«Ո′չ թշնամու ալիքներին», «Ռուսական կեղտաջո′ւր, դուրս հայկական եթերից», «Անջատեք թշնամու ձայնը», «Ոչ ռուսական ատելության խոսքին», «Ոչ թե ռուսական թույն, այլ ինֆորմացիա»․ այսպիսի կարգախոսներով բողոքի ցույց անցկացվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շենքի դիմաց՝ ռուսական պետական հեռուստաալիքների՝ հանրային մուլտիպլեքսից և կաբելային ցանցերից անջատման պահանջով։
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց՝ խոսել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ․ «Այսօր ինքն այստեղ չէ, քանի որ այլ անհետաձգելի միջոցառման է մասնակցում, բայց պայմանավորվել ենք, որ վաղը ևեթ պիտի հանդիպենք։ Ակնհայտ է, որ արդեն գործընթացը մեկնարկել է, և համապատասխան գերատեսչություններն իրենց վերաբերմունքը վերջին հեռարձակված ատելության խոսքին, լրատվական թողարկումների ժամանակ թույլ տրված վիրավորանքներին հայտնել են։ Հույս ունեմ, որ այս անգամ այդ վերաբերմունքը և մեր՝ գերատեսչություններին ուղղված գործողության անցնելու հորդորը գործադիրն անպայման նկատի կունենա և կանցնի գործողությունների»։
Կարդացեք նաև
Արման Բաբաջանյանը նշեց՝ նախորդ գումարման ԱԺ-ում ինքն ու Մխիթար Հայրապետյանն են հեղինակել գործող օրենքը․ «Գիտեմ, որ այն հնարավորություն է տալիս հիմքից անջատել այդ ռուսական երկու պետական հեռուստաալիքները։ Եվ ընդհանրապես կարծում եմ՝ հանրային մուլտիպլեքսում որևէ օտար հեռուստաալիք չպիտի հեռարձակվի։ Մենք այն ժամանակ դուրս դրեցինք CNN-ն այն հույսով, որ այլ պետության քարոզչամիջոց մեր հանրային մուլտիպլեքսում չպիտի լինի, ուր մնաց, որ մեր հանրային մուլտիպլեքսում՝ հանրության փողերով գործող, եթերային տարածք տանք, և ամեն օր վիրավորեն հայ ժողովրդին և ՀՀ-ին։ Սա հատել է բոլոր ընդունելի սահմանները։ Մեր իշխանություններից, այս նախարարությունից պահանջում ենք անհապաղ ուղղակի անջատել և հիմնավորապես մոռանալ այս լրատվամիջոցներին ՀՀ-ում եթեր տրամադրելու որևէ հեռանկար ու հնարավորություն։ Այս ատելության խոսքը մաս է այն հիբրիդային պատերազմի, որի մասին անընդհատ խոսում ենք։ Հիբրիդային պատերազմի ամենակարևոր գործիքը բերել, մեր սրտի մեջ դրել ենք և հարկատուների հաշվին թույլ ենք տալիս, որ մեզ հետ պատերազմեն»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՀՀ իշխանություններն ինչո՞ւ պետք է հիմա այս քայլին գնան, Արման Բաբաջանյանը պատասխանեց․ «ՀՀ-ում ծայրաստիճան քաղաքական իրավիճակ է, որին լծվել է նաև ամբողջ ռուսական եթերային տարածքը։ Թույլ չպիտի տանք հավելյալ առիթներ ստեղծել Ռուսաստանի համար մեր ժողովրդի խաղաղությունն ու անդորրը խաթարելու համար։ Մենք մեր ներքաղաքական խնդիրների համար կկարողանանք լուծում գտնել․ ռուսները թող զբաղվեն իրենց հարցերով»։
Արման Բաբաջանյանը նաև հայտնեց, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ուրբաթ օրը կանչվել է ԱԳ նախարարություն․ «Ոչինչ չի խանգարում, որ այն ջենթլմենական պայմանավորվածությունը ըստ որի՝ ռուսները խոստացել էին , որ հայհոյանքներ և աղբ չեն նետելու ՀՀ-ի ուղղությամբ, բայց դա խախտվել է, դրա հիմքով միջպետական պայմանագիրը, որը կնքել է Հակոբ Արշակյանը 2020-ին, Մխիթար Հայրապետյանի ուղղակի, միակողմանի որոշմամբ լուծարվի, և երկու այս հեռուստաընկերությունները, որոնք օրական տասնյակ առիթներ են տալիս անջատելու այդ եթերը, պիտի մեկընդմիշտ անջատենք»։
Ցույցի մասնակիցները նաև հին հեռուստացույցներ էին բերել, որոնց վրա ռուս մեկնաբանների և Վլադիմիր Պուտինի նկարներն էին, որոնց վրա նրանք որպես իրենց բողոքի դրսևորում խաչ քաշեցին։ Իսկ հեռուստացույցները նետեցին աղբարկղները։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից