Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն ունակ է վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը․ ԱՄՆ Կոնգրեսում քննարկվել է արցախցիների վերադարձի իրավունքը

Հուլիս 09,2025 11:34

«Նրանք ինձ ասացին՝ խնդրում ենք՝ մի բան անել, որպեսզի մենք վերադառնանք, որպեսզի մենք կրկին տեսնենք մեր գերեզմաններն ու դպրոցները»։

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսում «Լեռնային Ղարաբաղում խաղաղության շվեյցարական նախաձեռնության» վերաբերյալ քաղաքական բրիֆինգի ժամանակ Շվեյցարիայի Դաշնային Ժողովի պատգամավոր Էրիկ Վոնտոբելը պատմել է 2024 թվականի աշնանը Հայաստան կատարած իր մասնավոր այցի ժամանակ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի հետ հանդիպման մանրամասները։

«Ես Հայաստանում խոսք էի տվել»

Էրիկ Վոնտոբել

 

Արցախցի մի կին պատգամավորին ցույց է տվել Արցախում իր տան լուսանկարը։ Այնտեղ այժմ ադրբեջանական ընտանիք է ապրում։ Վոնտոբելն այդ կնոջը եւ մյուս փախստականներին խոստացել է, որ կփորձի նպաստել նրանց վերադարձին։

«[Շվեյցարիա] Վերադարձից մեկ շաբաթ անց ես նախագիծ մուտք արեցի արտաքին գործերի հանձնաժողով։ Նպատակն է՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ժողովրդի համար միջազգային ֆորումի անցկացումը։ Ի զարմանս ինձ՝ հանձնաժողովի անդամների մեծ մասը աջակցեց նախագծին։ Բայց ընդդիմություն եւս կար։ Մի մարդ ինձ ասաց՝ «Էրիկ, հետ կանչի՛ր այս նախագիծը։ Խորհրդարանի կողմից ընդունվելու որեւէ շանս այն չունի»։ Բայց նախագիծը հետ կանչելը ինձ համար տարբերակ չէր։ Ես Հայաստանում խոսք էի տվել», – մանրամասնել է Վոնտոբելը։

Օրենսդիր մարմնի անդամը ընդգծել է՝ նախաձեռնությունը պատժամիջոցների կամ միջամտության հետ կապված չէ։ Նախաձեռնության հիմքում դիվանագիտությունն ու երկխոսությունն են։

 

Անհրաժեշտ է ամերիկյան աջակցություն

 

Էրիկ Վոնտոբելը հիշեցրել է քրիստոնյաներին պաշտպանելու նախագահ Թրամփի հանձնառության մասին եւ շեշտել, որ «Լեռնային Ղարաբաղում խաղաղության շվեյցարական նախաձեռնությունը» Միացյալ Նահանգներին հնարավորություն է ընձեռում աջակցել խաղաղությանը։

«Շվեյցարիան չեզոք է։ Մենք ունենք անհրաժեշտ փորձառությունն ու արժանահավատությունը՝ խաղաղության այս ֆորումը կազմակերպելու համար։ Հիմա մեզ անհրաժեշտ է միջազգային աջակցություն, առաջնահերթ՝ ԱՄՆ-ի կողմից», – հայտարարել է Էրիկ Վոնտոբելը՝ Կոնգրեսին եւ նախագահական վարչակազմին կոչ անելով հրապարակայնորեն աջակցություն հայտնել «Լեռնային Ղարաբաղում խաղաղության շվեյցարական նախաձեռնությանը»։

 

«Շվեյցարիան 2026 թվականին կնախագահի ԵԱՀԿ-ում»

Լուկաս Ռեյմանն

Շվեյցարական խորհրդարանում հազվադեպ է պատահում, երբ բոլոր՝ գրեթե տասը քաղաքական խմբակցությունները, միակարծիք են որեւէ նախաձեռնության շուրջ, պատմեց Վոնտոբելի գործընկեր Լուկաս Ռեյմաննը։ Ըստ պատգամավորի՝ սա վկայում է, որ ԼՂ հայերի վերադարձի նպատակով խաղաղության ֆորում կազմակերպելու գաղափարը լայն հավանության է արժանացել Շվեյցարիայի քաղաքական գործիչների շրջանում։

Ինչպես Վոնտոբելը, Ռեյմաննը նույնպես ընդգծել է ԱՄՆ աջակցության անհրաժեշտությունը «Լեռնային Ղարաբաղում խաղաղության շվեյցարական նախաձեռնության» հաջողության հասնելու համար։

«Շվեյցարիան 2026 թվականին կնախագահի ԵԱՀԿ-ում։ Ներկա անվտանգային մարտահրավերների համատեքստում Շվեյցարիան վերահաստատում է՝ երկխոսությունն ու համագործակցությունը էական նշանակություն ունեն ապագայի համար կայուն լուծումներ գտնելու գործում։ ԵԱՀԿ նախագահությունը հնարավորություն է ընձեռում Շվեյցարիային եւ այլ երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին, որը եթե ոչ կարեւորագույն, ապա կարեւորագույն երկրներից մեկն է ԵԱՀԿ-ում, նպաստել «Լեռնային Ղարաբաղում խաղաղության շվեյցարական նախաձեռնությանը», – կարծում է Ռեյմաննը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ունակ է վերակենդանացնել ԱՄՆ-ից, Ֆրանսիայից եւ Ռուսաստանից կազմված ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ վերադարձի իրավունքի իրացմանը ծառայեցնելու նպատակով։

 

«Մենք նրանց կօգնենք վերադառնալ»

«Մենք չենք կարող ընդունել, եւ մենք չենք ընդունի, որ այս տարածքում (Արցախում – Ա․Ա․) դարեր ի վեր ապրած քրիստոնյա ընտանիքներին չթույլատրվի վերադառնալ այն վայրը, որն իրենց տունն է» – վստահեցրել է Լուկաս Ռեյմաննը եւ հավելել՝ «Մենք նրանց կօգնենք վերադառնալ»։

 

Համատեքստ

Հիշեցնենք․ 2024 թվականի դեկտեմբերի 17-ին Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային Ժողովի ստորին պալատը՝ Ազգային Խորհուրդը, բանաձեւ էր ընդունել՝ Դաշնային խորհրդին կոչ անելով միջազգային համաժողով կազմակերպել՝ ԼՂ հայերի անվտանգ վերադարձի հարցը քննարկելու համար։

Արդեն 2025 թվականի մարտի 18-ին Դաշնային Ժողովի վերին պալատը՝ Կանտոնների Խորհուրդը, նույնաբովանդակ նախագծով հանդես եկավ։ 

Նախաձեռնության նպատակներն ի կատար ածելու համար մայիսին իր գործունեությունը մեկնարկեց այդ նպատակով ձեւավորված պատգամավորական միջկուսակցական հանձնախումբը։ 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031