Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Նոր Խարբերդում 9,5 հա մակերեսով հողատարածքների ապօրինի օտարման հետևանքով շուրջ 143 մլն դրամի վնաս է պատճառվել համայնքին

Հուլիս 10,2025 12:51

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2020-2021 թվականների ընթացքում ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, իր համագյուղացիների և ծանոթների հետ ունեցած մտերիմ հարաբերություններով պայմանավորված, վերջիններիս կողմից համայնքին պատկանող օտարման ոչ ենթակա հողամասերը սեփականության իրավունքով ձեռք բերելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը օգտագործել է համայնքի շահերին հակառակ։ Մասնավորապես՝ անտեսելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված օտարման արգելքը՝ 2021 թվականի ընթացքում կազմակերպած աճուրդ-վաճառքով 13 միավոր, ընդհանուր՝ 9,5 հա մակերեսով արոտավայրերն օտարել է տարբեր անձանց, որով էական՝ շուրջ 142․694․213 ՀՀ դրամի վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին։

Բացի այդ, համայնքի ղեկավարը, անձնական այլ դրդումներից ելնելով, 2021 թվականի փետրվարի 16-ին կազմել և իր ստորագրությամբ ու համայնքի ղեկավարի կնիքով հաստատել է տեղեկանքներ այն մասին, որ Նոր Խարբերդ համայնքի տարածքում գտնվող 5 հողամասերը չեն դասվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի շարքին և ենթակա են մասնավորեցման, մինչդեռ դրանք հանդիսացել են օրենքով նախատեսված՝ օտարման ոչ ենթակա հողեր։

Նոր Խարբերդ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ):

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազությանն առաջարկվել է «Դատախազության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի կարգով քննարկել սույն քրեական վարույթով հաստատված` օրենքի խախտմամբ օտարված անշարժ գույքերի գործարքներն առոչինչ ճանաչելու և գույքային միավորները համայնքի հաշվեկշիռ վերադարձնելու պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հարցը:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031