Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 59-րդ նստաշրջանին
2025թ.-ի հունիսի 16-ից հուլիսի 8-ը Ժնևում տեղի ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 59-րդ նստաշրջանը։
Նստաշրջանի ինտերակտիվ երկխոսությունների շրջանակներում ներառված էին ցեղասպանության կանխարգելման, դատավորների և իրավաբանների իրավունքների, արտադատարանական մահապատիժների, կրթության իրավունքի, խոսքի ազատության, կլիմայական փոփոխությունների, ներքին տեղահանված անձանց, կանանց դեմ բռնությունների, ինչպես նաև միգրանտների իրավունքի և այլ թեմաների շուրջ քննարկումներ։ ՄԻԽ-ն անդրադարձավ նաև առանձին երկրներում մարդու իրավունքների իրավիճակներին:
ՀՀ մշտական ներկայացուցչությունը ՄԻԽ59 նստաշրջանին հանդես եկավ 32 ելույթով, ինչպես նաև միացավ 9 համատեղ հայտարարության։
Կարդացեք նաև
ՀՀ ՄՆ ելույթներում անդրադարձներ կատարվեցին ԼՂ հայ բնակչության բռնի տեղահանմանը, հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ազատ արձակմանն ու կեղծ դատավարություններին, կամայական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցողի մանդատի կարևորությանը, ինչպես նաև ցեղասպանության կանխարգելման օրակարգին ՀՀ շարունակական հանձնառությանը։ Ընդգծվեց ՀՀ ամուր հանձնառությունը տարածաշրջանում արդարացի խաղաղության և անվտանգության ու կայունության հաստատման ուղղությամբ։
ՀՀ մշտական ներկայացուցչության ելույթներում ներկայացվեցին նաև Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման բնագավառում արձանագրված առաջընթացն ու ձեռքբերումները՝ ներառյալ մամուլի և խոսքի ազատության, կրթական, ինչպես նաև սոցիալական բարեփոխումները։
Հայաստանը համահեղինակեց մի շարք կարևոր բանաձևեր՝ այդ թվում կրթության իրավունքի, նոր և նորահայտ թվային տեխնոլոգիաների, խաղաղ հավաքների, լրագրողների իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի, կանանց և աղջիկների դեմ խտրականության, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև կանանց և աղջիկների դեմ բռնության վերաբերյալ բանաձևերը։
ՄԻԽ59-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանը հանդես եկավ մի շարք կարևոր նախաձեռնություններով։ Մասնավորապես, ՀՀ նախաձեռնությամբ կազմակերպվեց «Միջազգային համագործակցության դերը թվային ոլորտում գենդերային անհավասարության վերացման» խորագրով հարակից միջոցառումը, որի համակազմակերպիչներն էին Ֆրանսիան, Էստոնիան, Կոստա Ռիկան, Չիլին, Ճապոնիան ու Քենիան։ Միջոցառումը կազմակերպվեց ՄԱԿ-ի բարձր հանձնակատարի գրասենյակի (OHCHR), ՄԱԿ-ի Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) , ՄԱԿ-ի Երեխաների հիմնադրամի (UNICEF) , ՄԱԿ Կանայք (UN Women) և «Կոֆի Աննան» հիմնադրամի համատեղ գործընկերությամբ։
Շախմատի միջազգային օրվան ընդառաջ` Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ ՄՆ կողմից կազմակերպվեց նաև շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը, որը կրում էր շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունը։ Մրցաշարն անցավ ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակի հովանու ներքո՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ Խաղաղության համալսարանի, Շախմատի միջազգային ֆեդերացիայի, ինչպես նաև Շվեյցարիայի և Հայաստանի ազգային ֆեդերացիաների գործընկերությամբ ու աջակցությամբ։
Որպես Համընդհանուր Պարբերական Դիտարկման հարցերով ոչ պաշտոնական խմբի անդամ՝ Հայաստանը համահեղինակեց «Համընդհանուր պարբերական դիտարկումը տարածաշրջաններում» խորագրով հարակից միջոցառումը, որի պանելային քննարկման ընթացքում որպես բանախոս եզրափակիչ ելույթով հանդես եկավ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։
Անվճար կրթության հարցերով հեղինակների խմբի անդամի կարգավիճակով՝ Հայաստանը համահեղինակեց նաև «Անվճար նախակրթական և միջնակարգ կրթության» հարցերով ՄԻԽ 59-րդ նստաշրջանի հարակից միջոցառումը։
ՄԻԽ հաջորդ նստաշրջանը կմեկնարկի 2025թ.-ի սեպտեմբերի 8-ին։