Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս նախաձեռնությունը հատկացնում է չեզոք վայր, որտեղ լռակյացների ձայները լսելի կլինեն»․ Վարդան Օսկանյանը՝ շվեյցարական նախաձեռնության մասին

Հուլիս 09,2025 11:00

«Այն տարածքը, որից նրանք (արցախցիները – Ա․Ա․) տեղահանվել են, մի տարածք է, որը երբեւէ Ադրբեջանի մաս չի կազմել։ Դա տարածք է, որը դարեր շարունակ բնակեցված է եղել հայերի կողմից, նրանց նախնիների կողմից»:

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսում «Լեռնային Ղարաբաղում խաղաղության շվեյցարական նախաձեռնության» վերաբերյալ քաղաքական բրիֆինգի ժամանակ այսպես է իր ելույթը սկսել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը, որը 1998-2008թթ․ զբաղեցրել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը։

«Վերջին 30 տարիների ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի հայերն այդ տարածքի վրա օժտված են եղել լիարժեք ինքնակառավարմամբ եւ ժողովրդավարական կենցաղով», – շեշտել է Վարդան Օսկանյանը։

Օսկանյանի խոսքով՝ նա անցյալի մասին չի խոսում անցյալի շուրջ խորհելու համար, այլ ի ցույց դնելու համար այն, որ «Լեռնային Ղարաբաղի հայության տունդարձի պահանջը պատրանք չէ։ Այն հիմնված է պատմության, իրավունքի եւ արդարության վրա»։

 

«Նրանք պարզապես ցանկանում են տուն վերադառնալ»

ՀՀ նախկին գլխավոր դիվանագետը միեւնույն ժամանակ ընդգծել է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ու ղեկավարությունը «շատ պրագմատիկ են, շատ իրատեսական»։

«Նրանք հաշտվում են գետնի վրա գոյություն ունեցող իրականության հետ։ Նրանք ճանաչում են աշխարհաքաղաքական նոր իրավիճակը, այդ թվում՝ Բաքվի եւ Երեւանի միջեւ նոր դինամիկան», – հայտնել է Օսկանյանը: «Նրանք չեն ցանկանում ուժի կամ պատրանքների միջոցով վերականգնել նախկին ստատուս քվոն։ Նրանք պարզապես ցանկանում են տուն վերադառնալ»,- պարզաբանեց նա եւ առաջնային խնդիր համարեց արցախցիների ապահով եւ արժանապատիվ վերադարձը երաշխավորող պայմանների ստեղծումը։

 

Հակամարտությունն ավարտված չէ

Վարդան Օսկանյանն իր խոսքում ընդունեց Ադրբեջանի ռազմավարական կարեւորությունը Արեւմուտքի համար՝ մատնանշելով Ադրբեջանի կարգավիճակը որպես էներգետիկ այլընտրանք։

Այս համատեքստում դիվանագետը շեշտեց՝ արցախցիների վերադարձի արտոնումը չի կարող դիտվել որպես քաղաքական զիջում, քանի որ «վերադարձի իրավունքը իրավական եւ բարոյական պարտավորություն է՝ ամրագրված ՄԱԿ կոնվենցիաներով եւ Միջազգային մարդասիրական իրավունքով։

Անդրադառնալով պնդումներին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է՝ Վարդան Օսկանյանը դա վտանգավոր թեզ որակեց եւ պնդեց, որ այն խարխլում է միջազգային իրավունքի հիմքերը։

Նա հիշեցրեց Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի որոշման մասին, ըստ որի՝ Ադրբեջանը չպետք է խոչընդոտի Լեռնային Ղարաբաղ վերադառնալ ցանկացողներին։

«Արդարադատության միջազգային դատարանի որոշումը պարարտ հող է Միացյալ Նահանգների համար, որպեսզի այն քայլեր ձեռնարկի։ Եթե Ադրբեջանը շարունակի անազատության մեջ պահել պատանդներին, որոնք անարդարորեն ձերբակալվել են եւ տեղափոխվել Բաքվի բանտ, եթե Ադրբեջանը շարունակի սպառնալիքներ ներկայացնել հայկական տարածքների նկատմամբ, եթե Ադրբեջանը շարունակի խուսափել Ղարաբաղի հայության հետ նրանց վերադարձին ուղղված բանակցություններ վարելուց, ես կարծում եմ, որ ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի, օրինակ՝ պատժամիջոցներ», – հայտարարել է նա՝ հավելելով, որ այլ միջոցներ եւս հասանելի են՝ առաքելությունների հիմնում Լեռնային Ղարաբաղում կամ հակամարտության հարցով հատուկ դեսպանի նշանակում։

Ինչպես մյուս բանախոսները, ՀՀ նախկին արտգործնախարարը եւս կարեւորել է «Լեռնային Ղարաբաղում խաղաղության շվեյցարական նախաձեռնությանը» ամերիկյան աջակցությունը։

 

Շվեյցարական նախաձեռնությունը՝ լավ հնարավորություն

 

Օսկանյանը շվեյցարական նախաձեռնությունը լավ հնարավորություն է համարում բանակցելու եւ արցախցիների վերադարձի իրավունքն իրացնելու համար։

«Այս նախաձեռնությունը հատկացնում է չեզոք վայր, որտեղ լռակյացների ձայները լսելի կլինեն, որտեղ ադրբեջանցի ներկայացուցիչները եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները կարող են մեկ սեղանի շուրջ նստել եւ առաջ գնալու, տուն հասնելու ճանապարհ փնտրել», – ելույթը եզրափակեց Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը։

 

Այլ մանրամասներ

Վարդան Օսկանյանի ելույթից հետո Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչը հիշեցրեց արցախցիների վերադարձի, հայ պատանդների ազատ արձակման եւ հայկական քրիստոնեական պատմամշակութային ժառանգության ոչնչացման կանխման վերաբերյալ կոնգրեսականների կողմից պետքարտուղար Մարկո Ռուբիոյին նամակ հղելու խնդրագրի մասին։

Խնդրագրին միանալ կարող են ԱՄՆ քաղաքացիները՝ մինչեւ հուլիսի 11-ը կապվելով Կոնգրեսում իրենց ներկայացուցիչների հետ՝ նամակի կամ հեռախոսազանգի տեսքով կոչ անելով մասնակցել պետքարտուղար Ռուբիոյին նամակ հասցեագրելու կոնգրեսական նախաձեռնությանը։

Համատեքստ

Հիշեցնենք․ 2024 թվականի դեկտեմբերի 17-ին Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային Ժողովի ստորին պալատը՝ Ազգային Խորհուրդը, բանաձեւ էր ընդունել՝ Դաշնային խորհրդին կոչ անելով միջազգային համաժողով կազմակերպել՝ ԼՂ հայերի անվտանգ վերադարձի հարցը քննարկելու համար։

Արդեն 2025 թվականի մարտի 18-ին Դաշնային Ժողովի վերին պալատը՝ Կանտոնների Խորհուրդը, նույնաբովանդակ նախագծով հանդես եկավ։ 

Նախաձեռնության նպատակներն ի կատար ածելու համար մայիսին իր գործունեությունը մեկնարկեց այդ նպատակով ձեւավորված պատգամավորական միջկուսակցական հանձնախումբը։ 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031