«Այո, հենց բուն նպատակը կոմունիկացիաներն են․ այն, որ Ադրբեջանն ուղիղ կապ է ստանում Նախիջևանի հետ։ Արտաքին դերակատարների պահանջ է, որ տրանսռեգիոնալ ճանապարհներից մեկն անցնի ՀՀ-ով, ունենա տարանցիկ բնույթ։ Անկախ նրանից, թե մեր ինքնիշխան տարածքն է, փաստորեն տրանզիտն ապահովում է»,- Aravot.am-ի հարցին՝ հնարավո՞ր է Աբու Դաբիում կայացած Փաշինյան-Ալիև բանակցություններից հետո հատկապես կոմունիկացիաների հետ կապված բեկումնային փուլ մտնենք, այսպիսի կարծիք հայտնեց արցախցի վերլուծաբան Դավիթ Կարաբեկյանը։
Նա նշեց՝ խոսակցություն կա, որ ամերիկյան լոգիստիկ կազմակերպություն է վերահսկելու և կազմակերպելու բեռնափոխադրումները։
Հիշեցնենք՝ ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարել էր, որ «սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը»։
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ սա զիջո՞ւմ է ՀՀ կողմից, թե՝ ոչ, Դավիթ Կարաբեկյանը պատասխանեց․ «Փաստորեն ՀՀ ինքնիշխանությունը միջանցքի վրա չի սահմանափակվելու․ դա մնալու է ՀՀ ինքնիշխան տարածք, սակայն մոնիտորինգ բառը, որ օգտագործվում է, այն ձևակերպումները, որոնք կապված են բեռնափոխադրումների հետ, հուշում են նրա մասին, որ ցամաքային կապը կա, և դրա շուրջ պայմանավորվածություն կա։ Բնական է դա կազդի տարածաշրջանային կոնֆիգուրացիաների վրա, և կերևա, թե Իրանն ու ՌԴ-ն որքանով են հետամուտ Զանգեզուրի միջանցքով շարժը թույլ տալու կամ չտալու հարցում»։
Ըստ Դավիթ Կարաբեկյանի՝ փաստորեն ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան և արևմտյան դաշնակիցները մուտք ստացան տարածաշրջան ՀՀ-ի ինքնիշխան տարածքով․ «Ամենակարևորը, ՌԴ-ն հավակնում էր ինքը վերահսկել, նույնիսկ վկայակոչում էր նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետը, որ ФСБ-ն պետք է վերահսկի, բայց դա չեղարկվեց։ Այսինքն՝ ինչ-որ տեղ սա փորձաքար է ՌԴ-ի համար, և պատահական չէ, որ մինչև այդ հանդիպումը որոշակի սրացում է եղել Ադրբեջանի և ՌԴ-ի միջև։ Ընտրվեց միջին տարբերակը՝ այսինքն՝ մեղմ ճանապարհով Հայաստանի կոմունիկացիաները դուրս բերվեցին ՌԴ-ի ազդեցության գոտուց»։
Դավիթ Կարաբեկյանին հիշեցրինք Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ «կրկին վերահաստատում ենք՝ այն նույն պայմաններով, ինչ Իրանի Իսլամական Հանրապետությունն է այդ անցումը տրամադրում՝ նույն պայմաններով նաև մենք ենք պատրաստ անել» և փոխանցեցինք Տաթևիկ Հայրապետյանի հարցադրումները․ «Իրանը ե՞րբ է արտապատվիրակել իր տարածքի վերահսկողությունը որևէ երրորդ կողմի։ Մաքսային հսկողություն է սահմանել, ադրբեջանական կողմն էլ խելոք ենթարկվում է դրան։ Արդյոք, եթե խոսում ենք ապաշրջափակումից, ուրեմն ՀՀ-ն Ադրբեջանի տարածքից օգտվելու է երրորդ կողմին արտապատվիրակած մաքսային ստուգումներո՞վ, թե՞ Ադրբեջանը ոչ մի երրորդ կողմի ներկայություն թույլ չի տալու։ Միջանցք տալը պոզով պոչո՞վ է լինում, թե խնդիրն այն էր, թե քո երկրի տարածքը կոնկրետ ո՞ր երրորդ կողմին վերահսկման կհանձնես․․․Կամ տալիս ես միջանցք կամ չես տալիս։ Մի անհարմար հարց էլ՝ «կարմիր գիծ» հռչակված դրույթը քանի՞ անգամ կարող է փոփոխվել դեղին ու կանաչ դառնալու համար․․․»։
Նա ասաց․ «Որևէ հստակեցում չկա՝ ՀՀ-ն ինչ պայմաններով կօգտվի ադրբեջանական տարածքով անցնող ճանապարհներից, այդ թվում՝ երկաթուղուց։ Բնական է, որ Իրանի դժգոհությունը միգուցե նրանով է պայմանավորված, որ նա հաղորդակցությունների մենաշնորհը կորցնում է։ Ադրբեջանը հնարավորություն է ստանում թեկուզ մեր ու միջազգային հսկողությամբ ճանապարհ կառուցի մեր իսկ տարածքում՝ ճանապարհի հարակից տարածքի վրա հսկողություն ունենալով։ Ճանապարհը, որը կապում է Միջին Ասիան, Կենտրոնական Ասիան, Չինաստանը և Վրաստանը, որն անցնում է Վրաստանի ինքնիշխան տարածքով, Ադրբեջանն այդ ճանապարհին ունենում է հասանելիություն, ստացվում է՝ ինքն ինչ-որ տեղ այդտեղ շահում է, դառնում է տարածաշրջանային էներգետիկ և կոմունիկացնող խավ։ Հարցն այն է՝ բա մեր խաղաղության խաչմերո՞ւկն ուր մնաց, ինչպե՞ս է զարգանալու դա։ Օրակարգից դուրս է մնում խաղաղության խաչմերուկի խնդիրը և այն՝ ինչպես են դրան վերաբերվելու Չինաստանն ու ԵՄ-ն։ Արդյոք նրան համաձայնվե՞լ են, որ մեզ փակագծերից դուրս թողնեն։ Հայաստանի՝ որպես քաղաքական գործոնի խնդիրն է։ Դժվար է ասելը՝ մենք դրանով շահո՞ւմ ենք, թե՞ կորուստ ունենում։ Բնական է՝ ՌԴ-ի ռեակցիան զգուշավոր է։ Այն, որ ինքը ռազմական ակտիվություն է ցուցաբերում տարածաշրջանում, իր խոսակցությունն Ադրբեջանի հետ ավելի կոշտ է դառնում, ցույց է տալիս, որ ինքը բավականին վրդովված է։ Իր ռեակցիան մոտ օրերին ցույց կտա, թե որքանով է ինքը պատրաստ ավելի ակտիվ դերակատարում ունենալ։ Կարելի է ասել աշխարհաքաղաքական հաշվարկները շատ մեծ են․ ռիսկեր, վտանգներ կան»։
Ըստ Դավիթ Կարաբեկյանի՝ Ադրբեջանը փորձելու է որևէ ձևով խաղարկել ՀՀ-ի հետ գործոնը և որոշակի զիջումներ կորզել ՌԴ-ից․ «Մեր դիրքը բարդ է։ Չի կարելի ասել, որ մենք շահել ենք, պատահաբար չէ, որ ռուսական բազա մեծ քանակությամբ զենք է եկել ու համալրվել։ Հավանական է, որ մեզ ներքաշեն լարվածության ավելի մեծ ալիքի մեջ, մանավանդ՝ կարծես թե մենք բարեկամություն ենք անում, Թուրքիա գնում, բայց Թուրքիան Ադրբեջանի հետ որևէ հակասություն չունի, և էրդողանը բացեիբաց ՀՀ-ին որևէ անվտանգություն կամ աջակցություն չի խոստացել։ Գրքեր է նվիրում, Փաշինյանի հետ լուսանկարվում է, բայց ըստ էության՝ ռազմավարական հարցերում ինքն Ադրբեջանի հետ որևէ հակասություն չունի»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ