Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի որոշիչ դերը Արցախի հայաթափման հարցում

Հուլիս 11,2025 13:00

Խաղաղություն պետք է լինի երկու ժողովրդավարությունների միջեւ, ոչ թե մեկ ժողովրդավարության. փորձագետ

Կարծում եմ, որ գոնե հայ հանրությունը որոշակիորեն տեղեկացված է, թե ինչ ճանապարհ անցավ Արցախի ժողովուրդը 1988-ից մինչեւ 2020թ. ընկած ժամանակահատվածում, այդ ընթացքում կերտելով Արցախի անկախ հանրապետությունը:

Նա այդ ամենին հասավ Արցախյան առաջին պատերազմում տված բազում զոհերի եւ հայ ժողովրդի միահամուռ ուժերի հերոսական պատերազմի արդյունքում: Սկզբնական շրջանում ողջ հայությունն իրեն համարյա բոլոր հարցերում շատ ճիշտ էր պահում, սակայն 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, երբ հստակ դարձավ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Արցախի հանրապետության ետգրավման ռեալ ռազմավարությունն ու մարտավարությունը, հայերը փորձեցին դիմակայել նրանց վայրագ հարձակմանը եւ 4 օրվա ընթացքում կորցրեցին մոտ 800 հա տարածք ու տվեցին մոտ 102 զոհ: Գոնե այդ գնով հաջողվեց դադարեցնել այդ պատերազմը, որից՝ ինչպես հետագայում պարզվեց, մերոնք լուրջ դասեր չառան եւ բոլոր ուղղություններով շարունակեցին սխալ ռազմավարություն եւ մարտավարություն կիրառել ու այդ տանդեմի կողմից վայրկյան-վայրկյան՝ Արցախի գրավման նախապատրաստական լուրջ քայլերին եւ գործողություններին, նրանց հանդեպ ոչ մի լուրջ քայլ չէին նախապատրաստում, այլեւ ինտենսիվորեն թալանում էին Արցախի բանակը ու անգամ անվտանգային որեւէ կառույց չէին կազմավորում՝ չփորձելով անգամ որոշակիորեն ուժեղացնել գործող բանակն ու անվտանգային համակարգերը, տպավորություն ստեղծելով, որ մերոնց մոտ ամեն ինչ նորմալ է եւ անհանգստանալու բան չունեն: Ժամանակը հոսում էր, այդ տանդեմն առանց թաքցնելու՝ ուժգնորեն նախապատրաստվում էր հարձակման, սակայն այդքանով հանդերձ, մերոնք շարունակում էին թալանել. կարծես լուրջ վտանգներ չկային … Եվ ահա, այս ամենի արդյունքում, վերջնականապես՝ նաեւ մեր մեղքով, կորցրեցինք Արցախը: Փորձենք ներկայացնել, թե հատկապես որ երկրների «օգնությամբ» կորցրեցինք այն: Եթե հիշենք բոլոր այն հավաստիացումները, որոնք տալիս էին Արեւմուտքի երկրները՝ նաեւ եվրոպական, ապա որպես զուտ ներկայացում կհիշենք, որ համարյա բոլոր այդ երկրները հավաստիացնում եւ հայտարարում էին, որ հանդես են գալիս Արցախի պաշտպանության դիրքերից, սակայն իրականում նրանք ներքուստ առաջ էին մղում լոկ իրենց շահերը՝ ասելով մի բան, անելով լրիվ մեկ այլ բան: Այդպես էր վարվում անգամ «բարեկամ» Ֆրանսիան, որը բացի դատարկ բառերից, որեւէ գործնական քայլ չէր կատարում: Քանի որ մեզ հայտնի է ԱՄՆ-ի եւ Եվրոպական երկրների փոխհարաբերությունները, ապա պարզ է, որ եվրոպական երկրներն այնքան համարձակություն չունեին հակառակ գնալու ԱՄՆ-ին եւ իրականում պաշտպանելու Հայաստանի ու Արցախի շահերը, այնպես որ, նրանք միմիայն ներկայացում էին խաղում, իսկ խորքից պաշտպանում թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը, մանավանդ, որ հենց իրենք մեծ շահեր ունեին այդ տանդեմից, քանզի Հայաստանն իրենից լուրջ բան չի ներկայացնում ու այդ երկրները լոկ պահում էին արտաքին բարոյական էֆեկտը, քանզի չէին կարող ուղիղ հայտարարել, որ իրենք պաշտպանում են այդ նենգ տանդեմի շահերը, որից բազմապիսի օգուտներ էին ակնկալում …

Ամերիկացի հայտնի փորձագետը հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ. ինչ դեր է ունեցել ԱՄՆ-ն Արցախը հանձնելու հարցում:

ՀՀ-ում տիրող իրավիճակն այսօր այսպիսին է. «Գոյատեւման հարց. ոչ ՀՀ կառավարությունը, ոչ էլ արեւմտյան դիվանագետները չեն կարող կանխել ադրբեջանական հետագա ագրեսիան». Մայքլ Ռուբին:

Ադրբեջանի թշնամանքը Հայաստանի նկատմամբ երբեք չի եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունք. Դա պարզապես այն պատրվակն էր, որը Բաքուն առաջարկում էր արեւմտյան դիվանագետների սերունդներին: Փոխարենն Ադրբեջանի մերժման արմատը թաքնված էր ինչպես գաղափարախոսության, այնպես էլ Ադրբեջանի նախագահների անհրաժեշտության մեջ ՝իրենց բնակչությանը շեղելու իրենց ձախողումներից եւ կոռուպցիայից: Այս մասին գրել է Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի (American Enterprise Institute) ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինը։ Հեղինակը հիշեցրել է, որ 2020 թվականին Ադրբեջանն անակնկալ հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի վրա, իսկ 2023 թվականին՝ ավերիչ շրջափակումից հետո, ավարտել իր նվաճումը՝ էթնիկ զտում կատարելով 120,000 հայ բնակիչների նկատմամբ։ Նրա խոսքերով՝ երբ այն ժամանակվա ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնակատարի օգնական Յուրի Քիմը Սենատին հայտարարեց, թե «մենք չենք հանդուրժի որեւէ հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա, նա ստեց»։ Ռուբինի կարծիքով՝ կուլիսներում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանը տեսնում էին հնարավորություն։ Լեռնային Ղարաբաղը Բաքվի վերահսկողությանը հանձնելու հետ մեկտեղ՝ Բլինքենը եւ Սալիվանը կարծում էին, որ այլեւս չկա որեւէ իրական խոչընդոտ Հարավային Կովկասում խաղաղության համար։ Նախագահ Ջո Բայդենն իրեն համարում էր արտաքին քաղաքականության փորձագետ, եւ նրա թիմը պաշտոնը ստանձնեց՝ հայտարարելով, թե «դիվանագիտությունը վերադարձել է», եւ «մեծահասակները վերադարձել են իշխանության», սակայն նրա սկզբնական արտաքին քաղաքականության ժառանգությունը աղետալի էր։ Բայդենի թիմի համար Հարավային Կովկասում խաղաղության նվաճումը կարող էր լինել հաղթանակ՝ ժառանգությունը փրկելու եւ իրենց պատմությունը փոխելու համար։ Կուլիսներում Բայդենի թիմը մեծ ճնշում է գործադրել Հայաստանի՝ ավելի թույլ պետության վրա՝ հետագա զիջումների գնալու համար։ «Հնարավոր է՝ նրանք կարծում էին, որ գինը կարդարացվեր, եթե խաղաղությունը վերջ դներ հակամարտությանը, կամ գուցե նրանց համար միեւնույն էր, քանի դեռ կարող էին հաղթանակի մասին հայտարարել։ Նրանք կամ միամիտ էին, կամ ցինիկ։ Ամեն դեպքում, նրանք սխալ էին հասկացել հակամարտության արմատը»,- գրել է փորձագետը։ Նա հավելել է, որ Ալիեւն ունի ընտրություն՝ խաղաղություն կամ պատերազմ: Նրա նահանջը Բլինքենի եւ Սալիվանի կնքած գործարքներից, նոր զիջումների անվերջ պահանջները, Հայաստանի դեմ շարունակական ռազմական ագրեսիան եւ այժմ ամբողջ Հայաստանին «Արեւմտյան Ադրբեջան» անվանելու նրա պնդումներն արտացոլում են մի մարդու, ով ապրում է իր սեփական ժողովրդի սարսափի մեջ։ Պարզ ասած՝ Ալիեւը կարող է լրացուցիչ պահանջներ ներկայացնել, իսկ Հայաստանի կառավարությունը կարող է նույնիսկ համաձայնվել որոշ պահանջների հետ, բայց ոչ Հայաստանի կառավարությունը, ոչ էլ արեւմտյան դիվանագետները չեն կարող կանխել ադրբեջանական հետագա ագրեսիան: Ալիեւի համար դա իր սեփական գոյատեւման հարց է: Եթե նա կարողանա կարճաժամկետ զիջումներ ստանալ դիվանագիտության միջոցով, սրանք հայկական զոհողություններ չեն խաղաղության ճանապարհին, այլ՝ հաղթանակներ, որոնք Ալիեւը կարող է գրպանել՝ իր վերջնական նպատակը պարզեցնելու համար: «Պատերազմը հավանական է: Այս ամենը չի նշանակում, որ խաղաղությունը անհնար է, բայց կարճ ճանապարհներ չկան: Խաղաղություն պետք է լինի երկու ժողովրդավարությունների միջեւ, ոչ թե մեկ ժողովրդավարության եւ աշխարհի ամենադաժան բռնապետություններից մեկի միջեւ: Նախ Ադրբեջանում պետք է լինի մի կառավարություն, որը կներկայացնի իր ժողովրդին, այլ ոչ թե կշահագործի նրան: Այս իրականությունն անտեսելը խաղաղության առաջխաղացում չէ, այլ, լավագույն դեպքում, տասնյակ հազարավոր կյանքեր կխլի եւ դարավոր մշակութային ժառանգությունը ընդմիշտ կկորսվի, իսկ վատագույն դեպքում՝ խաղաղությունն անհասանելի կմնա: Անվերջ բանակցությունները խրախուսելու փոխարեն՝ Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի համար Կովկասում խաղաղությունն առաջ մղելու լավագույն միջոցը կլինի բարոյական համարժեքությունից հրաժարվելը, Ալիեւի դեմ պատժամիջոցներ կիրառելը եւ Կասպից ծովում ժողովրդավարությանն առաջնահերթություն տալը, այլ ոչ թե՝ բռնապետությանը գովաբանելը»,-եզրափակել է հեղինակը:

Ասվածից պարզորոշ հասկացվում է, որ վերը նշված սխալներից հետո Հայաստանը փրկվելու շանս չունի:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
10.07.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Եվ ոչ մի խոսք Հայաստանի ռազմավարական դաշնակիցը համարվող Ռուսաստանի դերակատարության մասին: Կարծում եք որևէ մեկը լուրջ կհամարի գրածը…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031