Քիչ առաջ դատարանը որոշեց ՀՅԴ-ական ակտիվիստ 18-ամյա Անդրանիկ Չամիչյանին կալանավորել 2 ամսով: Այս մասին լրագրողներին հայտնեց երիտասարդի պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
– Strikeball խաղի սիրահար լինելու համար, անունը դրեցին ահաբեկչության նախապատրաստություն: Թե ինչ ահաբեկչություն էր, ով էր դա անում, ում դեմ, այս պահի դրությամբ որեւէ տեղեկություն քննչական մարմինները չունեն: Միակ դրական բանն այն էր, որ թեեւ քննչական մարմինը միջնորդել էր առհասարակ փակել տեսակցությունները բոլորի հետ, այդ թվում՝ ծնողների, դատարանը այդ մարդասիրական քայլն արեց ու առողջական լուրջ խնդիրներ ունեցող տղային թույլատրեց, որ ծնողները կարողանան նրան տեսակցել,- ասաց Մելիքյանը:
Ըստ նրա՝ երիտասարդի մոտ գտել են պարագաներ, որոնք վերաբերում են strikeball խաղին, երկու օր առաջ գիշերն իսկ իրավապահներին նա ներկայացրել է՝ որտեղից է ձեռքբերել, ինչու եւ այլն:
Կարդացեք նաև
Ըստ պաշտպանի՝ Չամիչյանի մոտից որեւէ ապօրինի իր հայտնաբերված չէ: 18-ամյա երիտասարդին ձերբակալել են ահաբեկչության նախապատրաստություն, ապօրինի զենք-զինամթերք պահելու հոդվածներով, բայց մեղադրանք առաջադրելիս, երկրորդ հոդվածը հանել են:
Ինչպե՞ս երիտասարդը հայտնվեց իրավապահների ուշադրության ներքո, ըստ Մելիքյանի՝ «Շատ պարզ, մարդը տարել է իր խաղային իրերը տոպրակով թողել է տատիկի մոտ: Տատիկը զանգել է, ասել է՝ երկու օրից կվերցնեմ: Հետո, չգիտեմ՝ ինչ պայմաններում ուշացել է, տատիկն էլ չի իմացել՝ ինչ է, տարիքով տատիկ է, վերցրել ու գցել է տնից դուրս: Քաղաքացի է տեսել ու անհասկանալի բաներ են: Երբ Անդրանիկը գնացել է իր տոպրակները վերցնելու, ասել են՝ քո՞նն է, պատասխանել է՝ այո, ասել են՝ դե, գնացինք: Սրա հիմքում միայն ու միայն ընկած է այն, որ Անդրանիկը ՀՅԴ երիտթեւի անդամ է, դա էլ Ալիեւի հանձնարարությունները կատարելու հետ ուղիղ կապ ունի, ինչ-որ տեղ նվեր էր՝ տատիկի նվերը՝ Նիկոլ Փաշինյանին»:
Ռուբեն Մելիքյանն այս գործում էլ իրավաբանություն չի տեսնում: Ըստ նրա՝ Հայաստանում օր-օրի իրավապահ մարմինները հեռանում են իրավաբանությունից ու սահմանադրականությունից: Նրա խոսքով՝ հեռավորությունը ժամ-ժամի մեծանում է: «Գուցե սա ֆրանսիական ժողովրդավարությո՞ւնն է, այնտեղից ինչ-որ քաջալերանքի խոսքեր էին հնչել: Ֆրանսիական ժողովրդավարությունը գուցե սա է, բայց ինձ հայտնի ժողովրդավարության ու իրավական պետության կանոններն ուղղակի ոտնատակ են տրված: ԱԺ այն խայտառակ հայտարարությունից հետո, երբ կոպտորեն խախտվել է անմեղության կանխավարկածը, իշխանությունների տարանջատումը, չեմ իմանում՝ արդյոք մեր դատարանները, նույնիսկ եթե շատ ուզենան, ի վիճակի՞ են լինել անկախ այս հրապարակային ճնշման պարագայում, ոչ հրապարակային ճնշման մասին չեմ խոսում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հ. Գ. «Արթուն ենք» շարժման անդամ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Անմեղ երիտասարդին կալանավորելու որոշումը կայացրել է իմ նկատմամբ բռնության գործով դատավորը, ով ոչ միայն չի կալանավորել ինձ սպանելու փորձ արած հանցագործներին, այլև մի քանի տարի տևած դատական նիստից հետո, վճռեց նրանց ազատ արձակել դատարանի նիստերի դահլիճից»: