Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Serenade Nostalgie» խորագրով համերգ՝ նվիրված «Սերենադ» կամերային նվագախմբի հիշողություններին, որն իր հիմնադրման օրվանից (1991 թ.) Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հիշարժան ելույթներ է ունեցել եվրոպական մի շարք երկրներում՝ ներկայացնելով ինչպես համաշխարհային դասական երաժշտական գրականությունից, այնպես էլ հայ կոմպոզիտորական արվեստի դասական երաժշտության ընտիր էջեր։
Այս համերգին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմը դարձյալ մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ ներկայացրեց ծրագիր, որտեղ ընդգրկված էին Ֆրանց Շուբերտի, Էդվարդ Գրիգի և շվեյցարաբնակ մեր հայրենակից Դավիթ Հալաջյանի ստեղծագործությունները։
Կայացած երեկոյի ընթացքում հանդիպեցինք Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայի ուսանող-երաժշտագետ Սոֆյա Խաչատրյանին, որն, ի դեպ առաջին անգամ լայն ընթերցողին մասնագիտական խոսքով ներկայացել է վերջերս Aravօt.am-ում: Մասնագետին խնդրեցինք համերգից ստացած տպավորություններով կիսվել, մասնավորապես կանգ առնելով Հալաջյանի ստեղծագործության վրա, որը մեզ մոտ հնչեց առաջին անգամ:
Կարդացեք նաև
«Գրիգի «Հոլբերգ սյուիտը», որը քնարական հայացք է դեպի բարոկկո դարաշրջան և Շուբերտի «Աղջիկը և մահը» կվարտետը (փոխադրումը լարային նվագախմբի համար Գ. Մալերի), որն արտահայտումն է ռոմանտիզմի դրամատիզմի ու ողբերգության, ստեղծում են ժամանակների երկխոսություն։ Իսկ Հալաջյանի «Sonorus Autumnus» (Աշնան շրշյունը) ջութակի և լարային նվագախմբի համար գրված կոնցերտը հանդես է գալիս որպես մեր օրերի ձայնը, որն իր նորարարական արտահայտչամիջոցներով և տեմբրային լուծումներով շարունակում է մարդկային հույզերի, բնության հետ կապի և ազգային ինքնության մասին խոսելու ավանդույթը», – ասաց մեր զրուցակիցը:
Ապա կենտրոնանալով զուտ հալաջյանական ստեղծագործության վրա, հայտնեց հետևյալը. «Ինչպես մնացյալ գործերում, այդպես էլ այս կոնցերտում կոմպոզիտորի համար պոեզիան և բնությունը հանդես են գալիս որպես ներշնչանքի աղբյուր, կառուցվածքային տարր՝ հարստացնելով երաժշտության բովանդակությունը։ Ստեղծագործության հիմքում ընկած է Վահան Տերյանի «Շշուկ և շրշյուն» բանաստեղծությունը, որի տողերը տեղադրված են պարտիտուրի սկզբում և վերջում՝ ապահովելով հուզական շրջանակը։ Ես այս ստեղծագործության մասով զրուցել եմ կոմպոզիտորի հետ, մեջբերեմ նրա խոսքը «Իմ մտածմունքների, մտորումների ու վերապրումների սփոփանքը փորձում եմ գտնել բնության մեջ։ Կոնցերտում կան բնության ձայները՝ քամու և ծառերի, կապանքներից ազատվելու թռչունի ճիգը, անցյալի ու հայրենիքիս հետ կապված հուշերը։ Գուցե և կարելի է կոնցերտը որոշ չափով ինքնակենսագրական կոչել։ Այստեղ մենակատար ջութակը, նվագախմբի հետ մերթ երկխոսության, մերթ հակադարձության բռնվելով, արտահայտում է ապրումներս, որոնք նաև արտացոլումն են իմ ազգի պատմության և ապրումների»:
Հետո էլ երաժշտագետը, այնուամենայնիվ, մասնագիտական խոսքով հանդես եկավ. «Ստեղծագործությունն իր միամաս կառուցվածքով, ներքին զարգացվածությամբ, հուզականությամբ, մեղեդայնությամբ, ազգային ելևեջների և ժամանակակից կատարողական տեխնիկաների (շնչառական էֆեկտներ՝ «շշ», «սս», «ֆֆ», ոչ ռիթմիկ գլիսանդոներ, դադարներ, կտրուկ ընդհատումներ) համադրումներով, ոչ ավանդական գործիքակազմով (վիբրոֆոն, կախված ծնծղա, տամ-տամ, բաս թմբուկ) ներկայացնում է հնչյունային մի կտավ, որտեղ բնության շունչը միահյուսվում է կոմպոզիտորի անձնական ապրումների հետ։
Ի դեպ, «Sonorus Autumnus» կամ «Աշնան շրշյունը» կոնցերտը գրվել է 2019 թվականին՝ Շվեյցարիայում անցկացվող «Աշնան ձայներ» փառատոնի պատվերով, որի շրջանակներում էլ տեղի է ունեցել պրեմիերան՝ մենակատար Շուշան Սիրանոսյանի և Ցյուրիխի կոնսերվատորիայի նվագախմբի կատարմամբ։ Իսկ այս` հայաստանյան պրեմիերան, որի հանդիսատեսն էիք նաև դուք, մեծ ոգևորությամբ ընդունվեց ունկնդիրների կողմից, տաղանդավոր ջութակահարուհի Անուշ Թոփչյանի և մաեստրո Թոփչյանի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմի փայլուն մեկնաբանմամբ»:
Հավելենք, որ բուռն ծափահարությունների և հավելյալ կատարման պահանջի արդյունքում հնչեց ևս երկու ստեղծագործություն՝ Հայդն «Սերենադ լարային նվագախմբի համար» (Op. 3 No. 5) և Հալաջյան՝ «Իմ լույսը» (լարային կազմի համար փոխադրումը՝ կոմպոզիտորի)։ Այս առիթով էլ Սոֆյա Խաչատրյանը հետևյալ դիտարկումն արեց. «Տեսեք, տարբեր դարաշրջանների երկերի զուգակցումը ցույց տվեց, թե ինչպես են դարերի ընթացքում փոխվում երաժշտական լեզուն և արտահայտչամիջոցները, բայց ոչ մարդկային հոգու որոնումները՝ կյանքի ու մահվան մասին մտորումները, նոստալգիան, լույսը»:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ