«Հրապարակի» զրուցակիցը Երեւանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանն է:
– Արդեն մոտ մեկ ամիս է՝ Հայաստանում ռեպրեսիվ գործողություններ են տեղի ունենում: Սկզբում ՀԱԵ հոգեւորականներին եւ կաթողիկոսին էին հայհոյում, ապա Սամվել Կարապետյանին հայտարարության համար կալանավորեցին, ՀԷՑ-ը պետականացնելու պրոցես է սկսվել: Բագրատ եւ Միքայել սրբազաններն են կալանքի տակ: Այսօր Ազգային ժողովը համաձայնություն տվեց, որ պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվի, խուզարկություններ եղան «Տաշիր» ընկերության գլխավոր գրասենյակում եւ պիցցերիաներում: Կան բերման ենթարկվածներ: Այս իրավիճակին ի՞նչ անուն կտաք:
– Իրավական տեսանկյունից անհնար է մեկնաբանել այս պրոցեսները: Ինչու․ որովհետեւ քրեական դատավարության եւ, առհասարակ, առկա օրենսդրության մեջ չեն տեղավորվում: Այն, ինչ տեղի է ունենում այժմ, տեղի է ունենում վարչապետի աթոռը զբաղեցնող անձի կողմից իշխանական աթոռն ամեն գնով պահելու մոլուցքի պատճառով, այլեւս ոչ մի սահմաններ չեն ճանաչում:
– Իշխանությունը ձայնագրություններ է հրապարակել, օրինական զենքեր են հայտնաբերել եւ պնդում են, թե Բագրատ սրբազանը զինված հեղաշրջում էր նախատեսել, կանխել են: Սրանք իրավական պրոցեսներ չե՞ն:
Կարդացեք նաև
– Իշխանությունն ամեն ինչ իրար է խառնել եւ փորձում է ամեն ինչ նույնացնել, հասարակության մոտ տպավորություն ստեղծելու համար, որ այս քրեական հետապնդումները փոխկապակցված են, մինչդեռ դրանք իրարից տարբեր գործեր են: Եվ այս ամենն արվում է դիտավորյալ: Կոնկրետ Սամվել Կարապետյանի նկատմամբ այս ողջ գործընթացը, խոսքը ոչ միայն Կարապետյանին կալանքի տանելու մասին է, այլեւ, օրինակ, ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակի, ընտանիքի անդամների հանդեպ արվող քայլերի եւ այլն, այն, ինչ տեղի է ունենում, ոչ մի կապ չունի իրավունքի եւ իրավաբանության հետ: Այս պրոցեսները Նիկոլի ներքին վախերով պայմանավորված մեծագույն խայտառակություն են: Հասարակության մոտ փորձում են տպավորություն ստեղծել, թե իբրեւ վերջին բոլոր դեպքերը նույնական են, բայց դրանք նույնական գործեր չեն, պետք է միմյանցից տարանջատել: Ինչո՞ւ են վերջին շրջանում ռեպրեսիաներ սկսել, մարդկանց են մեղադրում, կալանավորում, Եկեղեցու հասցեին են մեղադրանքներ հղում, այս ամենն արվում է հասարակության մոտ շիլաշփոթ իրավիճակ ստեղծելու համար: Ցավոք, մեր հասարակության իրավագիտակցությունը բարձր մակարդակի վրա չէ: Այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, անում է էյֆորիայի հերթական չափաբաժնով:
– Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ անձամբ է պատրաստվում առաջնորդել դեպի Վեհարան եւ Վեհափառին դուրս հրավիրել: Ի՞նչ նկատի ունի նա:
– Նիկոլ Փաշինյանն անցել է բոլոր սահմանները` թե՛ իր լիազորությունների, թե՛ բարոյականության շրջանակներում: Նա չունի կարմիր գծեր, նրանից ամեն ինչ սպասելի է, առանց որեւէ չափազանցության: Նա անգամ կարող է գնալ Վեհարան եւ անձամբ Վեհափառին ձեռնաշղթաներ հագցնել ու տանել ԱԱԾ մեկուսարան կամ այլ տեղ: Դրանում ես անձամբ ոչ մի արտառոց բան չեմ տեսնի, քանի որ Նիկոլ Փաշինյանի մասին է խոսքը: Նա հասել է այն կետին, որ ուժայիններին Ֆեյսբուքով հանձնարարություններ է տալիս: Եթե առաջ դա անում էր գաղտնի, իր աշխատասենյակից, ապա հիմա անում է ուղիղ եւ հրապարակային: Ցանկացած տրամաբանող մարդ հասկանում է, թե ինչ է կատարվում….
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: