ՀԱՍԵ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի ֆեյսբուքյան գրառումը
Եկեղեցին պատկանում է Աստծուն, ոչ թե որեւէ իշխանության։ Ոչ մի կառավարություն չի կարող կարգադրել, թե ով պիտի հովվի ժողովրդին։ Տեղին կլինի հիշեցնել, որ Կաթողիկոսն էլ պետական պաշտոնյա չէ, որին կարելի է մի SMS-ով պաշտոնազրկել կամ ֆեյսբուքյան գրառմամբ հորդորել, որ ինքնապաշտոնազրկվի։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ամբողջ աշխարհում սփռված հայ հավատացյալների հոգեւոր հայրն է՝ ընտրված Եկեղեցու կանոնական կարգով եւ աշխարհասփյուռ հայ հավատացյալ ժողովրդի աղոթքով ու մասնակցությամբ։ Կաթողիկոսին օրինական ճանաչում տալու իրավունքը ոչ մի աշխարհիկ մարմին չունի։ Պետական որեւէ միջամտություն հոգեւոր իշխանության հարցերում բացարձակապես անթույլատրելի է։
Վարչապետի կողմից ինչ-որ տարօրինակ «հանձնաժողով» ստեղծելու միտքը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հայրապետական աթոռից «քրիստոնեաբար» հեռացնելու մտադրությամբ, պատմական ու բարոյական աննախադեպ երեւույթ է։ Պատմության ընթացքում չենք հիշում հայ կամ օտար մի իշխանություն, որն այդքան բացահայտ կերպով փորձած լինի տնօրինել Եկեղեցու ներքին գործերը։
Կաթողիկոսի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին հրապարակային ակնարկներն ու սպառնալիքները՝ նրան եւ բարձրաստիճան եկեղեցականներին վախեցնելու եւ ճնշում գործադրելու անթաքույց նպատակ են հետապնդում։ Եկեղեցականը չի կարող լռել, երբ իր Հայրապետին սպառնում են։ Կաթողիկոսը չի դադարում հոգեւոր հայր ու հայրապետ լինել, երբ ինչ-որ մեկի խելքին փչում է՝ նրան աշխարհական անունով դիմել։ Դա ի ցույց է դնում տվյալ անձի դաստիարակության մակարդակը, որն ինչ-ինչ հանգամանքներում, բախտի բերմամբ թե պատահմամբ, իշխանության է եկել եւ չգիտի ինչպես, որտեղ եւ երբ բանեցնի իր իշխանությունը։
Լուսանկարը՝ Էդմոն Հախնազարյանի