Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ոչ մի անօրինական գործողություն չենք անելու, եթե իշխանությունը փորձի ուժ կիրառել, դա իրենց խղճի վրա մնա»․ արցախցիները պատրաստվում են վաղվա հանրահավաքին

Հուլիս 11,2025 15:44

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հուլիսի 12-ին Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնի։ Խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց՝ տեղեկություններ կան, որ ՀՀ իշխանությունները ճնշումներ են գործադրելու հանրահավաքի մասնակիցների վրա։

Սայիդա Պողոսյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

«Հուլիսի 12-ին Ազատության հրապարակում պատրաստվում ենք մեծ հանրահավաքի։ Մեր պահանջագրի 12 կետերն անփոփոխ են, հիմա ավելի քան հաստատակամ ենք ու վերջնական որոշել ենք, որ պայքարը շարունակվում է։ Եվ շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ որ գոնե մինիմում պահանջները չբավարարվեն։ Իհարկե, գիտակցում ենք, որ այս պահին գերիների վերադարձը շատ մեծ խնդիր է, բայց այդ հարցն օրակարգում պահել եւ ճնշումներ գործադրել Ադրբեջանի իշխանությունների եւ միջազգային հանրության վրա, մենք պարտավոր ենք։ Եվ ես կոչ եմ անում հասարակական, քաղաքական, մշակութային բոլոր գործիչներին, ովքեր մտահոգ են մեր բարձրաձայնած հարցերով, անպայման գան, կանգնեն արցախցիների կողքին, քանի որ առավոտվանից մամուլում տեղեկություն կա, որ Նիկոլը հրահանգ է տվել՝ եթե հանրահավաքի մասնակիցները շատ լինեն, հենց «բնում էլ խեղդեն» արցախցիներին։ Իսկ դա շատ մտահոգիչ է։ Արցախցիները խաղաղ են, ցույցը խաղաղ է լինելու, ոչ մի ագրեսիվ քայլ չի լինելու, ինչպես մարտի 29-ի ցույցն է խաղաղ եղել, այնպես էլ հիմա է լինելու»,- ասաց Սայիդա Պողոսյանը։

Նա ասաց, որ մարդիկ անընդհատ զանգում են խորհրդի անդամներին ու հարցնում՝ ճի՞շտ է, որ իշխանությունները պատրաստվում են ուժ գործադրել հանրահավաքի ժամանակ․ «Բայց ես հուսով եմ, որ մեր կառավարությունն աչալուրջ կլինի եւ այդպիսի քայլերի չի գնա, քանի որ արցախցին դուրս է գալու իր երեխայի, իր մայրիկի, իր հարազատի հետ։ Մենք ոչ մի անօրինական գործողություն չենք անելու, եթե ոստիկանությունը կամ այլ ուժային մարմիններ ուժ կիրառեն, դա արդեն իրենց խղճի վրա մնա։ Եվ այս իշխանությունները դրանով ավելի կճոճեն իրենց աթոռը»։

Նա նշեց, որ ակնկալում են ինչպես արցախցիների, այնպես էլ հայաստանցիների ակտիվ մասնակցությունն այս հանրահավաքին։ «Ակնկալում ենք Հայաստանի ժողովրդի աջակցությունը, քանի որ իրենք են միշտ սատար կանգնել մեզ, իրենք են օգնել, որ արցախցին 2020 թվականից մինչեւ այսօր ամուր կանգնի իր հողի վրա։ Եվ այսօր պետք է ամեն ինչ անենք, որ արցախցին մնա Հայաստանում, որովհետեւ քանի դեռ իրենք այստեղ են ապրում, Արցախի հարցը փակված չէ, եւ Արցախ վերադարձի հարցը միշտ մնալու է օրակարգում»,- հավելեց Սայիդա Պողոսյանը։

Հանրահավաքի վերջում նախատեսել են նաեւ երթ, այս պահին սպասում են Երեւանի քաղաքապետարանի թույլտվությանը։

Հիշեցնենք, որ բռնի տեղահանված արցախցիները հունիս ամսվա համար այլեւս չեն ստանա 40-հազարական դրամ աջակցությունը, կառավարության որոշմամբ՝ աջակցության ծրագրերը կուղղվեն միայն սոցիալապես խոցելի խմբերին՝ հաշմանդամություն ունեցողներին, անչափահասներին, ծերերին։ Ավելի վաղ, կառավարությունն արցախցիներին առաջարկել էր Ազատության հրապարակից հանել վրանները՝ խոստանալով եւս երկու ամսով՝ ապրիլ եւ մայիս ամիսների համար երկարաձգել աջակցության ծրագիրը։ Այդ ժամկետն էլ ավարտվել, եւ արցախցիներն ահազանգում են, որ լուրջ խնդիրների առաջ են կանգնել, քանի որ այդ 40 հազարական դրամներն իրենց բնակարանների վարձավճարներն են։ Արցախցիները նշում են, որ քանի դեռ լուծված չէ իրենց բնակարանային ապահովման հարցը, 40-հազարական դրամ աջակցության ծրագիրը պետք է գործի անխտիր բոլորի համար։

Սայիդա Պողոսյանն ասում է՝ իսկապես լուրջ սոցիալական խնդիրների առաջ են կանգնել արցախցիները, որոշ ընտանիքներ դրսում կհայտնվեն, քանի որ չեն կարողանա վճարել բնակարանների վարձը։ Նա ասաց, որ կան արցախցիներ, ովքեր միայնակ են ապրում, ծեր չեն, խոցելի խմբերում ներառված չեն, ինչպե՞ս են ապրելու։ «Չգիտեմ՝ վաղը ինչ է սպասվում, հնարավոր է, որ մարդիկ լինեն, ովքեր չցանկանան տուն գնալ, որովհետեւ տան վարձի վճարման վերջնաժամկետը ամսի 15-ն է, բայց մարդիկ այդ գումարը չունեն։ Եթե մենք ուզում ենք, որ արցախցիները մնան Հայաստանում, պետք է պայքարենք, որպեսզի իրենք մնան, արարեն եւ ուժեղացնեն Հայաստանը։ Ես միշտ ասում եմ, որ արցախցին Հայաստանի համար կապիտալ է, մենք այդ կապիտալը պետք է տեղին օգտագործենք»,- ասաց նա։

Սայիդա Պողոսյանը հավելեց, որ մարտի 29-ի հանրահավաքից հետո առճակատման չգնացին ՀՀ կառավարության հետ, փորձեցին բանակցությունների միջոցով հասնել արդյունքի, բայց այն արդյունքները, որոնք կան, ընդհանրապես չեն բավարարում արցախցիներին։ «Եվ պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ արցախցիների մինիմալ պահանջները կփորձեն բավարարել։ Եվ այնպես չէ, որ արցախցին չի աշխատում, շատ ընտանիքներ ունենք, որոնք իսկապես աշխատում են, բայց հնարավոր չէ պահել 5 երեխա սոցիալական այս պայմաններում։ Ես չեմ հիշում արցախցի մի ընտանիք, որն առողջական խնդիր չունենա։ Օրինակ՝ քաղցկեղով հիվանդ մարդը պետպատվերով վիրահատվում է, բայց դեղորայք չի ստանում։ 2020 թվականից հետո արցախցիների առողջական խնդիրները սրվել են, դրան զուգահեռ այս սոցիալական խնդիրներն են։ Ես կոչ եմ անում ՀՀ կառավարությանը՝ վերանայել իր ծրագրերը։ Եթե ասում են՝ հիանալի ծրագիր ենք ձեզ համար նախատեսել, թող մեկ ամիս գան ապրեն արցախցիների համար նախատեսված այս ծրագրերով հասանելիք գումարներով»,- նշեց Սայիդա Պողոսյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031