Լրահոս
Օրվա լրահոսը

22-րդ «Ոսկե ծիրանը» կբացվի Ջաֆար Փանահիի, կփակվի՝ Հարություն Խաչատրյանի ֆիլմով

Հուլիս 09,2025 17:32

Երեւանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կկայանա հուլիսի 13-20-ը։ Այն կրկին հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի, Վենետիկի եւ այլ կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։

 

«Որպես փորձված մարդ՝ պարզեցի, որ մեր ոտքը շատ խերով է, ովքեր մասնակցում են այս փառատոնին, հետո գնում արժանանում են մեծ մրցանակների, ովքեր գալիս են այս փառատոնին, իրենց ֆիլմերն ընտրվում են հեղինակավոր փառատոներում․․․Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր կանգնած են մեր մեջքին, որովհետեւ 22 տարի անել փառատոն, միայն իմ ծերացած հիշողությունը կարող է նկատել, թե որքան դժվար է։ Բայց բարեկամներ, օգնականներ եւ հարազատներ ունենք, որ օգնում են մեզ…Մեր երիտասարդներն էլ հմտացել են, այնքան աշխույժ աշխատել են, այնպիսի հյուրեր են հրավիրում փառատոնին, որ մենք ժամանակին չէինք համարձակվի»,- փառատոնի մեկնարկի առիթով հրավիրված ասուլիսում նշեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համահիմնադիր եւ նախագահ Հարություն Խաչատրյանը, որի համար այս տարին հոբելյանական է եւ նշվելու է փառատոնի շրջանակում։

Հարություն Խաչատրյան

Երեւանի քաղաքապետի տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը նշեց, որ ուրախ են համագործակցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ, այս տարի էլ որպես գլխավոր հովանավոր եւ աջակից քաղաքապետարանը 74 մլն դրամ է հատկացրել։ Նա նշեց, որ ծանոթանալով հյուրերի կազմին, ժյուրիին եւ ցուցադրվելիք ֆիլմերին՝ վստահ է, որ այս տարի եւս հետաքրքիր եւ հագեցած փառատոն է լինելու:

«Սա տարվա մեջ այնպիսի շրջան է, որ որեւէ մեկը չի ուզում արձակուրդ վերցնել, գործուղման մեկնել, որովհետեւ բոլորը ցանկանում են լինել «Ոսկե ծիրանի » բացմանը, մասնակցել տասնյակ միջոցառումների․․․«Ոսկե ծիրանը» համախմբող փառատոն է, որը մեծ դերակատարություն ունի Հայաստանի մշակութային կյանքում»,-ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի ձեւակերպմամբ, երեւանյան փառատոնն այն փուլում է, որ կարող է արձանագրել հաջողությունները թե տարածաշրջանային, թե աշխարհի մակարդակով։ Նա անդրադարձավ նաեւ Համաշխարհային փառատոնային ասոցիացիայի կողմից «Ոսկե ծիրանի» հավատարմագրման գործընթացին, նշեց, որ որոշումը կկայացվի այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին։

Ի թիվս այլնի նա անդրադարձավ նաեւ մեր հայրենակից Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկրում» հայ-ֆրանսիական լիամետրաժ ֆիլմին, որի պրեմիերայով կմեկնարկի Լոկառնոյի հեղինակավոր միջազգային կինոփառատոնը։ Կարեն Ավետիսյանն այդ լուրը որակեց փառահեղ, իսկ Թամարա Ստեփանյանին՝ «Ոսկե ծիրանի» նվիրյալ ռեժիսորներից մեկը։ Նշեց, որ ժամանակին նա արժանացել է նաեւ «Ոսկե ծիրան» փառատոնի մրցանակին։

«Ոսկե ծիրանի» գեղարվեստական ղեկավարը նշեց, որ այս տարվա «Ոսկե ծիրանին» իրանական շեշտադրված ներկայություն ունենք։ Ընդգծեց, որ փառատոնն այս տարի կբացվի իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիի «Սովորական պատահականություն» դրամայով, որն արժանացել է Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին։ «Ոսկե ծիրանը» կփակվի Հարություն Խաչատրյանի «Վերջին կայարանը» ֆիլմով։

 

 Մանրամասն՝ տեսանյութում

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանն էլ հայտնեց, որ շատ հարուստ է փառատոնի երեւանյան պրեմիերաների ծրագիրը, կան նաեւ բացառիկ ցուցադրություններ, որոնք կինոփառատոնից միանգամից գալու են «Ոսկե ծիրան», ու հանդիսատեսը հնարավորություն կունենա մեծ էկրանին դիտել Ջաֆար Փանահիի, Դարդեն եղբայրների, Նադավ Լապիդի եւ այլոց ֆիլմերը։ Նա կարեւորեց նաեւ հայկական ներկայացվածությունը փառատոնում։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031