Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Մեր նպատակը հայագիտությունն ակտիվ հետազոտական ոլորտ դարձնելն է. Արթուր Մարտիրոսյան

Հուլիս 10,2025 17:49

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ելույթով հանդես է եկել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում հուլիսի 9-12-ն անցկացվող Հայագիտական միջազգային կոնգրեսում:

Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է հայագիտության զարգացման ուղղությամբ պետական քաղաքականությունն ու իրականացվող ծրագրերը:

Նա ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարության կողմից համակարգվող և Հայաստանի պետական բյուջեով ֆինանսավորվող հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման ծրագրի շնորհիվ հայագիտությունը հաջողությամբ զարգանում է տարբեր աշխարհագրական գոտիներում. այսօր արդեն 11 երկրում 13 բուհական և գիտական կառույցներ իրականացնում են հայագիտական ծրագրեր։ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով նախատեսվում է հայագիտական կենտրոնների թիվը հասցնել 23-ի՝ իրականացնելով տարեկան 12 հետազոտական աշխատանք, 8 հայագիտական միջազգային գիտաժողովներ և կրթամշակութային միջոցառումներ։

«Հայագիտության արդյունավետ զարգացման և տեսանելիության ապահովման համար չափազանց կարևոր է աշխարհասփյուռ հայագիտական կենտրոնների փոխհամագործակցությունը։ Միասնական գիտական նախագծերի, համատեղ համաժողովների, հրապարակումների և փոխանակման ծրագրերի միջոցով հնարավոր է ստեղծել ամուր գիտակրթական ցանց, որը կնպաստի թե՛ մասնագիտական որակի բարձրացմանը, թե՛ հայ ժողովրդի մշակութային ժառանգության տարածմանը միջազգային հարթակներում»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է ցանցային հայագիտական համալսարանի ստեղծումը, որով հնարավոր կլինի միավորել հայագիտական կենտրոններում արդեն իսկ զարգացող կարողությունները և սահմանել դրանց զարգացմանն ուղղված գործուն քայլերի շրջանակը:

«Մեր նպատակն է՝ ստեղծել այնպիսի գիտակրթական միջավայր, որտեղ հայագիտությունը կներկայանա ոչ միայն որպես մշակութային ժառանգության պահպանման գործիք, այլև ակտիվ հետազոտական ոլորտ՝ արդիական մեթոդաբանությամբ, համագործակցային հարթակներով և համաշխարհային գիտության հետ մշտապես հաղորդակցվող կեցվածքով»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը  և հավելել, որ օտարերկրյա պետություններում գործող հայագիտական կենտրոնների համագործակցությունը Հայաստանի կրթագիտական կառույցների և բուհերի հետ կարևոր նշանակություն ունի հայագիտության համակարգված զարգացման և գիտական ներուժի համախմբման համար։

«Համագործակցությունը կարևոր կամուրջ է Հայաստանի և սփյուռքի միջև՝ ամրապնդելով համահայկական գիտակրթական և մշակութային կապերը։ Հայաստանի բուհերն ու կրթագիտական կառույցները, համագործակցելով օտարերկրյա պետություններում գործող հայագիտական կենտրոնների հետ, կարող են ներգրավվել միջազգային գիտական ցանցերում, բարձրացնել հայկական կրթության վարկանիշային հեղինակությունը, ապահովել ազգային արժեքների և մշակութային ժառանգության միջազգային տարածումն ու ճանաչումը»,- եզրափակել է Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով Հայագիտական կոնգրեսի կազմակերպիչներին։

Կոնգրեսին մասնակցում են շուրջ չորս տասնյակ երկրների գիտակրթական առաջատար հաստատությունների հեղինակավոր հայագետներ ու հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ։

Հայագիտական կոնգրեսն անցկացվում է երկրորդ անգամ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

 ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031