի 18-ին Դաշնային Ժողովի վերին պալատը՝ Կանտոնների Խորհուրդը, նույնաբովանդակ նախագծով հանդես եկավ։

Նախաձեռնության նպատակներն ի կատար ածելու համար մայիսին իր գործունեությունը մեկնարկեց այդ նպատակով ձեւավորված պատգամավորական միջկուսակցական հանձնախումբը։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031