Լրահոս
Օրվա լրահոսը

Նռնակի մեջ սիսեռի հատիկներ են. մեր փոքր ժամանակվա կռիվ-կռիվ խաղն է. փաստաբանը՝ առգրավված զենք, զինամթերքի մասին

Հուլիս 10,2025 12:55

Այսօր ձերբակալված դաշնակցական 7 երիտասարդի պաշտպաններն ավելի քան երեք ժամ իրենց վստահորդներին տեսակցելու իրավունքից զրկված մնալուց հետո որոշեցին բոյկոտել եւ հեռանալ: Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք իրենց պաշտպանյալները չե՞ն տուժի իրենց գնալով, փաստաբան Սերգեյ Հարությունյանը կարճ արձագանքեց՝ կարծում եմ, ոչ:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն արդեն տարածել է հաղորդագրություն՝ հայտնելով, որ ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել է, որոնցից մեկի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում:

– Նույնիսկ դիմումը մուտք չեն թույլ տվել անել, բարիկադներով ոստիկաններին կանգնեցրել ու փակել են: Այս ամենը հաշվի առնելով՝ մենք՝ փաստաբաններս, որոշում կայացրինք, որ այստեղ չունենք անելիք, որովհետեւ սա հերթական ապօրինի «մասկի շոուն» է լինելու, հերթական իբր ահաբեկչական խմբավորում հայտնաբերելն է լինելու: Հաշվի առնելով, որ արդեն երեք ժամ է՝ արեւի տակ ենք կանգնած ու նույնիսկ ՄԻՊ աշխատակիցների գալուց հետո թույլ չեն տվել, որ մուտք գործենք ներս, մենք հասկանում ենք, որ մեր մասնակցությամբ լեգիտիմացնելու ենք,- լրագրողներին ասաց Սերգեյ Հարությունյանը:

Նա նկատեց, որ Բագրատ սրբազանի շոուից հետո, սա էլ երկրորդ շոուն է. «Չգիտեմ՝ շեղում են հասարակությանը դրսում կատարվող իրադարձություններից: Ինչեւէ, հաշվի առնելով, որ մենք չենք ցանկանում լեգիտիմացնել մեր գործողությամբ այս պահին իրականացվող ապօրինությունը, մենք հեռանում ենք այստեղից»:

Անդրադառնալով կոմիտեի տարածած նկարներին, որտեղ երեւում է նռնակ, զենքեր, պարկուճներ եւ այլն, պարոն Հարությունյանը բացատրեց, թե դրանք ինչ կապ կարող են ունենալ այն սպորտաձեւի հետ, որը իրենք՝ պաշտպանները, վերագրում են այս գործով որպես մեղադրյալ անցնող երիտասարդին. «Այդ նռնակը մի սարք է, որը այս սպորտային խաղի ժամանակ է, ինձ ասել են, որ նռնակի մեջ սիսեռի հատիկներ են: Strikeball-ի ժամանակ, երբ իրար կրակում են ներկեր, դա մեր փոքր ժամանակվա կռիվ-կռիվն է, հիմա ժամանակակից կերպով: Խնդիրն այն է, որ սա առիթ դարձավ երկրորդ շոուն պատրաստելու, հանրությանը շեղելու, անձանց մեկուսացնելու: Ինչ-ինչ վտանգավոր, հակահայկական փաստաթղթերի ստորագրելու կամ հայտարարելու ժամանակ մարդիկ, որոնք որ պետք է ոտքի կանգնեին եւ իրենց անհամաձայնությունը հայտնեին, այդ բոլորին մեկուսացնելու ու վախի մթնոլորտ առաջացնելու համար է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031