Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաբաջանյանի կենսավառ հնչյուններով շաղախված դաշնամուրային ժառանգությունն, անշուշտ, իր շուրջը պետք է համախմբեր տարբեր տարիքի դաշնակահարների»

Հուլիս 09,2025 15:09

Մի քանի օր շարունակ երևանյան համերգասրահները հեղեղված էին բաբաջանյանական երաժշտության պատանեկան ու երիտասարդական կատարումներով։

Հունիսի 25-ին Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի մեծ դահլիճում մեկնարկած Առնո Բաբաջանյանի անվան պատանի ու երիտասարդ դաշնակահարների 8-րդ միջազգային մրցույթ-փառատոնը եզրափակվեց օրերս «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, որտեղ էլ տեղի ունեցավ դափնեկիրների պարգևատրման արարողությունն ու շքահամերգը՝ իսկապես, բաբաջանյանական երաժշտության հրավառ տոնահանդես։

 

 

Այս որակումը ճանաչված երաժշտագետ Նոնա Ոսկանյանինն է, որն իր տպավորություններով կիսվեց Aravot.am-ի հետ: Մինչ մասնագետի խոսքը ներկայացնելը՝ հակիրճ անդրադառնանք 29 տարի առաջ մեծանուն կոմպոզիտորի անունը կրող, այն ժամանակ հանրապետական մրցույթին, որը վերաճեց միջազգայինի:

Այսպես. 1996-2009 թթ. ՀՀ կրթության և գիտության նախարարության հովանու ներքո Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում անցկացվել է կոմպոզիտորի անվան երիտասարդ դաշնակահարների վեց հանրապետական մրցույթ, որի նպատակն էր հանրահռչակել 20-րդ դարի հայ մեծանուն կոմպոզիտորի արվեստը և խրախուսել երիտասարդ տաղանդավոր դաշնակահարներին։ 2011թ. քոլեջի տնօրեն, «Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Հարությունյանի նախաձեռնությամբ հիմնադրվում է բաբաջանյանական երաժշտության մի նոր, միջազգային հարթակ, որն իր մրցութային մասնագիտական բարձր չափանիշներին զուգահեռ՝ պետք է ապահովեր նաև երաժշտակատարողական նախագծի փառատոնային մթնոլորտը։ Այդպիսով, սկիզբ է դրվում Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնը, որի հիմնադիր, այսօր արդեն ՀՀ վաստակավոր մանկավարժ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմեն Հարությունյանը մինչ օրս գլխավորում է մրցույթ-փառատոնի գեղարվեստական խորհուրդը։

Միջազգային առաջին մրցույթ-փառատոնի ժյուրիի պատվավոր նախագահն էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը, որը մինչ այդ ղեկավարել էր հանրապետական վեց մրցույթների ժյուրին։ Միջազգային մրցույթ-փառատոնի մեկնարկը ողջունեց նաև կոմպոզիտորի որդին՝ «Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի» նախագահ Արա Բաբաջանյանը։

 

Հիմա ներկայացնենք երաժշտագետ Նոնա Ոսկանյանի խոսքն առանց միջամտության. «Հայտնի է, որ դաշնամուրը Բաբաջանյանի տարերքն էր։ Կոմպոզիտորի դաշնամուրային երկերի անզուգական մեկնաբանը հենց ինքն էր՝ Բաբաջանյան-դաշնակահարը։ Դեպի մարդկային սիրտն ուղղված կոմպոզիտորի դաշնամուրային «օպուսները» վաղուց իրենց կայուն տեղն ունեն երաժշտական կրթության բոլոր աստիճաններում՝ տարրականից մինչև բարձրագույն։ Ուստի, Բաբաջանյանի կենսավառ հնչյուններով շաղախված դաշնամուրային ժառանգությունն, անշուշտ, իր շուրջը պետք է համախմբեր տարբեր տարիքի դաշնակահարների։ Անցած յոթ միջազգային մրցույթ-փառատոներին մասնակցել է շուրջ 700 պատանի ու երիտասարդ դաշնակահար Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Ավստրալիայից, Վրաստանից, Ղազախստանից, Իրանից, Սիրիայից, ԱՄՆ-ից, Չինաստանից և այլ երկրներից։

Այդ տարիների ընթացքում մրցույթ-փառատոնը բացահայտել է տասնյակ տաղանդավոր դաշնակահարների, որոնցից շատերն այսօր հանդես են գալիս համաշխարհային բեմերում։ Ժյուրիի կազմում ընդգրկվել են անվանի երաժիշտներ ու մանկավարժներ Լատվիայից, Էստոնիայից, Ռուսաստանից, Ղազախստանից, Վրաստանից, Իսրայելից և Հայաստանից՝ ապահովելով մրցույթ-փառատոնի մասնագիտական բարձր մակարդակը և միջազգային արժանահավատությունը։

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար, արվեստագիտության թեկնածու Ծովինար Մովսիսյանի վկայությամբ, «20-րդ դարի 2-րդ կեսի հայ կոմպոզիտորական և կատարողական արվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ Առնո Բաբաջանյանի անունը կրող մրցույթ-փառատոնը հայաստանյան երաժշտական մշակութային իրականության մեջ իր հաստատուն տեղն ու վարկանիշն ունեցող կարևորագույն երևույթներից է դարձել»։

Այս տարվա 8-րդ միջազգային մրցույթ-փառատոնն էլ բացառություն չէր թե՛ իր աշխարհագրությամբ և թե՛ իր մասնակիցների քանակով՝ 90-ից ավելի պատանի ու երիտասարդ դաշնակահար չորս երկրներից, որոնք մրցում էին տարիքային չորս խմբով։ Մասնագիտական ժյուրիի կազմում անվանի դաշնակահար-մանկավարժներ էին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորներ Սերգեյ Սարաջյան, Վաղարշակ Հարությունյան, Դաշնամուրային ամբիոնի վարիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Կարինե Օհանյան, Դաշնամուրային ֆակուլտետի դեկան Իրինա Հակոբյան, ինչպես նաև ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյան, միջազգային մրցույթների դափնեկիրներ Սոնա Բարսեղյան, Արմեն-Լևոն Մանասերյան, Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրենի պաշտոնակատար Արտյոմ Հարությունյան։

Նրանց կողքին մրցութային ունկնդրումները գնահատում էին նաև Թբիլիսիի Վ․Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Զ․Պալիաշվիլիի անվան կենտրոնական երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի վարիչ Ալեքսանդր Գարբերը, Ուֆայի Արվեստի պետական ինստիտուտի պրոֆեսոր, ՌԴ և Բաշկորտոստանի վաստակավոր արտիստ Լև Ֆրանկը։

Եզրափակիչ տոնական համերգի բոլոր դափնեկիր մասնակիցները պարգևատրվեցին դիպլոմներով, դրամական պարգևներով, հատուկ մրցանակներով։ Եթե նախորդ մրցույթ-փառատոներին միայն Առաջին մրցանակակիր-դափնեկիրներին էր շնորհվում Երևանի «Գնոմոն» ոսկերչական գործարանի պատրաստած Ոսկե հուշամեդալը՝ Առնո Բաբաջանյանի դիմապատկերով, ապա այս տարի առաջին անգամ Արծաթե և Բրոնզե հուշամեդալների արժանացան մրցույթ-փառատոնի 2-րդ և 3-րդ մրցանակի դափնեկիրները։ Մրցույթ-փառատոնն ավարտվեց՝ բազում հուզիչ ապրումներ պարգևելով ունկնդրին, ոգեշնչելով մասնակիցներին ու նրանց մանկավարժներին երաժշտական նոր բարձունքներ գրավելու մաղթանքներով»:

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031