Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է կառավարության քաղաքական որոշումը լինի, որ ռուսական հեռարձակողների տարածումը ՀՀ-ում դադարեցվի․ մեկ նախարարով չէ»․ Արթուր Սաքունց

Հուլիս 09,2025 13:55

«ՀՀ կառավարությունը պետք է հնարավորություն չտա այլևս ՌԴ-ին մեզ վրա հարձակում գործել ներսից։ Սա է ամենակարևոր ուղերձը, որ ուզում ենք նախարարության միջոցով հասցնել մեր իշխանություններին»,- Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շենքի դիմաց՝ ռուսական պետական հեռուստաալիքների՝ հանրային մուլտիպլեքսից և կաբելային ցանցերից անջատման պահանջով բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։

Ըստ նրա՝ ռուսական հեռուստաալիքների կաբելային հեռարձակումը պետք է ուղղակի ձևով ՀՀ-ում արգելվի։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ո′չ թշնամու ալիքներին», «Ռուսական կեղտաջո′ւր, դուրս հայկական եթերից», «Անջատեք թշնամու ձայնը», «Ոչ ռուսական ատելության խոսքին», «Ոչ թե ռուսական թույն, այլ ինֆորմացիա»․ այսպիսի կարգախոսներով բողոքի ցույց անցկացվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շենքի դիմաց:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ նախարար Մխիթար Հայրապետյանը քաղաքական կամք կունենա՞ իրենց պահանջը բավարարել, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը պատասխանեց․ «Պարզ է, որ մի նախարարից չէ կախված։ Դա պետք է կառավարության քաղաքական որոշումը լինի, որ ռուսական հեռարձակողների տարածումը ՀՀ-ում դադարեցվի։ Քաղաքական կամքի հետ կապված պետք է հասկանալ, թե ինչ հիմնավորումներով։ Մենք մեր հիմնավորումներն ունենք։ ՌԴ-ում անկախ ԶԼՄ գոյություն չունի․ հետևողականորեն ոչնչացվել են, և ՌԴ-ում գործող լրատվական միջոցները՝ հատկապես հեռարձակողները, Կրեմլի քարոզչամիջոցներ են։ Իսկ Կրեմլի ռեժիմը քաղաքական ագրեսիա, ատելության տարածող է։

ՀՀ քաղաքական իշխանության խնդիրն է որակել ապատեղեկատվությունը, որը հեռարձակվում է Ռուսաստանի հեռարձակողների միջոցով, արդյոք այն ՀՀ Ազգային անվտանգության սպառնալի՞ք է, թե՞ ոչ։ Մենք գտնում ենք, որ ապատեղեկատվությունը հանդիսանում է հիբրիդային պատերազմի ամենակարևոր գործիքներից։ Հարգելի կամ պարոն կառավարություն, դուք գտնում եք կամ համարո՞ւմ եք, որ ռուսական հեռարձակողները Կրեմլի ռեժիմի քարոզչական միջոցներ են հանդիսանում, որը ՀՀ անվտանգության սպառնալիք է, թե՞ ոչ։ Եթե համարում եք, որ անվտանգության սպառնալիք է, ապա ինչո՞ւ օր առաջ չեք դադարեցնում հեռարձակումը»։

Արթուր Սաքունցը վստահեցրեց՝ այս ուղերձն ուղղված է կառավարությանը և քաղաքական թիմին․ «Նաև քաղաքական մեծամասնությանը ԱԺ-ում։ Նրանք պարտավորություն ունեն ապահովագրելու ՀՀ քաղաքացիներին տեղեկատվական տեռորից։ Ակնկալում եմ առաջին հերթին ԱԺ-ի պատասխանատվությունը, հետո գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հստակ՝ այս հարցերի վերաբերյալ դիրքորոշումը և որոշման կայացումը»։

Լրագրողների դիտարկմանը՝ առանձին պատգամավորներ հանդես են եկել ռուսական հեռուստաալիքների՝ Հայաստանում հեռարձակման դադարեցման անհրաժեշտության մասին հայտարարություններով, Արթուր Սաքունցն այսպես պատասխանեց․ «Շատ լավ է, որ առանձին պատգամավորներ հայտարարություններ են անում։ Եկեք անձին պատգամավորների կողմից ստիպված արձագանքներով չփոխարինենք այն, որ ԱԺ-ն իր քաղաքական մեծամասնությամբ պետք է ընդունի հայտարարություն։ Դա է քաղաքական դիրքորոշումը։ Ես դա չեմ տեսնում»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031