Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը կոչ է անում իրավապահ մարմիններին և դատական համակարգին՝ անհապաղ վերանայել ՀԷՑ-ի պետականացման գործընթացը

Հուլիս 09,2025 21:00

Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը հայկական էլեկտրական ցանցերի պետականացման մասին

 

Հայ Ազգային Կոնգրեսը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության պետականացման գործընթացը, որը կոպտորեն ոտնահարում է սեփականության իրավունքը, խախտում է օրենքի գերակայության սկզբունքները և բացահայտ քաղաքական բռնաճնշումների ակնհայտ դրսևորում է։

ՀԷՑ-ի պետականացումը, որը կատարվում է առանց սեփականատերերի հետ բանակցությունների, արդար փոխհատուցման և օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանման, խախտում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածը, որն երաշխավորում է սեփականության անձեռնմխելիությունը։ Իշխանությունների կողմից ընդունված օրենսդրական փոփոխությունները չեն համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ներդրումների պաշտպանության մասին համաձայնագրին։ Սա ոչ միայն սպառնում է ՀԷՑ-ի սեփականատեր «Տաշիր» հոլդինգի օրինական շահերին, այլև խարխլում է Հայաստանի Հանրապետությունում ներդրումային միջավայրի վստահելիությունը։

ՀԷՑ-ի պետականացման գործընթացը կրում է բացահայտ անօրինական բնույթ։ 2025 թվականի հուլիսի 3-ին Ազգային ժողովի կողմից ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով ընդունված, և հուլիսի 8-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մեղսակից թողտվությամբ ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունները դիկտատորական իշխանությամբ «ժամանակավոր կառավարիչ» նշանակելու հակասահմանադրական լիազորություններ են շնորհում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ), չեն ապահովում գործընթացի թափանցիկություն և չեն սահմանում փոխհատուցման արդար մեխանիզմներ։ Ավելին, ՀԾԿՀ-ի կողմից ՀԷՑ-ի լիցենզիայի վերաբերյալ  որոշումներ կայացնելու մեխանիզմը, այսպիսով, դուռ է բացում կամայական  ինքնիրավչության համար՝ առանց ընկերության կողմից լիցենզիայի պայմանների խախտման օբյեկտիվ ապացույցների։ Սա ի ցույց է դնում օրենքի ընտրովի կիրառման և պետական մարմինների կողմից իրավական չարաշահումների գնալու մտադրությունը։

Իշխանությունների կողմից ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի դեմ քաղաքական բռնաճնշումների իրական պատճառը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ նրա ցուցաբերված  աջակցությունն է, իսկ մեղադրանքն առաջադրելու համար առիթ է հանդիսացել մի հրապարակային հայտարարություն, որն անօրինական որեւէ դրույթ չի պարունակում։

Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում.

Իրավապահ մարմիններին և դատական համակարգին՝ անհապաղ վերանայել ՀԷՑ-ի պետականացման գործընթացը և ապահովել սեփականության իրավունքի պաշտպանությունը։

Հայաստանի քաղաքացիներին և քաղաքացիական հասարակությանը՝ միանալ սեփականության իրավունքի, օրենքի գերակայության, խոսքի և կրոնական ազատությունների պաշտպանության պայքարին։

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներին, Սահմանադրության 101-րդ հոդվածի 2-3-րդ կետերի համաձայն, դիմել Սահմանադրական դատարան Ազգային Ժողովի ընդունված օրենսդրական փաթեթի եւ կառավարության համապատասխան  որոշումների` Սահմանադրությանը համապատասխանության հարցով:

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ ՀԷՑ-ի պետականացումը ոչ միայն տնտեսական վնաս է հասցնում Հայաստանի Հանրապետությանը, այլև խարխլում է ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները։ Մենք պահանջում ենք դադարեցնել այս ապօրինի գործընթացը և վերականգնել արդարությունը։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031