Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ սարկավագ Մանուկյանը հողազավթման գործով հաղթեց Սահմանադրական դատարանում

Հուլիս 10,2025 13:00

Դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով

Սահմանադրականն դատարանը հուլիսի 4-ին հրապարակեց Անդրանիկ սարկավագ Մանուկյանի գործով իր որոշումը: Նրա ներկայացուցիչն էր փաստաբան Առնոլդ Վարդանյանը: Գրավոր ընթացակարգով քննված գործով պատասխանող էր ճանաչվել Ազգային ժողովը: Ուշագրավ է, որ որոշման օրը ՍԴ աշխատակազմը հուլիսի 1-ին գործը կարճելու աշխատակարգային որոշում կայացրեց, օրվա երկրորդ որոշումը, որը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց:

ԵԴ/6908/02/18 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը ներկայացնելով, դիմող կողմը գտել է, որ նշված գործով վիճարկվող նորմերին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հանգեցրել է իր՝ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասով, 60-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերով, 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով, 75, 78, 79, 80 եւ 81-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների, ինչպես նաեւ 171-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանների խախտման:

Նա նշել է. «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի նախագահ Լեւոն Օրդուխանյանը 2017 թ.-ից Երեւանի քաղաքապետարան է ներկայացնում տարբեր բիզնես նախագծեր՝ Սայաթ-Նովա փ. թիվ 10 եւ Աբովյան 22 շենքերի բակում մինչեւ 12 հարկանի բնակելի համալիր կառուցելու համար, եւ նույն շենքերի բակում է գտնվում իրեն պատկանող 880 քմ տարածքը: Մինչդեռ իր սեփականության իրավունքը պաշտոնապես գրանցվել եւ վավերացվել է 22.08.1991 թ.»: Դիմողը ճանաչվել է նույն հասցեով տարածքի սեփականատեր 29.08.1991 թ. տրված տեղեկանքի համաձայն: Նա 22.08.1991 թ.-ից վճարել է հողի եւ անշարժ գույքի բոլոր հարկերը՝ ամբողջ 880 քմ տարածքի համար (անդորրագրերը պահպանվել են 1994 թվականից): Ավելին, թիվ ՎԴ/3258/05/16 վարչական գործով Վարչական դատարանի՝ 14.02.2017 թ. վճռով եւ Վերաքննիչ վարչական դատարանի՝ 15.06.2018 թ. որոշմամբ համայնքային իշխանությունները միջնորդել են իրենից բռնագանձել գույքահարկի լրացուցիչ վճարներ: Ա. Մանուկյանը նշում է. «Հետագա տարիներին (…) պարբերաբար դիմել է Անշարժ գույքի պետական կադաստր՝ 880 քմ տարածքի նկատմամբ իր իրավունքները գրանցելու համար, սակայն նրա դիմումները ենթադրյալ անհամապատասխանությունների եւ համընկնումների պատճառով հետեւողականորեն մերժվել են՝ առանց լրացուցիչ բացատրությունների»: Դիմողը բազմաթիվ հիմնավորող ապացույցների հետ ներկայացել էր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 2022 թ. ապրիլի 22-ի գրությունը, որի համաձայն՝ շինարարական աշխատանքներն իրականացվել են ի սկզբանե հաստատված նախագծից շեղումով, ինչպես նաեւ 2022 թ. մայիսի 2-ին տրված փորձագիտական եզրակացություն առ այն, որ բազմաբնակարան շենքի կառուցումը խախտում է դիմողի տարածքի սահմանները եւ հանդիսանում է հողազավթում։

Ըստ այդմ, տեղի է ունեցել՝

1) դատական պաշտպանության մատչելիության իրավունքի խախտում, քանի որ Ա.Մանուկյանը զրկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թ. հունիսի 17-ի որոշումը վիճարկելու դատարանի մատչելիության եւ իրավական պաշտպանություն հայցելու իրավունքներից, որով սկզբնական հայցվոր Հմայակ Հարությունյանը փոխարինվել էր «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի նախագահ Լեւոն Օրդուխանյանով,

2) սեփականության իրավունքի խախտում այնքանով, որքանով դիմողը զրկվել է իր սեփականության իրավունքից, քանի որ՝ – դատարանները ցեսիայի պայմանագրի հիման վրա ընդունելի են համարել դատավարական իրավահաջորդությամբ սեփականության ձեռքբերման վաղեմության իրավունքի փոխանցումը եւ սկզբնական հայցվոր Հմայակ Հարությունյանին փոխարինել են պատասխանող Լեւոն Օրդուխանյանով, այն դեպքում, երբ հայցվոր Հմայակ Հարությունյանը դատարան դիմելիս չի ունեցել որեւէ իրավունք պահանջվող գույքի նկատմամբ, եւ օրենքով նախատեսված չի եղել ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի փոխանցման հնարավորություն, – դատարանների կողմից ձեռքբերման վաղեմության ուժով «օրենքով սահմանված դեպքերի» խախտմամբ դիմողի գույքի նկատմամբ ճանաչվել է Լեւոն Օրդուխանյանի սեփականության իրավունքն այն դեպքում, երբ Լեւոն Օրդուխանյանը երբեւէ չի բնակվել կամ հաշվառվել նշված տարածքում, ավելին՝ սեփականության իրավունքի ճանաչման պահին՝ պահանջվող գույքը եղել է քանդված՝ Լեւոն Օրդուխանյանի բիզնես ծրագրի իրականացման նպատակով,

3) Վճռաբեկ դատարանի մատչելիության իրավունքի խախտում, քանի որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը 2024 թ. օգոստոսի 21-ի որոշմամբ մերժել է դիմող Անդրանիկ Մանուկյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել այն պայմաններում, երբ արձանագրել է, որ նյութական եւ դատավարական իրավունքի նորմերի խախտումների մասին բողոք բերած անձի փաստարկները հիմնավորված են, ինչպես նաեւ, երբ դիմողը փաստացի հիմնավորել է, որ ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերը հակասում են միեւնույն հարցի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած մեկ այլ՝ թիվ ԵԴ/8745/02/18 գործով դատարանի արտահայտված իրավական դիրքորոշումներին: Օրենքով նախատեսված պահանջի խախտմամբ եւ օրենքով սահմանված ընթացակարգի բացակայությամբ Ա.Մանուկյանի հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման պահանջը Լեւոն Օրդուխանյանին փոխանցելու ընթացակարգի սահմանադրականության հարցադրման առնչությամբ դիմողը եզրահանգել է, որ օրենսգրքի 345-րդ հոդվածը, 397-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաեւ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ հոդվածը, 40-րդ հոդվածն ու որոշման՝ սույն կետի 1-ին եւ 3-րդ ենթակետերի ներքո դրանց իրավակիրառ պրակտիկայում դատարանների կողմից տրված մեկնաբանությունը չեն համապատասխանում Սահմանադրությանը: Անդրանիկ Մանուկյանը զրկվել է իր սեփականության իրավունքից, քանի որ դատարանները ցեսիայի պայմանագրի հիման վրա ընդունելի են համարել դատավարական իրավահաջորդությամբ սեփականության ձեռքբերման վաղեմության իրավունքի փոխանցումը եւ սկզբնական հայցվոր Հմայակ Հարությունյանին փոխարինել են պատասխանող Լեւոն Օրդուխանյանով այն դեպքում, երբ սկզբնական հայցվոր Հմայակ Հարությունյանը դատարան դիմելիս չի ունեցել որեւէ իրավունք պահանջվող գույքի նկատմամբ եւ օրենքով նախատեսված չի եղել ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի փոխանցման հնարավորություն:

ՍԴ որոշումը 32 էջ է: ՍԴ-ն որոշեց` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը եւ 397-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ ձեռքբերման վաղեմության իրավահարաբերությունների դեպքում դատավարական իրավահաջորդության փաստով չեն կարող փոխանցվել փոխանցման պահին գոյություն չունեցող նյութական իրավունքները եւ պահանջները։ 2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը եւ 397-րդ հոդվածի 1-ին մասը դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. Սահմանադրական կառուցակարգերի առանձնահատկությունից ելնելով՝ Սահմանադրական դատարանն ընդգծում է Վճռաբեկ դատարանի կողմից Սահմանադրական դատարանի դիրքորոշման հիման վրա նոր հանգամանքով վարույթ հարուցելու պարտադիրությունը եւ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների՝ Վճռաբեկ դատարանի կողմից վարույթը վերսկսելու, ինչպես նաեւ վերսկսված վարույթի արդյունքում այդ դիրքորոշումներին համապատասխան՝ գործի ըստ էության վերջնական լուծումն ապահովող որոշում կայացնելու համար պարտադիր լինելը։

«Առավոտ» օրաթերթ
09.07.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031