Լավ, ի՞նչ է անում Փաշինյանը: Չէ, նկատի չունենք երկրի հետ: Այն, ինչ նա անում է մեր երկրի հետ, դա գիտենք, զգում ենք մեր մաշկի վրա: Հարցն այլ է` ի՞նչ է անում Փաշինյանն իր թիմի հետ: Ինչո՞ւ է այդպիսի համառությամբ ու հետևողականությամբ, կներեք, փչացնում նրանց բոլորին, ինչո՞ւ է բոլորի գրպանն ապօրինություն «գցում»:
Կարծում ենք՝ նպատակը բավականին պարզ է՝ իր բոլոր թիմակիցներին դարձնել այդ ամեն ինչի մեղսակիցը: Այսինքն՝ իր բոլոր թիմակիցներին Փաշինյանը ձգտում է դնել ու դրել է այնպիսի վիճակի մեջ, որ նրանցից ոչ մեկը չկարողանա որևէ պարագայում «թռնել» իր գլխի վրայից:
Այլ կերպ ասած՝ դա կոչվում է կոլեկտիվ մեղավորության զգացում: Եթե կուզեք՝ կոլեկտիվ մեղավորության համախտանիշ: Խորհրդային տարիներին մեծացածները կհիշեն հանրահայտ երգի բառերը. «Կապկպված են նույն շղթայով…»:
Նիկոլ Փաշինյանի հանգամանքը պարզ է, ինչպես պարզ են նրա ցանկությունները: Բայց այստեղ ծագում է մեկ այլ, այսպես ասենք՝ հանդիպակաց հարց. լավ, իսկ ինչո՞ւ են նրանք՝ թիմակիցները, անում այդ ամեն ինչը: Չէ՞ որ, ինչ էլ նրանց մասին ասենք, հազիվ թե բոլոր քպականներն անխտիր «պուլտով» կառավարվող կամ ինքնուրույն մտածելու անընդունակ լինեն, կամ՝ ինքնապահպանման բնազդից բացարձակ զուրկ: Ավելին, հազիվ թե նրանք բոլորն էլ այդպես համոզված են իրենց արածի ճշմարտացիության մեջ, հազիվ թե նրանք բոլորն էլ ոգևորված լինեն այս ամենով: Հազիվ թե բոլոր քպականներն արդեն իսկ անդառնալի «փչացել» են: Եվ վերջապես՝ հազիվ թե բոլորն էլ բացարձակ անհայրենիքներ են: Իհարկե, խոսքը Փաշինյանին արդեն բացարձակ սոսնձված մի 10-12 հոգու մասին չէ: Նրանք «կլինիկական դեպքեր» են այլևս: Խոսքը մնացածի մասին է:
Կարդացեք նաև
Կարծում ենք՝ նման վարքի մի քանի խորքային պատճառներ կան:
Առաջիններից մեկն այն է, որ նրանց 90 տոկոսն առանց Նիկոլ Փաշինյանի ոչ մի բան է, այսինքն՝ «զրոյական կետ»՝ թե՛ հասարակական-քաղաքական, թե՛ մասնագիտական առումով: Երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի խոսքը հիշեցինք ու կարող ենք վերարտադրել այսօրվա համար, և դարձյալ նա ճիշտ կլինի. առանց Նիկոլ Փաշինյանի «դուք քանի՞ ձայն կհավաքեք»: Եվ շարունակությունը. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն Աժ-ում չեք հայտնվի, այլ կարտագաղթեք, տղե՜րք»:
Մյուսը. նրանք, կարծում ենք, շատ բան ունեն կորցնելու: Հատկապես նրանք, որ չունեին ոչինչ, հասարակական կարգավիճակով գարեջրի հյուրասիրության սպասող էին, իսկ հիմա դարձել են սեփականատեր, տնատեր, դրամային միլիոնատեր, իսկ ոմանք արդեն նաև՝ ոչ դրամային: Նյութական առումով կորցնելու շատ բան ունեն: Պաշտոն ունեն կորցնելու ու պաշտոնի հետ ստացած բարիքներ, որոնց մասին նախկինում կարող էին միայն անպտուղ երազել: Վերջապես պաշտոնից բխող «աքլորանալու» հնարավորություն ունեն, որը երբեք չեն ունեցել, չէին կարող ունենալ ու չեն ունենալու, երբ իշխանության չլինեն:
Մյուս պատճառն այն բանի գիտակցումն է, որ իրենք արդեն թաթախված են փաշինյանական գործունեության մեջ՝ որպես մասնակից, որպես անմիջական կատարող: Դա էլ մի ահավոր վախ է՝ ապագայի հետ կապված: Նիկոլ Փաշինյանն իրեն հաստատ մի օր կգցի, իր գլխի ճարը կտեսնի, իրենք ի՞նչ են անելու, եթե իշխանությունը կորցրին:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։