Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Պուտինյան Ռուսաստանը դարձել է Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների «աչքի փուշը»

Հուլիս 10,2025 12:00

Պաշտոնական Երեւանը սկսել է ավելի կոշտ խոսել ՌԴ իշխանությունների հետ

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում հերթական «պարզաբանումների» փուլն է։ Դատելով Հայաստանի իշխանությունների հայտարարություններից՝ նրանք որոշել են Մոսկվայի հետ ավելի կոշտ խոսել։

Անցյալ շաբաթ Հայաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին հայտագիր է հանձնել։ Radar Armenia-ն ՀՀ ԱԳՆ-ին գրավոր հարցում է ուղարկել առ այն, որ վերջին շրջանում դարձյալ ականատես ենք դառնում ՌԴ պետական ԶԼՄ-ներում, ինչպես նաեւ պաշտոնյաների կողմից ՀՀ իշխանություններին թիրախավորող, հաճախ վիրավորական հայտարարությունների, մեկնաբանությունների: «ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի կողմից վերջին հանրային անդրադարձից զատ՝ հայկական կողմը որեւէ վերաբերմունք արտահայտե՞լ է դրանց կապակցությամբ» հարցին ի պատասխան՝ գերատեսչությունից նշել են, որ ՀՀ ԱԳՆ-ն դժգոհություն է արտահայտել նաեւ դիվանագիտական խողովակներով. Երեւանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, նրան հանձնվել է հայտագիր»:

Պաշտոնական Երեւանը, հաշվի առնելով, որ թեման ՀՀ քաղաքացիների ուշադրության կենտրոնում է` հրապարակել էր հայտագրի բովանդակությունը: «Դրանում խիստ բողոք է արտահայտվել ՌԴ զանգվածային լրատվամիջոցներում Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ ծավալված բացահայտ ոչ բարեկամական, հաճախ թշնամական քարոզչության կապակցությամբ, որն ակտիվորեն սնվում է որոշ պաշտոնյաների, ՌԴ Պետական դումայի պատգամավորների, լրատվամիջոցների եւ փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հայտարարություններով:

Հայտագրում ընդգծվել է, որ Ռուսաստանի պետական հեռուստաալիքներով ուղիղ եթերում հնչող վիրավորական արտահայտությունները եւ ՀՀ իշխանությունների գործունեության թիրախավորումը բացարձակապես անընդունելի են եւ հանգեցնում են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ վերջին շրջանում տեղի ունեցած բարձր մակարդակի այցելությունների դրական արդյունքների չեզոքացման:

Հայտագրում նշվել է, որ ՀՀ իրավապահ մարմինների կողմից պետական հեղաշրջման փորձի կանխման օրինական գործողությունների վերաբերյալ ՌԴ Պետական դումայի առանձին պատգամավորների մեկնաբանություններն ու հայտարարությունները ոչ միայն զարմանք, այլեւ վրդովմունք են առաջացնում: Համաձայն այդ հայտարարությունների՝ պետական հեղաշրջում պլանավորող անձանց ձերբակալությունը համարվում է «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական ոչ բարեկամական քայլ»: Ըստ այդմ՝ նման հայտարարությունները ոչ միայն անհեթեթ են, քանզի անհասկանալի է, թե ինչպես եւ ինչու է պետական հեղաշրջման կանխումը համարվում ոչ բարեկամական քայլ, այլեւ ՀՀ ներքին գործերին կոպտագույն միջամտություն: Ավելին, տպավորություն է ստեղծվում, որ նման տեղեկատվական քաղաքականությունն իրականացվում է նպատակաուղղված կերպով՝ ՀՀ-ում ժողովրդավարության, օրինականության եւ սահմանադրական կարգի խաթարման նպատակով»,- ասվում է պատասխանում: ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ գործընկերներին կոչ է արել անհապաղ եւ գործուն միջոցներ ձեռնարկել ՀՀ-ի նկատմամբ վերոնշյալ ոչ բարեկամական դրսեւորումները դադարեցնելու համար:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Հայաստանի արտգործնախարարն արձագանքել էր իր ռուս պաշտոնակցի հայտարարությանը՝ Հայ եկեղեցի-իշխանություններ սրված հարաբերությունների վերաբերյալ: «Հայաստանում չկա իշխանությունների պայքար եկեղեցու դեմ։ Սա իրավական գործընթաց է, եւ սա ՀՀ-ի ներքին գործն է։ Պարոն Լավրովն ավելի լավ է՝ չխառնվի ՀՀ ներքին գործերին ու ներքին քաղաքականությանը», – նշել էր Արարատ Միրզոյանը:

«Եթե Հայաստանը երես թեքի իր դաշնակիցներից, ապա դա հազիվ թե որեւէ օգուտ տա հայ ժողովրդին». Հերթական զգուշացումը Մոսկվայից

Նույն օրը ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դժգոհել էր Հայաստանից։ Նա նշել էր, թե ՀԱՊԿ-ի ԱԳՆ ղեկավարները լուրջ մտահոգություն են հայտնել Հայաստանում տեղի ունեցողի վերաբերյալ. «Սա մեր հարեւանների ներքին հարցն է, բայց, իհարկե, հազարամյա Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առիթ են։ Եկեղեցին ավանդաբար միշտ եղել է հայ հասարակության հիմնական հենասյուներից մեկը, եւ մենք իսկապես չէինք ցանկանա, որ այս եկեղեցին ենթարկվի հարձակումների՝ ըստ էության առանց որեւէ լուրջ հիմքի»։

Ղրղըզստանում ՀԱՊԿ արտգործնախարարների հավաքի շրջանակներում ՌԴ ԱԳ նախարարը նկատել էր. «Մենք որեւէ ճնշում չենք բանեցնում Հայաստանի կառավարող շրջանակների վրա եւ հստակություն ենք ակնկալում բոլոր հարցերում։ Բայց մենք բոլորս էլ հասկանում ենք, որ եթե Հայաստանը երես թեքի իր դաշնակիցներից, մերձավոր գործընկերներից, հարեւաններից, ապա դա հազիվ թե որեւէ օգուտ տա հայ ժողովրդին։ Մենք շարունակում ենք Հայաստանը ՀԱՊԿ լիիրավ անդամ համարել։ Այդ լիիրավ անդամակցությունը, սակայն, ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերից բխող բոլոր պարտավորությունների կատարում եւս ենթադրում է, այդ թվում, ի դեպ, նաեւ անդամավճարների հարցում»։

ՌԴ ԱԳՆ փոխնախարար Ալեքսանդր Պանկինն իր հերթին ավելի վաղ նշել էր, որ Հայաստանը պետք է սթափ գնահատի իր անվտանգության ապահովման հնարավորությունները, այդ թվում՝ կոլեկտիվ ձեւաչափով:

Կրեմլից եւս անդրադարձել էին Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների թեմային։ «Ռուսաստանը ելնում է այն փաստից, որ Հայաստանը դուրս չի եկել կազմակերպությունից: Ինչ վերաբերում է կառույցին մասնակցության կասեցմանը կամ վերսկսմանը, Մոսկվան «կհետեւի, թե ինչպես են որոշումները կայացվում Երեւանում», նշել էր Պեսկովը:

Գրեթե երկու շաբաթ Կրեմլի խոսնակ Պեսկովն էր անդրադարձել Հայաստանում հեղաշրջման փորձ կանխելու մասին հաղորդագրություններին: Նա նշել էր. «Սա, անշուշտ, Հայաստանի ներքին գործն է։ Իհարկե, մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում պահպանվի օրենքն ու կարգը, եւ որպեսզի Հայաստանը լինի բարգավաճ, կայուն, Ռուսաստանին բարեկամ երկիր»։

Մեկ այլ հայտարարությամբ Պեսկովը կրկին վստահեցնելով, որ՝ «դա Հայաստանի ներքին գործն է», հավելել էր. «Մենք ոչ մի կերպ չենք ցանկանում խառնվել այդ ներքին գործերին… Անկասկած, Հայաստանը մեզ շատ բարեկամ երկիր է, ու եկեք չմոռանանք, որ մեզ մոտ մի քանի միլիոն հայ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, որոնք, իհարկե, ցավով են հետեւում այդ իրադարձություններին»։

Բացի Միրզոյանից, մեկ այլ պաշտոնյա՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր օրեր առաջ ընդգրկուն անդրադարձել Ռուսաստանի հետ հարաբերությունների թեմային, մասնավորապես, իրեն հասցեագրված ռուսաստանցի գործընկերների գնահատականներին, որոնք վերաբերվում էին իր հայտարարությանն այն մասին, որ Հայաստանում լրջորեն պետք է քննարկվի ռուսական հեռուստաալիքների հեռարձակման դադարեցման հարցը։ «Իրոք կարծո՞ւմ եք, որ, կրկնելով արդեն վաղուց հնացած արտահայտություններ` «արեւմտյան կառույցների ազդեցության», «մարդու իրավունքների խախտման» կամ «Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ դարավոր բարեկամության» մասին, կարելի է պարզապես միանալ հնացած քարոզչությանը, հիշել Ուկրաինան ու փորձել նույն այդ մաշված շաբլոնը կիրառել հայաստանյան իրականության վրա՞…»,- նշել էր նա։

Սիմոնյանը խորհուրդ էր տվել պարզապես միացնել հեռուստացույցը. «Ռուս-հայկական հարաբերությունները փչացնելու գործը ավելի լավ իրականացնում են ոչ թե արեւմտյան հատուկ ծառայությունները, ոչ թե գործակալներն ու ՀԿ-ները, այլ հենց որոշ ռուսաստանյան պետական հեռուստաալիքներ, լրագրողներ եւ խմբագիրներ»։ Սիմոնյանը նշել էր, որ Ռուսաստանի պետական ալիքներով հայհոյում ու վիրավորում են ՀՀ «օրինականորեն ընտրված իշխանություններին», «հետեւողականորեն փորձում են բաժանել հայ հասարակությանը եւ իր իշխանություններին», «հարցականի տակ են դնում Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունն ու անգամ գոյությունը»։ Ապա Սիմոնյանն առաջարկել էր Մոսկվայում գտնվող գործընկերներին մեկ րոպեով պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե պատկերը հակառակ լիներ՝ հայկական պետական հեռուստաալիքներով այդ ամենը տեղի ունենար։ «Ահա թե ինչն է իրականում քանդում հայ-ռուսական հարաբերությունները։ Ոչ թե Արեւմուտքը, եւ հաստատ ոչ հայ ժողովուրդը կամ քաղաքական գործիչները», նշել էր նա՝ առաջարկելով վերջ տալ այդ գործելաոճին. «Սա պետք է դադարեցնել։ Կամ դուք դա կհասկանաք ու կդադարեցնեք, կամ դա կանենք մենք»:

Հուլիսի 7-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հետ զրույցում շեշտել է Հայաստանում Ռուսաստանի մասին կառուցողական լրատվական ֆոն պահպանելու անհրաժեշտությունը: «Քննարկվել են երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաեւ ռուս-հայկական առաջիկա շփումների ժամանակացույցը։ Զրույցի ընթացքում դիվանագիտական առաքելության ղեկավարին է ներկայացվել Հայաստանում Ռուսաստանի եւ երկկողմ կապերի շուրջ կառուցողական լրատվական ֆոն պահպանելու անհրաժեշտության մասին դիրքորոշումը»,-ասվում էր Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Նաեւ նշվել էր, որ ռուսական կողմը հաստատել է երկու երկրների պրոֆիլային գերատեսչությունների խորհրդակցությունների հերթական փուլն անցկացնելու Մոսկվայի առաջարկը։

Էրդողանը Ալիեւին զսպվածության կոչ է արել

Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունները շարունակում են սրված մնալ, այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվեց ադրբեջանական ծագում ունեցող ավելի քան 50 անձ։ Ինչպես հայտնի է, ձերբակալության ընթացքում մահացել էին առնվազն երկու ադրբեջանցիներ, եւս երեք մարդ տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։ Բաքուն պահանջում է պատասխանատվության ենթարկել մեղավորներին, իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն «խիստ բողոք» է հայտնել Ռուսաստանի դեսպանին։

Ի պատասխան՝ Ադրբեջանի իրավապահներն էլ իրենց երկրի տարածքում ՌԴ քաղաքացիների ձերբակալություններ իրականացրեցին։ Բացի այդ, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից ադրբեջանցիների խոշտանգումների եւ սպանության փաստով։ ՌԴ Քննչական կոմիտեն սպանության մեղադրանք էր առաջադրել Եկատերինբուրգում ձերբակալված ադրբեջանցիներին։ Դատարանը մինչեւ հուլիսի 19-ը կալանավորել է ութ անձի։

ՌԴ-ում, կարծես, ընդդեմ Ադրբեջանի համարժեք գործողությունների դիմելու պահանջ է հասունացել: «Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, ՌԴ Պետդումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմել է երկրի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին՝ խնդրելով ստուգել երկրում համայնքները եւ դրանց հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» եւ «Ֆուդ Սիթի» շուկաները։ Փաստաթուղթը հայտնվել է «ՌԻԱ Նովոստիի» տրամադրության տակ։ Խոսքը ՌԴ-ում ադրբեջանական սփյուռքի մասին է, քանի որ Մոսկվայում գտնվող «Սադովոդ» եւ «Ֆուդ Սիթի» շուկաները պատկանում են ադրբեջանցի միլիարդատերեր Գոդ Նիսանովին ու Զարախ Ալիեւին։

«Խնդրում եմ Ձեզ անցկացնել ՌԴ բոլոր սուբյեկտներում ադրբեջանական սփյուռքի եւ նրանց հետ կապված կառույցների գործունեության համապարփակ ստուգում, այդ թվում՝ գործող օրենսդրությանը համապատասխանության ստուգում նրանց պատկանող ձեռնարկություններում եւ կազմակերպություններում, այդ թվում՝ «Սադովոդ», «Ֆուդ Սիթի» առեւտրի կենտրոնների գործունեության»,- ասվում է նամակում։ Փաստաթղթում նշվում է, որ խմբակցության պատգամավորները բազմիցս նշել են, որ սփյուռքի գործունեությունը սպառնում է պետության եւ նրա քաղաքացիների անվտանգությանը, հատուկ վտանգ են ներկայացնում կրկնակի քաղաքացիություն ունեցող անձանցից կազմված հանցավոր համայնքները, որոնք կարող են ազդել նման խմբերի վրա եւ օգտագործել դրանք իրենց օգտին՝ Ռուսաստանի Դաշնության շահերին վնաս հասցնելու նպատակով։

Միրոնովը հիշեցրել է, որ այս տարվա հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվել են ադրբեջանական կազմակերպված հանցավոր խմբի անդամներ, որոնք կասկածվում են մի քանի սպանությունների մեջ, եւ նրանց մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ են, սակայն Ադրբեջանը հարկ է համարում միջամտել ՌԴ իրավապահ մարմինների գործողություններին եւ փորձում է ազդել քննության ընթացքի վրա։

Հատկանշական է, որ ռուս-ադրբեջանական լարված հարաբերություններն օրերս քննարկվել են Էրդողան-Ալիեւ մակարդակով։ Թուրքիայի նախագահը Ստեփանակերտից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Թուրքիան ուշադիր հետեւում է Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ առկա լարվածությանը եւ կոչ է արել երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել։ «Թուրքիան ունի խորը դիվանագիտական եւ ռազմավարական հարաբերություններ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի հետ։ Մենք ուշադիր հետեւում ենք լարվածության զարգացումներին եւ հորդորում ենք երկու երկրներին առաջնորդվել զսպվածությամբ։ Հավատում ենք, որ խնդիրը կարելի է լուծել առավել պարզ եւ ողջախոհ կերպով՝ դիվանագիտական հարթակներում արված հանգստացնող հայտարարությունների միջոցով։ Հուսով ենք, որ կողմերի միջեւ բացասական զարգացումները կդադարեն հնարավորինս շուտ։ Մենք չենք ցանկանում, որ վերջին ցավալի դեպքերը անդառնալի վնաս հասցնեն Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններին», նշել է Էրդողանը։

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է խնդրին մոտենալ հավասարակշռված ու շրջահայաց։ «Մենք գիտենք, որ մեր երկու բարեկամ երկրները ունակ են համատեղ լուծում գտնելու։ Թուրքիան պատրաստ է աջակցել բոլոր կառուցողական քայլերին։ Մեր գլխավոր նպատակն է կանխել նոր սրացումը՝ տարածաշրջանում մեծ ջանքերով հասած կայունությունը չվտանգելու համար։ Կովկասը այլեւս չի կարող տանել նոր հակամարտություն։ Հավատում ենք, որ դիվանագիտական ճանապարհով հնարավոր է հանգիստ եւ արդյունավետ լուծում գտնել»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ հարցը քննարկվել է նաեւ Ադրբեջանի նախագահի հետ։ Էրդողանը նկատել է, թե Ալիեւը գործում է զգույշ եւ հավասարակշռված, «չի ձգտում իրավիճակի սրմանը»։

Ճակատագրի «հեգնանքով», 2020թ. նոյեմբերի 8-ի եռակողմ փաստաթուղթը մշակած ու երաշխավորած Ռուսաստանի հետ այսօր Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները խոսում են բավական կոշտ լեզվով: Ադրբեջանում հակառուսական քարոզչությունը հատել է բոլոր կարմիր գծերը։ Եվ եթե Ադրբեջանի պարագայում Ռուսաստանի իշխանությունների հակազդեցությունը միանգամայն տեղին է թվում, եւ նույնիսկ կարելի է ասել` բավական ուշացած, ապա Ռուսաստանի դաշնակից Հայաստանի նկատմամբ ռուսական պետական քարոզչամեքենայի գործունեությունը, ՌԴ իշխանության տարբեր ներկայացուցիչների, պետական հիմնական քարոզիչների, ռուս փորձագետների, բլոգերների հեգնական, արհամարհական եւ երբեմն էլ վիրավորական, մեկնաբանությունները նույնիսկ 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ՝ անընդունելի էր եւ այդ մասին տարիներ շարունակ գրվել է։

Այժմ կարեւոր է հարցը, թե ՌԴ իշխանությունները որքան հեռուն կգան, երբ խնդիրն իրենց համար Հարավային Կովկասը չկորցնելն է։ Ամեն դեպքում ոգեւորվել ու ուրախանալ Մոսկվա-Բաքու սրված հարաբերություններից չարժե։ Կարեւոր է, որպեսզի ՌԴ-ի իշխանական վերնախավում չորոշեն պատժել Ադրբեջանին՝ նաեւ Հայաստանի միջոցով։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.07.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031