Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի զբոսաշրջության եւ մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ասաց, որ այս նախագծով մեկնարկում է Հայաստանի զբոսաշրջության եւ մարզային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, որի ֆինանսավորումը կապահովվի ՀՀ եւ ՎԶՄԲ միջեւ վարկային համաձայնագրի ստորագրմամբ։
«Ծրագիրը նպատակ ունի օժանդակել զբոսաշրջության առանձնացված 20 կլաստերներից 7-ին՝ Արենի, Դիլիջան, Գյումրի, Դվին, Ջերմուկ, Գորիս եւ Եղեգիս՝ խթանելով գինու, արկածային, առողջարանային, մշակութային, կրթական եւ էկոզբոսաշրջությունը Հայաստանի տարբեր մարզերում»,- ասաց Խոջոյանը։
Ծրագրի ընդհանուր արժեքը 120 մլն 500 հազար եվրո է, որից 24 մլն 100 հազար եվրոն ՀՀ կառավարության համաֆինանսավորումն է, 96 մլն 400 հազար եվրոն վարկային միջոցներն են։ Ծրագիրը կիրականացվի մինչեւ 2030 թվականի ավարտը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ըստ կառավարության հաշվարկների՝ ծրագրի շահառուների թվում են տարեկան նվազագույնը 180 000-ից ավելի բնակիչ եւ 750 000-ից ավելի զբոսաշրջիկ, որոնց համար հասանելի կլինեն ծրագրի տարածքում քաղաքային ենթակառուցվածքի բարելավված ծառայությունները եւ բարձր գրավչությամբ զբոսաշրջային առաջարկները։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ