Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ-ում յոթ ամիս է՝ գույքագրում են… անարդյունք

Հուլիս 11,2025 14:00

Արտաքին գործերի նախարարությունը յոթ ամիս շարունակ գույքագրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներկայացրած պլանները։ Տեսանելի արդյունքներ չկան։ Սա պարզ է դառնում «Առավոտին» ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի տրամադրած պատասխանից։

«Տեղեկացնում ենք, որ աշխատանքներն ընթացքի մեջ են, զարգացումների վերաբերյալ կապահովվի նաեւ պատշաճ հանրային իրազեկում»,-փոխանցել է Անի Բադալյանը։

Համատեքստ

Արցախյան գործընթացի բանակցային փաստաթղթերի հրապարակման վերաբերյալ կոչը նախորդ տարեվերջին հնչեցրեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումներին, թե 1994-ից ի վեր բանակցությունները եղել են Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին։

«Քանի որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իր իմաստը, առաջարկում եմ հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները եւ հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։ Այ դա արդեն կլինի իսկական բանավեճ, հիմնված փաստերի վրա»,-հայտարարել էր նախագահը։

Տարեսկզբին Նիկոլ Փաշինյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հանձնարարեց «գույքագրել» բանակցային թղթերը, որից հետո վարչապետը կորոշի՝ հրապարակե՞լ դրանք, թե՞ ոչ։

Մեկ ամիս անց Ազգային ժողովում պատասխանելով փաստաթղթերը թաքցնելու վերաբերյալ ընդդիմադիրների քննադատություններին՝ վարչապետ Փաշինյանը հետեւյալ պատճառաբանությամբ հանդես եկավ. «Ձեզ չթվա, թե բանակցությունների ինստիտուցիոնալացված, առաջին, երկրորդ, երրորդ հատոր կա։ Մի հատը սառնարանի ոտի տակից ենք հանում, մի հատը կոնդիցիոների (օդորակիչ – Ա.Ա.) միջից ենք հանում, մի մասն ընդհանրապես մասնավոր մարդ գալիս է, մեզ տալիս է։ Դուք մի՞ դարակում եք դրել, թողել։ Որ դրած լինեիք, կասեինք՝ վերցրե՛ք, ձեզ ենք տալիս»,-ԱԺ ամբիոնից ասաց ՀՀ վարչապետը։

Սառնարանները ծանր են. Մանուկյան

«Սառնարաններն այնքան ծանր են, որ չեն գտնում այդ փաստաթուղթը (2019-ի պլանը – Ա.Ա.)։ Հո կարեւոր փաստաթուղթ չի՞։ Ստից փաստաթուղ է»,-կատակում է Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ, ՀՀ ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը եւ շարունակում. «Եթե լուրջ, ակնհայտ երեւում է, որ իրենք թաքցնում են այդ փաստաթղթերը, որովհետեւ դրանցով նրանք դիմակազերծվելու են, եւ բացահայտվելու է ամբողջ ճշմարտությունը։ Նրանք ճշմարտությունն են թաքցնում։ Ուրիշ պատճառ չկա։ Նրանք սարսափում են (2019-ի) այդ փաստաթղթի հրապարակայնացումից»։

Մանուկյանը հռետորական հարց է հնչեցնում. «Ինչպե՞ս կարող է արտաքին գործերի նախարարությունում եռանախագահների առաջարկած փաստաթուղթը բոլորի սեղանին դրված չլինել»։

«Փաստաթղթերը գաղտնիության գրիֆ չեն կրել». Միկոյան

«Առավոտին» տված մեկնաբանություններում երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը մանրամասներ հայտնեց բանակցային պլանների էության մասին։

«Նախագահ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին երբեք որեւէ բանակցային փաստաթուղթ գաղտնիության գրիֆ չի կրել… Բազմաթիվ բանակցային փաստաթղթեր տպագրվել են։ Որեւէ մեկի հանդեպ քրեական գործ չի հարուցվել, ինչը տրամաբանորեն ապացուցում է, որ այդ փաստաթղթերը գաղտնիության գրիֆ չեն կրել»,-տեղեկացնում է Բագրատ Միկոյանը։

Միկոյանը հիշեցրեց, որ «նախագահ Քոչարյանը նախագահականից դուրս գալուց որեւէ թուղթ իր հետ չի վերցրել», ուստի չի կարող անձամբ հրապարակել դրանք, բայց «հետադարձ հայացք նետելով՝ լավ կլիներ, որ վերցներ»։

Փետրվարի 17-ի մամուլի ասուլիսում Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես հայտնել էր, որ բանակցային պլանները պետական գաղտնիք չեն համարվում։

Եվ իսկապես, «Առավոտը» կարող է հաստատել, որ համացանցում հասանելի են 1997 թվականի Փաթեթային պլանը, Փուլային պլանը, 1998 թվականի Ընդհանուր պետության պլանը, 2007 թվականի Մադրիդյան սկզբունքները, 2011 թվականի Կազանյան պլանը։ Այլ հարց, որ դրանք պաշտոնական հրապարակումներ չեն եւ արվել են առանձին հետազոտողների կամ լրագրողների կողմից։

Հանրայնացված չեն միայն 2001 թվականի Քի Վեստի պլանը եւ 2019 թվականի պլանը։

«Անընկալելի եւ անտրամաբանական է». Մամիջանյան

Փաստը, որ Նիկոլ Փաշինյանը մինչ օրս հրաժարվում է հրապարակել բանակցային գործընթացի փաթեթները, լավագույն ապացույցն է նրա, որ ինքը որեւէ թաքցնելու բան ունի։ Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի համոզմունքն է։

«Եթե ընդհանրացնենք, ապա, այս կամ այն չափով, իսկ որոշ պարագաներում՝ ամբողջական, նախորդ բոլոր բանակցային փաթեթները հայտնի են, բայց 2019-ին ստացված, Նիկոլ Փաշինյանի մերժած առաջարկը մինչ օրս հրապարակված չէ»,-նկատեց Հայկ Մամիջանյանը, հիշեցրեց՝ «Այդ փաթեթի առկայությունը տեւական ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերքում էր։ Նիկոլ Փաշինյանը, իր թիմակիցները բազմաթիվ անգամներ հերքում էին՝ պնդելով, թե չկա բանակցային առաջարկ, փաստաթուղթ, մինչեւ իրենցից չկախված պատճառներով արդեն հայտնի դարձավ, որ սեղանին առկա էր բանակցային փաստաթուղթ, որն իրենք գաղտնի էին պահում»։

Մամիջանյանը «անընկալելի եւ անտրամաբանական» է որակում Փաշինյանի պատրաստակամությունը՝ Բաքվի պահանջով դիմել ԵԱՀԿ՝ Մինսկի խումբը լուծարելու համար, բայց միեւնույն ժամանակ Մինսկի խմբի շրջանակներում ներկայացված բանակցային թղթերի գաղտնի պահելը։

Հիշեցնենք, որ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը փաստաթղթերի հրապարակման կոչը վերահաստատել է հունիսի 10-ին։

Պահանջն ուժի մեջ է

Իսկ պահանջը շարունակո՞ւմ է արդիական մնալ, զրուցակիցներին հարցրեց «Առավոտի» թղթակիցը։

«Պահանջը օդում կախված է… Մենք եւ բոլոր քաղաքական ուժերը առաջարկում ենք, որ  հրապարակեն վերջին ներկայացված փաստաթուղթը։ Մնում է մեկ բան. հրապարակել այդ փաստաթուղթը… Փաստաթուղթ կա, եւ նրանք չեն հերքում։ Բարի եղեք հրապարակել»,-եզրափակում է Արամ Մանուկյանը։

Բագրատ Միկոյանն էլ նշում է. «Միանշանակ, այդ պահանջն ուժի մեջ է, եւ միշտ էլ կլինի… Սա այնքան բնական եւ հասկանալի պահանջ է։ Մեր բանակցածը մաքուր է, պարզ, հասկանալի եւ ոչ հակապետական։ Մենք որեւէ վախ կամ կաշկանդվածություն չունենք։ Պահանջը միշտ ուժի մեջ է»։

Պատգամավոր Հայկ Մամիջանյանը վերահաստատում է. «Հայաստանի հանրապետական կուսակցությունը, դրա խորհրդարանական ֆրակցիա հանդիսացող «Պատիվ ունեմ» խմբակցությունը հրապարակայնորեն բազմիցս հայտարարել են իրենց պահանջը՝ հրապարակել բոլոր բանակցային փաթեթները… «Աշխատանքներ են տարվում», «կանոնակարգում ենք», «համակարգում ենք», եւ այլն, այդ բոլորն այս իշխանության հերթական ստերն են»։

Ամփոփիչ պատկեր

Ամփոփելով՝ ունենք հետեւյալ պատկերը։ Նախագահներ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի եւ Սարգսյանի թիմակիցները շարունակում են պահանջել բանակցային բոլոր պլանների հրապարակումը։ Սա ողջամիտ հիմք է տալիս ենթադրելու, որ երեք նախագահները իրենց վարած բանակցությունների հանրայնացմամբ մտահոգություն չունեն։

Նույն տրամաբանությամբ, վարչապետ Փաշինյանի հանձնարարած գույքագրման ձգձգումը ողջամիտ կասկած է թողնում, որ թաքցնելու որեւէ բան ունի գործող վարչակազմը։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.07.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031