Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ի՞նչ է նախավճարը կամ նույն ինքը՝ բեհը

Հուլիս 11,2025 13:30

Խորագիր՝ Իրավագիտակից քաղաքացի

«Առավոտի» իրավական էջի եւ փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանի «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի կողմից այսուհետեւ շաբաթը մեկ, յուրաքանչյուր հինգշաբթի հարցուպատասխանի ձեւով կներկայացվեն «Առավոտի» ընթերցողներին, մեր քաղաքացիներին հուզող իրավական հարցերը, գրասենյակի պատասխանները: Եվ առհասարակ, կտեղեկանաք նաեւ գրասենյակի դատական գործընթացներից:

Ի՞նչ պետք է իմանալ նախավճարի (բեհի) պայմանագրի մասին

Օրերս մեր քաղաքացիներից մեկը հարց էր ուղղել մեզ՝ ակնկալելով ստանալ պարզաբանում բեհի (նույն ինքը՝ նախավճարի) պայմանագրի կնքման առանձնահատկությունների մասին:

Նախ նշենք, որ նշված իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 395 եւ 396-րդ հոդվածներով:

Իսկ ի՞նչ է նախավճարը կամ նույն ինքը՝ բեհը: Նշված Օրենսգրքով սահմանված է, որ «Նախավճար է համարվում այն դրամական գումարը, որ պայմանավորվող կողմերից մեկը պայմանագրով հասանելիք վճարների հաշվին տալիս է մյուս կողմին` իբրեւ պայմանագրի կնքման ապացույց եւ դրա կատարման ապահովում»:

Պետք է հիշել, որ մինչեւ պարտավորության կատարումն սկսելը, կողմերի համաձայնությամբ կամ կատարման անհնարինության հետեւանքով պարտավորությունը դադարելու դեպքում նախավճարը պետք է վերադարձվի:

Եթե պայմանագիրը չկատարելու համար պատասխանատու է նախավճար տված կողմը, այն մնում է մյուս կողմին: Եթե պայմանագիրը չկատարելու համար պատասխանատու է նախավճար ստացած կողմը, նա պարտավոր է մյուս կողմին վճարել նախավճարի գումարի կրկնապատիկը:

Որպեսզի ասվածն ավելի պատկերավոր լինի, բերենք օրինակի վրա. եթե մեքենայի կամ բնակարանի գնորդը վճարել է 1,000,000 դրամ նախավճար կամ բեհ, ապա դա մնում է մեքենա կամ բնակարան վաճառողի մոտ ու չի վերադարձվում, եթե գնորդը այլեւս չի ցանկանում գնել մեքենան: Իսկ եթե վաճառողը նշված գումարը ստանալուց հետո հրաժարվում է մեքենան կամ բնակարանը վաճառելուց, ապա նա պարտավորվում է գնորդին տալ 2,000,000 դրամ, այսինքն՝ նրան տրված գումարի կրկնապատիկը: Ընդ որում, քանի դեռ գնորդն ամբողջությամբ գումարը չի վճարել, պետք չէ մեքենան կամ բնակարանը ձեւակերպել նրա անունով: Նշված պայմաններով առաջնորդվելու դեպքում ռիսկեր չեք ունենա:

Այստեղ պետք է ուշադրություն դարձնել մի կարեւոր հանգամանքի. նախավճարի մասին համաձայնությունը, անկախ նախավճարի գումարի չափից, պետք է կնքվի գրավոր: Ի դեպ, շատ հաճախ շփոթ է առաջանում նախավճար ու կանխավճար բառերի օգտագործման ժամանակ: Նախավճարը, ի տարբերություն կանխավճարի, հանդիսանում է պարտավորության կատարման ապահովման միջոց, ինչի մասին արդեն նշել ենք: Նախավճարը կարելի է դիտարկել նաեւ որպես հիմնական պարտավորության կատարումն ապահովելու համար լրացուցիչ պարտավորություն:

Իսկ կանխավճարը դրամական միջոց կամ այլ գույքային արժեք է, որը պարտապանը տալիս է պարտատիրոջը հետագա վճարումների հաշվին՝ նյութական արժեքների, աշխատանքի եւ ծառայությունների համար: Ի տարբերություն նախավճարի, կանխավճարը տրվում է միայն ի կատարումն պայմանագրի, սակայն ոչ ի հավաստումն պայմանագրի կնքման: Պայմանագրի չկատարման դեպքում կանխավճարը ենթակա է վերադարձման նույն չափով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Կարճ ասած՝ նախավճարը՝ բեհն է, իսկ կանխավճարը՝ ավանսը:

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան, դոցենտ

Իրավաբանական խորհրդատվության, բիզնեսի գրանցման, ինչպես նաեւ ձեր ընկերության իրավաբանական սպասարկման հարցերով կարող եք դիմել կորպորատիվ իրավունքի ոլորտում մասնագիտացած «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի փորձառու մասնագետներին՝ գրելով [email protected] էլփոստին կամ զանգահարելով 055 27 77 35 հեռախոսահամարին:

«Առավոտ» օրաթերթ
10.07.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031