Դատարանը 3 ամսով կալանավորեց մի քանի ամսական երեխայի երիտասարդ մորը. հայտնում է Panorama-ը։ Փաստաբան Զարուհի Փոստանջյանն ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երիտասարդ կինը, իմանալով կալանքի որոշման մասին, լացում է։ Կարգադրիչներն ու մյուս ներկաները ջուր են տալիս։ Կինը երեք երեխա ունի։
«Իմ երեխաները չեն կարող ճաշ պատրաստել իմ փոքրիկի համար։ Ո՞նց են զրկում մորը երեխայից»,-լացելով ասում է կինը։
Ըստ փաստաբանի, կնոջը կալանավորում են, քանի որ չի մասնակցել դատական նիստերից մեկին։ Նա որոշումն անարդար, անհիմն է համարում։
Մանկահասակ երեխայի մորը կալանավորելու որոշում կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Արշակ Մաթևոսյանը։ Փաստաբանը Panorama.am-ի հետ զրույցում ավելի ուշ հայտնեց, որ Լ. Հարությունյանը գործում ներգրավված է եղել որպես վկա։ Գործը վերաբերում է Հնդկաստանի քաղաքացիների անօրինական միգրացիային, որի շրջանակում երիտասարդ կինը յոթ անգամ թարգմանություն է արել։
Կարդացեք նաև
Ավելի ուշ գործով կինը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ իբր համալսարաններից մեկի պրոռեկտորին հանցագործության հարցում օժանդակելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելք։ Կինն ունեցել է հանրային պաշտպան, որը սակայն նիստերին չի ներկայացել։
«Հանրային պաշտպանից հրաժարվել է, ասել է, մինչև ինձ պաշտպան չտաք, չեմ գա նիստերին։ Ու մեկ անգամ նիստի չի եկել։ Դա եղել է առիթ, որ իր խափանման միջոցը նախ փոխեն տնային կալանքով։ Այսօր էլ Վոթսափի միջոցով ծանուցագիր են ուղարկել, որ գա դատարան։ Նա ինձ խնդրել է իր հետ գամ դատարան։ Եկել եմ՝ ամեն ինչից անտեղյակ։ Հանրային պաշտպանը էլի չի եկել, կարծեմ՝ Անյուտա Մկրտչյան։ Այսօր խափանման միջոց ընտրեցին երեք ամսով կալանքը։ 8 ամսական երեխա ունի, երեխուն չգիտենք՝ ի՞նչ անենք, երևի հետը պետք է տանի ՔԿՀ»,-ասաց Փոստանջյանը։
Նրա խոսքով, որոշումը ստանալուն պես կբողոքարկեն։
«Դատալեքս»-ում հրապարակված մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Լիանա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանցագործությանը նպաստելով տեղեկություններ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու եղանակներով, օժանդակել է ՀՀ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանին և պրոռեկտոր Դավիթ Մադոյանին, իրենց իշխանական կամ ծառայողական լիազորությունների օգտագործմամբ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Գուրվինդեր Կումարի, քրեական վարույթով դեռևս չպարզված ոմն «Ջոն»-ի և «Աշոք»- ի հետ շահադիտական դրդումներից ելնելով, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, միմյանց գործողությունները փոխլրացնելով Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն։
Դատարանն այս գործը ստացել է այս տարվա մարտի 21-ին։ Գործով անցնում են ևս երեք մեղադրյալներ։
Գուրվինդեր Բոլա Սինգհի Կումարին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախաքննությամբ դեռևս չպարզված «Ջոն»-ի և «Աշոք»-ի, ինչպես նաև «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր Վաղարշակ Վարուժանի Մադոյանի և պրոռեկտոր Դավիթ Վաղարշակի Մադոյանի հետ, իրենց իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ՀՀ քաղաքացի Լիանա Ժուլիվերի Հարությունյանի օժանդակությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով՝ շահադիտական նպատակով երկու դեպքով կազմակերպել է Հնդկաստանի Հանրապետության թվով 16 քաղաքացիների անօրինական միգրացիան։
Դավիթ Վաղարշակի Մադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի պրոռեկտորի պաշտոնը, և ռեկտոր Վաղարշակ Վարուժանի Մադոյանը, իրենց իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով, Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Գուրվինդեր Բոլա Սինգհի Կումարի, ինչպես նաև նախաքննությամբ դեռևս չպարզված «Ջոն»-ի և Աշոք»-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ՀՀ քաղաքացի Լիանա ժուլիվերի Հարությունյանի օժանդակությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով՝ շահադիտական նպատակով երկու դեպքով կազմակերպել են Հնդկաստանի Հանրապետության թվով 16 քաղաքացիների անօրինական միգրացիան։
Վաղարշակ Վարուժանի Մադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտորի պաշտոնը, և պրոռեկտոր Դավիթ Վաղարշակի Մադոյանը, իրենց իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով, Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Գուրվինդեր Բոլա Սինգհի Կումարի, ինչպես նաև նախաքննությամբ դեռևս չպարզված «Ջոն»-ի և «Աշոք»-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ՀՀ քաղաքացի Լիանա Ժուլիվերի Հարությունյանի օժանդակությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով՝ շահադիտական նպատակով երկու դեպքով կազմակերպել են Հնդկաստանի Հանրապետության թվով 16 քաղաքացիների անօրինական միգրացիան:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը
Երեք երեխաների (փոքրը ութ ամսական է) մայր այս կինը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 470 հոդվածով նախատեսված անօրինական միգրացիայի կազմակերպման օժանդակության համար: Շուրջ 1 տարի թարգմանություն կատարելու համար նա հարցաքննվել է որպես վկա, հետո, իրավաբան գործընկերներս ինձ լավ կհասկանան, շըրըխկ, և արդեն մեղադրյալ է:
Գործը նախնական դատաքննության փուլում է: Դատարանը, որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը, սակայն քանի որ կինը ապրում է վարձակալած տանը, սեփականատերը հրաժարվել է թույլ տալ իր տանը կրի տնային կալանքը: Իսկ դատարանն ինչ է անում դրա փոխարեն, էլի, շըրըխկ և 3 ամսով կալանք: Հիմա այս կնոջը 8 ամսական երեխայի հետ պետք է տեղափոխեն կալանավայր, ուրիշի հոգացությանը չի կաչող թողնել:
Մի կարևոր հանգամանք ևս, գործով անցնող մյուս մեղադրյալները կալանավորված չեն:
Հիմա հարց կալանքի որոշում կայացրած դատավոր Արշակ Մաթևոսյանին՝ դու գիտես ի՞նչ է մարդասիրությունը:
Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ներքին համոզմունքը նաև նրա համար է մտածված, որ մի քիչ մարդ մնաք:
Արդարությունն ու արդարադատությունը նաև մարդասիրություն են ենթադրում: