Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Լավագույն դեպքում 8 ամսական փոքրիկ երեխան կգտնվի կալանավայրում՝ իր մայրիկի կողքին։ Սա է մեր «արդարադատությունը». Զարուհի Փոստանջյան

Հուլիս 11,2025 18:06

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Այսօր՝ 2025 թվականի հուլիսի 11-ին, Շենգավիթի դատարանը որոշում է կայացրել 3 ամսով կալանավորել քաղաքացի Լիանա Հարությունյանին։ Վերջինս ունի բարձրագույն կրթություն և մատուցել է թարգմանչական ծառայություններ Հնդկաստանի քաղաքացիների համար։ Ի սկզբանե Լիանա Հարությունյանը հարցաքննվել է որպես վկա, սակայն հետագայում նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի միգրացիայի օժանդակության մեղադրանքով։

Հատկանշական է, որ Լիանա Հարությունյանը երեք անչափահաս երեխաների մայր է, որոնցից ամենափոքրն ընդամենը 8 ամսական է։ Միևնույն ժամանակ, ազատության մեջ են գտնվում երեք տղամարդ, ովքեր հանդիսանում են իբրև թե ապօրինի միգրացիայի կազմակերպիչներ։

Դատարանի որոշումից արդեն անցել են ժամեր, սակայն մինչ այս պահը որոշման օրինակ չի տրամադրվել պաշտպանական կողմին, ինչը խոչընդոտում է բողոքարկման հնարավորությանը։

Այս պարագայում մնում է բաց հարց՝ ինչպես և ո՞ւմ միջոցով է ապահովվելու 8 ամսական երեխայի խնամքը, արդյո՞ք խոցելի սոցիալական վիճակում գտնվող մոր նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց, համաչափ է, կալանավորման պայմաններում ո՞վ է ապահովելու երեք երեխաների խնամքը։

Փաստացի, Հայաստանի Հանրապետության դատարաններն անցել են մանկահասակ երեխաների իրավունքների կոպիտ խախտման՝ անտեսելով նրանց շահերը և օրենքով սահմանված պաշտպանությունը։

Լավագույն դեպքում 8 ամսական փոքրիկ երեխան կգտնվի կալանավայրում՝ իր մայրիկի կողքին։ Սա է մեր «արդարադատությունը»։

Լիանա Հարությունյանի պաշտպան՝ Զարուհի Փոստանջյան

11 հուլիսի, 2025թ

Լուսանկարում՝ 3 անչափահաս, (որից մեկը նորածին) երեխաների մոր նկատմամբ կալանքի որոշում կայացրած դատավոր Արշակ Մաթեւոսյանը 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031