Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակցականի շապիկին գրվածը հոգեհարազատ էր Պատրիկ Հենրիին, Մել Գիբսոնին, հույներին, սերբերին ու անգամ կուբացիներին

Հուլիս 11,2025 15:05

Ուժայինների կողմից դաշնակցականների բնակարաններից առգրավված իրերի թվում է եղել նաեւ ՀՅԴ տարբերանշանով շապիկը, որի վրա գրված է «Մահ կամ ազատություն»: Վերջինս ներկայացվել է որպես ահաբեկչության նախապատրաստման իրեղեն ապացույց, ինչի վերաբերյալ բազմաթիվ հումորային արձագանքներ են եղել մամուլում եւ սոցցանցերում։

Դաշնակցության «Մահ կամ ազատություն» կարգախոսը, որ այդքան սարսափազդու եւ վտանգավոր է թվում այսօր, իրականում տարբեր ժամանակներում այլ երկրներում եւ այլ շարժումների կողմից էլ է օգտագործվել:

Օրինակ, «Տվեք ինձ ազատություն, կամ տվեք ինձ մահ» (Give me liberty, or give me death)՝ թեւավոր խոսք դարձած եւ 1775 թ. արված այս ձեւակերպման հեղինակը ամերիկացի քաղաքական եւ պետական գործիչ, անկախության մարտիկ հռչակված Պատրիկ Հենրին է, նրա այս նախադասությունը հետագայում հիմք է հանդիսացել ամերիկյան գրական գործերի համար:

«Ազատություն կամ մահը» եղել է նաեւ հույների ազգային կարգախոսը՝ 1820-1830-ականներին Օսմանյան կայսրության դեմ մղվող պատերազմի ժամանակ։

1821-1824-ականներին «Ազատություն կամ մահ» (Independencia ou Morte)՝ են գոչել Բրազիլիայի ազատության համար պայքարողները:

Նույն կարգախոսը հոգեհարազատ է ռումինացիներին. «Ազատություն կամ մահը» «Վեր կաց (զարթիր), ռումինացի» երգի, ավելի ճիշտ օրհներգի արտահայտություններից մեկն է :

«Ազատություն կամ մահը» («Libertad o muerte») նաեւ Ուրուգվայի ազգային նշանաբանն է:

«Ազատություն կամ մահը» ( «Слобода или смрт») 19-20-րդ դարերում եղել է սերբական ազգային եւ հակաօսմանյան պայքարի կարգախոսը:

Կուբացի ազատամարտիկները, այդ թվում՝ Ֆիդել Կաստրոյի կողմնակիցները հաճախ են հանդես եկել «Ազատություն կամ մահ» կարգախոսով:

Շատերին հայտնի է «Ազատություն կամ մահ» (Freedom or Death, 1981) հունական ֆիլմը՝ նվիրված հունական անկախության 1821 թ. շարժմանը։

«Ազատություն կամ մահը» իր արտացոլումն է գտել նաեւ արվեստում: Օրինակ, Մել Գիբսոնի՝ 1995թ նկարահանած օսկարակիր «Քաջ սիրտը » ֆիլմում, որը նկարագրում է 13-րդ դարի Շոտլանդիայի ազատագրական պայքարն ընդդեմ անգլիական տիրապետության, թեեւ տառացիորեն չի օգտագործվում այդ արտահայտությունը, բայց փոխարենը հերոսի՝ Ուիլիամ Ուոլլեսի կերպարն է մարմնավորում է «Ազատություն կամ մահ» գաղափարը։ Դրա վկայությունն է նրա ելույթը ճակատամարտից առաջ՝ They may take our lives, but they’ll never take our freedom! (նրանք կարող են խլել մեր կյանքը, բայց երբեք չեն խլի մեր ազատությունը):

 Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031