Հետին թվով անկեղծ «խոստովանություններ» ու հարցադրումներ Ռուսաստանից
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի քննարկումներն ավարտվել են, օրերս հայտարարել է Ալիեւի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ «30 տարվա հակամարտությունից հետո պատմական հնարավորություն է ստեղծվել Հարավային Կովկասում երկարատեւ եւ անշրջելի խաղաղություն հաստատելու համար»,- ասել է նա։
Միաժամանակ Ամիրբեկովը մատնանշել է համաձայնագրի ստորագրման «խոչընդոտները». «Դրանք են Հայաստանի սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը, որը հակասում է խաղաղության պայմանագրի բովանդակությանը եւ ոգուն, ինչպես նաեւ այնպիսի կառույցների վերացման անհրաժեշտությունը, որոնք կորցրել են իրենց նշանակությունը, ԵԱՀԿ Մինսկի խումբը»։
Այսպիսով, թեեւ Բաքվից խոսում են Հայաստանի հետ խաղաղության կնքման «պատմական հնարավորության» մասին, բայցեւ շարունակ կրկնում են իրենց հիմնական պահանջները:
Կարդացեք նաև
Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանը Ադրբեջանի հետ «առանց միջնորդ» խաղաղության հաստատման է գնում, սակայն տպավորություն է, որ այդ դերը ստանձնել է Թուրքիան, բայց այս դեպքում էլ, բնականաբար, առաջ են մղվում Բաքվի շահերը: Ստացվում է, որ Անկարային միջնորդական դեր շնորհելու հարցում որոշակիորեն աջակցում է նաեւ պաշտոնական Երեւանը:
Իսկ ահա Ռուսաստանից վերջին շրջանում լսում ենք խոստովանական երանգներով համեմված մեկնաբանություններ: Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն օրերս արձանագրել է. «Մենք այլեւս պետք չենք Բաքվին, ինչպես պետք էինք մինչեւ ղարաբաղյան հակամարտության լուծումը։ Այժմ մեր հարաբերությունների հերթական սրումը տեղի ունեցավ Եկատերինբուրգի իրադարձությունների պատճառով։ Բայց սա ընդամենը առիթ է, ցանկացած բան կարող է առիթ լինել։ Ադրբեջանի այս քաղաքականությունն ունի սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվն այն է, որ այսօր Բաքուն ՌԴ-ի հետ հատուկ հարաբերությունների կարիք չունի։ Բայց ունի հատուկ հարաբերությունների կարիք Իսրայելի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի հետ։ Այո, վատ չէ օգուտ քաղել ՌԴ-ի հետ առեւտրատնտեսական կապերից։ Բայց այս փուլում դա արդեն երկրորդական է Ադրբեջանի մյուս նպատակների համեմատ։ Ուստի հիմա պետք է առիթներ փնտրել՝ բացատրելու, թե ինչու Ադրբեջանը համաձայն չէ ՌԴ-ի հետ, ինչու է Ալիեւը գրկախառնվում Զելենսկու հետ, ինչու է նա ամենուր խոսում Ուկրաինային իր աջակցության մասին»։
Այնուհետեւ Զատուլինը հավելել է. «Մինչ մենք զրուցում ենք, ընթանում են վերջնական խորհրդակցություններն այն մասին, թե ինչպես են Փաշինյանի Հայաստանն ու Ալիեւի Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու, ու անպայման արեւմտյան հարթակում։ Ամենալավը՝ ԱՄՆ-ում, որպեսզի Թրամփը կրկին խաղաղարար դառնա եւ վերջապես ստանա Նոբելյան մրցանակ։ Սուբյեկտիվ պատճառները հենց Իլհամ Ալիեւի անձի մեջ են։ Նա, քանի դեռ հոր կենդանության օրոք թագաժառանգ էր, իրեն պահում էր երես առած երեխայի նման։ Իսկ հիմա նա ոչ միայն նախագահ է, ժառանգորդ ու իրավահաջորդ։ Նա հաղթող է, որին ուռճացրել է էյֆորիան։ Եվ դրա հետեւանքով ՌԴ-ի հետ հարաբերություններում ավելի հեռու է գնում, քան արժեր։ Ալիեւը կարող էր նախկինի պես անել իր գործերը, հույսը դնել մեր ղեկավարության մեջ եւ ԶԼՄ-ներում իր ընկերների վրա, բայց միեւնույն ժամանակ չսրել հարաբերությունները Մոսկվայի հետ։ Նրա պահվածքը զարմանք է առաջացնում ՌԴ ղեկավարության որոշ մարդկանց մոտ, որոնց հետ ես շփվում եմ. նրանք ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, թե ինչու եւ ինչի համար է Ադրբեջանն այժմ իրեն այսքան հանդուգն պահում»,- նկատում է Զատուլինը։
Այնուհետեւ նա անկեղծանում է. «Ինչո՞ւ մենք 2020 թվականին այդ պատերազմը չկանխեցինք։ Չէ՞ որ կարող էինք կոշտ զգուշացնել Ադրբեջանին, որ ուժային լուծում թույլ չենք տա։ Եվ ոչինչ էլ չէր լինի։ Ինչ-որ մեկին թվում էր, թե Ղարաբաղը ոչ ոքի պետք չէ։ Շատերն այստեղ շրջում ու ասում էին՝ դա մեր հարցը չէ, դա հայերի գործն է։ Ահա Անդրկովկասի ողջ շենքից այս փոքրիկ աղյուսը հանեցին, եւ ամեն ինչ փլուզվեց։ Փաշինյանի օրոք Հայաստանը կորցնում ենք, բայց դրանով Ադրբեջանը ձեռք չենք բերում։ Ամեն ինչ նրա պատճառով, որ բուրգի հիմքից մի փոքրիկ աղյուս հանեցին։ Ինչի մասին ես խոսում էի 20-30 տարի շարունակ։
Բայց մենք արդեն որոշակի ավանդույթ ունենք. Եվգենի Մաքսիմովիչ Պրիմակովը, որին բոլորս սիրում ենք, հրաժարվում էր հանդիպել Քոչարյանի հետ, երբ նա Լեռնային Ղարաբաղի նախագահն էր։ Ինչո՞ւ էր Եվգենի Մաքսիմովիչն այդպես վերաբերվում Քոչարյանին։ Նա կարծում էր, որ Ադրբեջանի եւ Ալիեւ ավագի հետ բարեկամությունն ավելի կարեւոր է։ Ահա թե ինչի հասցրեց այդ բարեկամությունը»,- ասել է պատգամավորը։ Ըստ Զատուլինի` այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը կնշանակի, որ հեռանկարում հայկական որոշ տարածքների, նախեւառաջ Սյունիքի հետ տեղի կունենա նույնը, ինչ տեղի ունեցավ Նախիջեւանի հետ. «Նախիջեւանի ինքնավար մարզն առանձնացված է Ադրբեջանից։ Ժամանակին այնտեղ բնակչության մեծամասնությունը հայեր էին, իսկ հիմա այնտեղ հայեր չկան։ Ինչպես եւ Ղարաբաղում»։
Հետաքրքիր է, Զատուլինը եւ մյուս տեղեկացված անձինք երբեւէ հարցադրում կանեն, թե ինչո՞ւ Ռուսաստանը որոշեց Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունները ստորադասել Ադրբեջանի հետ առավել փոխշահավետ հարաբերություններին: Երբվանից սկսած, եւ ինչու: Օրինակ, ինչո՞ւ Մոսկվան որոշեց զինել Ադրբեջանին` «դա ընդամենը բիզնես է» սկզբունքի շրջանակներում ու դրանով կանաչ լույս վառեց, որպեսզի Ալիեւը ուժով «լուծի» Լեռնային Ղարաբաղի խնդիրը:
Կամ` «Գույք պարտքի դիմաց» տխրահռչակ գործարքի շրջանակներում Ռուսաստանին էին պատկանում Հայաստանի ռազմավարական օբյեկտները, իսկ Հայաստանի հասարակության շրջանում մի առասպել էր իշխում` «եթե թուրքը խախտի Հայաստանի սահմանը, ՌԴ-ի համար դա կարմիր գիծ է, դա չի ներվի…»: Սակայն 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին արդեն իսկ պարզ էր, որ Ադրբեջանին պատերազմ սկսելու «դաբրո» է տրվել, այդ օրերին արդեն հիմք ընդունելով ռուսական քարոզչությունը, կարելի էր փաստել, որ Մոսկվան բռնել է Ադրբեջանի կողմը:
Եվ հիմա, ի վերջո, Մոսկվան դե՞մ է այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» բացմանը: ՌԴ-ն չի ցանկանո՞ւմ Սյունիքում ներկայություն ունենալ եւ տեղակայվել ապաշրջափակված ճանապարհներին:
Թե՞ քանի դեռ Ռուսաստանն իր նպատակները կարող է իրագործել` Ալիեւը «լավն» է, իսկ երբ թուրք-ադրբեջանական տանդեմը զրկում է Մոսկվային իշխելու հնարավորություններից, կամ նեղացնում է Մոսկվայի ազդեցության լծակները, արդեն հետին թվով պետք է ափսոսալ, զղջալ, թե ինչու ՌԴ իշխանական վերնախավը իրավիճակը ճիշտ չգնատահեց 2020-ին ու որքան «վատն է Ալիեւը»…
Ինչ վերաբերում է ռուս-ադրբեջանական լարված հարաբերություններին, ապա չի կարելի բացառել, որ դրանք կարգավորվեն ապագայում, չնայած այն հանգամանքին, որ ՌԴ-ից վերջին շաբաթներին «անկեղծ» խոստովանություններ ենք լսում: Համենայնդեպս, ՌԴ իշխանությունների կողմից այդ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին բավական հաճախ են խոսում:
Ռուսաստանը եւ Ադրբեջանը պետք է մնան մերձավոր գործընկերներ ու դաշնակիցներ, եւ բոլոր ծագող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով, օրերս նշել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Տրամաբանությունը միայն մեկ բանի մասին է խոսում՝ Ռուսաստանը եւ Ադրբեջանը հանդիսանում են եւ պետք է մնան մերձավոր գործընկերներ, դաշնակիցներ եւ երկրներ, որոնց միավորում է ընդհանուր պատմությունը, ընդհանուր ներկան եւ ընդհանուր ապագան»,- ասել է Պեսկովը։ Ապա հայտնել է, որ Բաքվում գտնվող ՌԴ դեսպանատունը եւ ՌԴ ԱԳՆ-ն «մշտական կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ եւ պաշտպանում են ձերբակալված ռուսների շահերը՝ օգտագործելով օրենքով եւ գործող դիվանագիտական պրակտիկայով նախատեսված բոլոր հնարավորությունները»։
Դե իսկ ռուսական քարոզչամեքենայի ամենակարկառուն դեմքերից` «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովն իր` «Շաբաթվա լուրեր» հաղորդման շրջանակներում օրերս հանդես է եկել Ադրբեջանի վերջին գործողություններին ի պատասխան խիստ զգուշավոր ու մեղմ գնահատականներով: Մոսկվան Ադրբեջանի հետ հարաբերություններում առաջնորդվում է` Ալիեւին չզայրացնելու, ավելորդ լարվածություն չստեղծելու սկզբունքով: Շահն ու կախվածությունը մեծ է, այս դեպքում արդեն հարկ չկա գիշեր-ցերեկ խոսել Ադրբեջանի արեւմտյան գործընկերների, Ուկրաինայի աջակցության եւ այլնի մասին:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.07.2025