Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշոցքի ձորի գյուղերը դարձել են ամառանոցներ․ ձմռանը գրեթե մարդ չի ապրում»․ ազգագրագետ

Հուլիս 09,2025 19:01

Ազգագրագետ Արտաշես Բոյաջյանը, որը վերջերս զեկույց է պատրաստել «Շիրակի մարզի բնակչության աղքատության մակարդակը և միտումները՝ 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին» թեմայով, Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ Հայաստանի Հանրապետությունում անհամաչափ զարգացում է տեղի ունենում․ ազգային հարստության 90 տոկոսից ավելին կենտրոնացված է Երևանում, իսկ բնակչության՝ 35-40 տոկոսն է կենտրոնացած մայրաքաղաքում։

«Այսինքն անհամաչափ զարգացում է տեղի ունենում տարածքի, դրա վառ վկայությունն այն է, որ գնանք Աշոցքի ու Ամասիայի գյուղական բնակավայրեր, կտեսնենք՝ այնտեղ համատարած դատարկում է տեղի ունենում։ Արտագաղթ կա նաև փոքր քաղաքային բնակավայրերից, որտեղ զբաղվածության խնդիրն է հիմնական պատճառը, թեև արտագաղթը պայմանավորված չէ միայն աշխատանք չլինելով, այլ աշխատանքի ցածր եկամտաբերությամբ․ աշխատավարձը ցածր է։

Մենք տեսնում ենք, որ այսօր Գյումրիից տասնյակ հազարավոր աշխատունակ տարիքի տղամարդիկ մեկնում են Երևան՝ սեզոնային արտագնա աշխատանքի, այնտեղ շինարարության վրա են աշխատում։

Իսկ Աշոցքի ձորի գյուղերի բնակիչների մեծ մասը տեղափոխվել են Գյումրի, Երևան։

Կարող ենք ասել, որ այդ գյուղերն ամառանոցներ են դարձել, ամառային շրջանում անասուններին տանում են այնտեղ, արածացնում, ձմռանն այնտեղ գրեթե մարդ չի ապրում։

Օրինակ՝ Բաշգյուղում տղամարդիկ շատ քիչ են, գրեթե չեն մնացել, սեզոնային արտագնա աշխատանքի են մեկնում։ Այդ առումով վիճակն աղետալի է»,-ասում է ազգագրագետը։

Ըստ նրա, եթե գյուղական համայնքներում գյուղատնտեսական աշխատանքներից զատ աշխատանքներ տարվեն փոքր արտադրամասեր հիմնելու, գուցե դա մեղմի իրավիճակը։

Արտաշես Բոյաջյանը մեջբերում է խորհրդային տարիների փորձը, երբ օրինակ՝ Լենինականի գորգի գործարանը տասնյակ մասնաճյուղեր է ունեցել Աշոցքի և Ամասիայի գյուղական բնակավայրերում; Գյուղաբնակները գորգագործությամբ են զբաղվել, իսկ քաղաքը ծառայություն է մատուցել նրանց զբաղվածություն ապահովելու առումով։

Ըստ ազգագրագետի, գյուղերի չդատարկման երկրորդ կարևոր գործոնը ճանապարհների բարեկարգման անհրաժեշտությունն է։

«Եթե 90-ական թվականներին գյուղացին օգնության, պարարտանյութի և այլնի կարիք էր զգում, այսօր իրեն ավելի շատ հետաքրքրում է բարեկարգ ճանապարհների առկայությունը, գյուղական բնակավայրերի լուսավորվածությունը։

Այսինքն ենթակառուցվածքների խնդիրն է, որի իր արտադրածը հասցնի սպառողին։ Այսօր գյուղացին արտադրելու խնդիր չունի, գյուղացին ունի իր արտադրած ապրանքը սպառելու խնդիր»,- ասում է ազգագրագետը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031