«Մոսկվայում միգրանտներին կվերահսկեն տեղեկատվական տեխնոլոգիաների համալիրի միջոցով», – ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Քաղաքապետը նշել է, որ Մոսկվան սկսել է ժամանակակից տեխնոլոգիաներ մշակել՝ միգրացիոն հոսքերի նկատմամբ «տոտալ» վերահսկողություն ապահովելու համար։
Այսպես, սահմանին միգրանտը լուսանկարվում է, որով կարող են ճանաչել նրան, մատնահետքեր հանձնում։ Միգրացիոն կենտրոնում, ուր նա անպայման պետք է ներկայանա, միգրանտը հանձնում է իր գենոմը։
Այսպիսով, ըստ Սոբյանինի՝ անօրինական գործողությունների, վարչական, քրեական խախտումների դեպքում նման անձի որոնումը զգալիորեն կհեշտանա:
Կարդացեք նաև
«Ավելին, մենք կվերլուծենք մուտքը, ելքը, հաշվառումը և այլն՝ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Բացի այդ, տեղաշարժը վերահսկելու և քաղաքում նրա գտնվելու վայրը տեսնելու համար միգրացիայի հաշվառման նոր համակարգ է ներդրվում. միգրանտի հաշվառումը կիրականացվի իր սեփական հեռախոսի միջոցով։
Հեռախոսի մեջ ներբեռնվում է հատուկ ծրագիր, որի միջոցով ռոբոտ օպերատորը կարող է անձին ցանկացած հաճախականությամբ հարցում ուղարկել, իսկ միգրանտը պետք է պատասխանի՝ ցույց տա դեմքն ու աշխարհագրական դիրքը։
Եթե մարդը կապի մեջ չէ, չի պատասխանում, չի աշխատում այս ծրագրի համաձայն, մենք կարծում ենք, որ նա խախտում է միգրացիայի հաշվառման պայմանները՝ դրանից բխող բոլոր հետևանքներով», – հստակեցրել է Սոբյանինը։
Քաղաքապետը հավելել է, որ միգրանտներին տրվում են էլեկտրոնային քարտեր, որոնց միջոցով ոստիկանները կարող են ստուգել նրանց կարգավիճակը, որը նշված կլինի կարմիր, դեղին կամ կանաչ գույնով։
«Եթե գույնը կարմիր է, նշանակում է՝ մարդը որոնվում է։ Եթե դեղին է՝ որոշ խախտումներ ունի։ Կանաչ գույնի դեպքում կարող է ազատ շրջել», – մանրամասնել է Մոսկվայի քաղաքապետը։
Սոբյանինի խոսքով՝ համակարգը թույլ է տալիս վերահսկել թե՛ միգրանտի կարգավիճակը, և թե՛ ոստիկանի գործողությունները. ոստիկանը պարտավոր է որոշումներ ընդունել՝ համաձայն ալգորիթմի։
«Եթե մարդը «կարմիր» հատվածում է, պետք է ձերբակալես նրան։ «Դեղին»-ի դեպքում՝ նախազգուշացնես, «կանաչի» դեպքում՝ բաց թողնես, և ոչ թե հակառակը», – հստակեցրել է քաղաքապետը։
Մոսկվայի քաղաքապետը վստահ է՝ այս մոտեցումը բոլորովին այլ իրականություն կապահովի միգրանտների վերահսկողության և հանցագործությունների բացահայտման տեսանկյունից։