Հանրային ուշադրության կիզակետից դուրս է մնացել Հայաստանի համար կենսական մի հարց: Խոսքը ինչ-որ 300 000 ադրբեջանցիների ծրագրվող «վերադարձի» մասին է Հայաստան, ինչը վաղուց պնդում է Ալիևը, և ինչը, ինչպես հայտնի դարձավ մայիսի վերջին, նրան խոստացել է հայկական կողմը: Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասաց, որ շուտով ադրբեջանցիները կարող են Հայաստանում ապրել այնպես, ինչպես հայերն են ապրում Վրաստանում, և պահանջեց դա ընդունել որպես փաստ:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ «Արևմտյան Ադրբեջան» տերմինի կիրառմանը, ապա նա առաջարկել է ըմբռնումով մոտենալ դրան: Մինչ այդ հայկական իշխանությունն ուղղակիորեն չէր հայտարարում Բաքվի այդ պահանջին համաձայնելու պատրաստակամության մասին, Հայաստանում ադրբեջանցիներին բնակեցնելու հեռանկարը սկզբում հերքում էին (թեև փաստաթղթերն արդեն դրված էին սեղանների վրա), հետո լռում, բայց, ահա, մայիսի 27-ին պարզվեց, որ հարցը լուծված է։
Այս հայտարարությանը հասարակական արձագանքը, մեղմ ասած, միանշանակ չէր:
Նրանք, ովքեր հետևում էին իրավիճակին և հասկանում, թե ինչի մասին է խոսքը, վրդովված էին իշխանությունների սանձարձակությունից, որոնք պարզապես քաղաքացիներին կանգնեցնում էին այն փաստի առաջ, որ փոքր Հայաստանում բնակվելու է թշնամական պետության 300 000 ներկայացուցիչ: Բավականին շատ հայերի համար նման հեռանկարը չափազանց ցնցող է՝ այդպիսի իրականությունը լիարժեք գիտակցելու համար: Եվ նրանք պարզապես չհավատացին, որ խոսքը փաստացի իշխանության կոնկրետ ծրագրերի մասին է: Իհարկե, մեր հասարակության այս հատվածը ևս ի վիճակի է գնահատել իրավիճակի լրջությունը, պարզապես դրա համար որոշ ժամանակ է պետք:
Կարդացեք նաև
Հենց այդ պատճառով էլ իշխանությունը օպերատիվ կերպով զբաղված է տեղեկատվական օրակարգը «շեղելով»:
Քաղաքագետ Արթուր Խաչիկյանն ընդգծում է Փաշինյանին բնորոշ հատկությունը՝ «ասել, որ ոչինչ չի եղել, հետո ասել, որ կարող է և եղել է, հետո ասել, որ՝ այո՛, եղել է, բայց դա այնքան էլ սարսափելի չէ, նշաձողը կիջեցնենք»: Քաղաքագետը հիշեցնում է. «Հիշում եք, նա իջեցնում էր Ղարաբաղի նշաձող, և մենք մնացինք առանց Ղարաբաղի»:
Նույն մեթոդով իշխանությունը մտադիր է աստիճանաբար «վաճառել» հանրությանը այն ամենը, ինչ պահանջում է Բաքուն՝ և՛ ադրբեջանցիների մի ամբողջ բանակի մուտքը Հայաստան, և՛, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ արտատարածքային գոտու կարգավիճակով: «Շատ հնարավոր է՝ շուտով մենք լսենք, որ Սյունիքում էլ պետք է իջեցնել նշաձողը, – ենթադրում է Խաչիկյանը՝ առաջնորդվելով Փաշինյանի կողմից տեղեկություն տալու տրամաբանությամբ, – նա կասի, որ սա ճանապարհ է, Ադրբեջանը կասի, որ սա միջանցք է, հետո կասի՝ դե, անվանեք՝ ինչ ուզում եք, գուցե պարտադիր չէ, որ այդ մեքենաները կանգնեն սահմանին՝ մաքսային հսկողության համար, այսինքն ՝ աստիճանաբար Օվերտոնի պատուհանը կբացվի»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։