ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը «Հայելի» ակումբում խոսելով Հայաստանում եւ Հայաստանի շուրջ տեղի ունեցող սրընթաց զարգացումների մասին՝ ասաց. «Մենք երբ փորձում ենք բոլոր հարցերը քննարկել, հասկանում ենք, որ այդ հարցերին դրվագային պատասխանելը շատ դժվար է եւ պետք է այս յոթ տարվա ողբերգության ամբողջ ընթացքը նայել: Ու երբ նայում ենք այդ յոթ տարվա ընթացքը եւ ՀԷՑ-ի պետականացումը, հասկանում ենք, որ դա ռեկետ չի, դա մի ավելի զարհուրելի ծրագրի մաս է: ՀԷՑ-ը թուրքերին է տրվելու, դա իրենք էլ գիտեն: Բազմաթիվ վերլուծություններ այդ մասին կան: Նույնիսկ կա, թե որ ֆիրմային են տալու: Այսինքն, դա ռեկետ երեւույթը չէ, դա ողբերգության մի էլեմենտ է: Այդ նույն էլեմենտներից են Արցախի ադրբեջանականացումը, Արցախի հայաթափումը, մեր 5000 զոհերը… Սա մի ամբողջ մեծ կտավի մի ֆրագմենտ է: Այդպես պետք է նայել: Գուցե, վերջնական ֆրագմենտը՝ այդ խաղաղության համաձայնագրի ստորագրումը, որի համար այդքան ջանադրաբար ԱՄՆ-ը աշխատում է:
Բայց ուզում եմ անդրադառնալ մեկ այլ հարցի, որը նույնպես շատ կարեւոր է: Ռուս-ադրբեջանական հարաբերություններ: Բազմաթիվ ռուսական վերլուծաբաններ այսօր ասում են այն, ինչ մենք բոլորս՝ Հայաստանի քիչ թե շատ տառաճանաչ մարդ, ասում էր Արցախյան պատերազմից անմիջապես հետո: Երբ Ադրբեջանը իրենով արեց Արցախը, ակնհայտ էր, որ ինքն անցնելու էր այս հարաբերություններին Ռուսաստանի հետ: Որովհետեւ որեւէ այլ հանգամանք Ադրբեջանին այսօր չի կապում Ռուսաստանի հետ: Եվ այստեղ շատ ուրախալի է, որ ռուսական վերլուծաբանները անդրադառնում են ու ասում, որ իրենց քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ ընդգծված սխալ է եղել: Իրենք ունեին մի հզոր դաշնակից՝ հանձին Հայաստանի Հանրապետության եւ հանձին Արցախի Հանրապետության, որովհետեւ իսկապես այն ժամանակ Հայաստանը Արցախի հետ էր ընկալվում եւ այդ երկու պետությունները, մեկը՝ ճանաչված, մեկը՝ չճանաչված, Ռուսաստանի համար մեծ հնարավորություն էր իր քաղաքականությունն իրականացնելու Հարավային Կովկասում եւ ամբողջ տարածաշրջանում:
Եվ դա բերում էր այս տարածաշրջանի կայունությանը: Ես ասել եմ եւ մեկ անգամ էլ եմ ուզում ասել. նույնիսկ Պուտինը, երբ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպեց Ռուսաստանում, ասաց, որ հզոր Հայաստանի առկայությունը Հարավային Կովկասում բխում է Ռուսաստանի պետական շահերից: Եվ ահա, ռուսները իրենց ոչ ճիշտ կողմնորոշվելու քաղաքականությամբ նպաստեցին, որ Հայաստանում իշխանության եկած ուժերը տանեն քաղաքականություն, որ հայ-ռուսական այդ հարաբերությունները խաթարվեն եւ որի արդյունքում այսօր Ռուսաստանը կանգնել է մեծ պրոբլեմի առաջ: Ես կարծում եմ, այդ պրոբլեմի առաջ կանգնելուց հետո ինքը կվերանայի, կսրբագրի իր վերաբերմունքը Հարավային Կովկասի նկատմամբ, որը կբխի եւ իր շահերից եւ, համոզված եմ, նաեւ մեր շահերից, որովհետեւ մեր ավանդական եւ բնական դաշնակիցները Ռուսաստանի Դաշնությունը եւ Իրանի Իսլամական Հանրապետությունն են: Իսկ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով այդ երկու իր բնական դաշնակիցներին կապող օղակն է լինելու: Այդ պարագայում, կարծում եմ, ինքը կիրականացնի իր նպատակներից բխող զարգացման քաղաքականությունը, որը կբխի նաեւ իր երկրում ավանդական ու բնական դաշնակիցների շահերից:
Բայց դրա համար կա մի նախապայման: Մենք պետք է ազատվենք այս չարիքի իշխանությունից: Եվ կարծում եմ, որ առաջիկայում այդպիսի լուրջ հնարավորություններ են ստեղծվելու, եւ այդ լուրջ հնարավորություններից օգտվելով մենք կարող ենք վերջնականապես շրջել այս անկումի փուլը ու սկիզբ դնել կուտակված բոլոր այդ մեծ պրոբլեմների հաղթահարմանը»:
;
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ