Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

«Գործողությունների համաչափության և իրավաչափության հետ կապված խնդիրներ կան, որոնք հիմք են տալիս ենթադրելու և պնդելու, որ այստեղ քաղաքական նպատակահարմարություն կա»․ Արթուր Սաքունց

Հուլիս 11,2025 18:56

«Մեր հայտարարության մեջ ամբողջականորեն նկարագրված է կազմակերպության դիրքորոշումն՝ այս ներքաղաքական իրավիճակների հետ կապված, և մտահոգությունը ահաբեկչության՝ որպես ներքաղաքական գործիք կամ մեխանիզմ օգտագործելու դրսևորումների հետ կապված, և ընդհանրապես զենք ու սպառազինություն կամ զենքի միջոցով քաղաքական խնդիրներ լուծելու հետ կապված, ինչն անթույլատրելի է»,-Aravot.am- հարցին՝ ահաբեկչական գործողությունները բացահայտելու ճանապարհին իրականացվող գործողություններում մարդու իրավունքների խախտումներ տեսնո՞ւմ եք, թե՝ ոչ, այսպես պատասխանեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Արթուր Սաքունցը շեշտեց՝ մյուս կողմից էլ հստակ արձանագրել ենք, որ ենթադրյալ հանցագործությունների բացահայտման, դրանց կանխման շրջանակում գործողությունների կատարման հետ կապված ունենք լուրջ հարցեր կիրառվող մեթոդների թե′ իրավաչափության, թե′ համաչափության հետ կապված․ «Այսինքն՝ «նպատակն արդարացնում է միջոցները» հանցավոր գործելակերպը պետք է դադարեցվի, ավելին, նման տպավորություն թողնող գործողություններն անթույլատրելի են իրավական պետությունում»։

Մեր այն փաստմանը՝ մի կնոջ են հրավիրել Քննչական կոմիտե՝ Բագրատ սրբազանի ֆեյսբուքյան էջում հավանում դնելու ու իր կարծիքն արտահայտելու համար, Արթուր Սաքունցն այսպես արձագանքեց․ «Օրինակ՝ հավանումը․ ֆորմալ առումով, եթե վերցնենք ահաբեկչությանը հավանություն տալը նույնպես քրեորեն հետապնդելի գործողություն է, բայց այսպես կոչված, եթե հավանում չի տալիս, բայց բանավոր խոսքում է ասում, ամեն հավանում տվողին, հո բոլորին չե՞ն բռնելու։ Կամ մի նռնակ են հայտնաբերել, հո բոլորի տանը նռնակ չե՞ն հայտնաբերել։ Ասենք թե՝ դետոնատոր են հայտնաբերել, հո բոլորի տանը չե՞ն հայտնաբերել։ Եթե հայտնաբերվել է, ինքնին դա դեռ չի նշանակում, որ այդ անձն ահաբեկչության մասնակից է։ Այն մարդուն, որի տանը չեն հայտնաբերել այդ նռնակը, նրան ինչո՞ւ եք կալանավորում։ Գործողությունների համաչափության և իրավաչափության հետ կապված խնդիրներ կան, որոնք հիմք են տալիս ենթադրելու և պնդելու, որ քաղաքական նպատակահարմարություն կա այստեղ»։

Արթուր Սաքունցը նշեց՝ ստացվում է՝ միայն մի կուսակցության հե՞տ է դա կապված ու նշեց․ «Ցավոք, Հայաստանի պատմության ընթացքում ՀՅԴ-ն ինքը ուժային մեթոդներով խնդիրների լուծման կողմնակից է եղել, թեկուզ նախկին դաշնակցականների՝ հոկտեմբերի 27-ի հետ կապված։ Գոնե կուսակցությունը պետք է հստակ հրապարակավ դիրքորոշում արտահայտի, որ իրենք դատապարտում, անընդունելի են համարում զենքի, ուժի միջոցով ներքաղաքական խնդիրների լուծումը։ Բայց նույնիսկ դրա բացակայության պարագայում քրեական պատասխանատվությունը ենթադրում է կոնկրետ ամեն մի անձի հետ կապված հիմնավորում։ Եթե նույնիսկ խմբակային կազմակերպված հանցագործության մասին է խոսքը, խմբի կոնկրետ անդամ կոնկրետ պատասխանատվության իր մասնաբաժինն ունի։ Բոլորը հավասար պատասխանատվություն չունեն։ Իրավական գործիքների կիրառումը ցուցիչ է, թե ինչպես է դա կիրառվում, գնահատելու համար հիմնավո՞ր են այդ գործիքները կամ գործողությունների իրականացումը, թե՝ ոչ։ Երբ տեսնում ես, որ հիմնավորվածության, համաչափության հետ կապված հարցեր են ծագում, այդտեղ արդեն քաղաքական նպատակահարմարության կասկածը առաջ է գալիս, որը փարատելու համար պետք է լինի օբյեկտիվ քննություն։ Կապ չունի՝ այսօր ՀՅԴ-ն է, վաղը մեկ այլը։ Իրավական համակարգը պետք է գործի բացառապես օրինականության շրջանակներում։ Երբ բացառապես օրինականության սահմաններում գործելակերպի հետ կապված հարցեր են ծագում, ապա այդ հարցերը փարատելու համար պետք է գործողություններով ցույց տալ, որ իրավաչափ է»։

Արթուր Սաքունցի համար անընդունելի է, որ խոչընդոտել են փաստաբանների մուտքը Երևան քաղաքի քննչական վարչություն։ Նա ասաց․ «Ի՞նչ է նշանակում փաստաբանի մուտքն արգելել։ Իրավական պաշտպանություն ստանալու իրավունքը հիմնարար իրավունքներից մեկն է և′ Կոնվենցիայով, և′ մեր օրենսդրությամբ։ Երբ դու դա խոչընդոտում ես, այդտեղ ակնհայտ հարց է գալիս՝ իրավունքի խախտման պառճառը՝ քաղաքական նպատակահարմարությունը։ Նույնիսկ Բեն Լադենը՝ որպես թիվ մեկ ահաբեկիչ, ուներ իրավական պաշտպանության իրավունք։ Բեն Լադենի ոչնչացումը արտադատական մահապատիժ էր։ Եթե կարողացել են մուտք գործել հատուկ ջոկատայինները ու ոչնչացրել, ուրեմն՝ եթե այդքան հասանելիություն են ունեցել, նրանք կարող էին նաև ձերբակալել։ Հարց է առաջանում՝ իրենք կարո՞ղ էին։ Պետք է հիմնավորեին։ Այո, կարող էին ձերբակալել, բայց դա հնարավոր չէր, դրա համար այդ միջոցը կիրառեցին, դրա վերաբերյալ քննություն չկա։ Ուզում եմ ամենածայրահեղ դեպքը օրինակ բերել, որ նույնիսկ Բեն Լադենի հետ կապված մարդու իրավունքների խախտումներն ակնհայտ են։ Նա ամենահրեշավոր հանցագործն էր, բայց էլի ինքը ուներ պաշտպանված լինելու իրավունք»։

Անդրադառնալով հայկական իրականությանը և վերջին զարգացումներին՝  Արթուր Սաքունցն ասաց՝ այսինքն՝ հավանություն ենք տալիս՝ ամեն ինչ էլ արե՞ք․ «Սա իրավական պետության մտածելակերպ չի կարող լինել և ընդունվել։ Անկախ նրանից՝ ում է դուր գալիս, ում՝ ոչ, միանշանակ դատապարտում եմ ցանկացած ահաբեկչական գործողություն հանուն քաղաքական նպատակների, բայց միաժամանակ չեմ կարող չդատապարտել այդ ահաբեկչական հանցագործության կանխման բացահայտման ընթացքում ապօրինի գործողությունների առկայությունը»։

Արթուր Սաքունցը նաև անհամաչափ ուժի կիրառում է համարում Մայր աթոռում ԱԱԾ ուժերի հավաքվելը․  «ԱԱԾ-ի մեծաթիվ զորքերի հավաքվելը եկեղեցու մոտ, որ մեկ հոգու բերման ենթարկեն, դա ևս ուժի անհամաչափ կիրառություն է։ Արդյոք այդքան ուժե՞ր էր պետք ներգրավել։ Դու ուժի ցուցադրություն ես կատարում այնտեղ, ինչի համար նման հիմքեր չունես, քանի որ նման կուտակում պետք է լիներ այն դեպքում, երբ Վեհարանում բոլորն ինքնաձիգներով զինված են, զինված ջոկատ է։ Բա սա հարց է՝ ինչո՞ւ ես այդ ձևի ուժի ցուցադրություն անում»։

Արթուր Սաքունցն ասաց՝ մենք այս հարցադրումները հիմա անում ենք, որ իրավապահ մարմինները բացառապես գործեն իրավունքի գերակայության սկզբունքի շրջանակներում։

Հետաքրքրվեցինք՝ այս գործողությունների հետ կապված հետագայում հնարավո՞ր է գանգատներ ներկայացվեն ՄԻԵԴ և ՀՀ-ի դեմ որոշումներ կայացվեն, Արթուր Սաքունցը պատասխանեց․ «Քննության արդյունքները և դատաքննությունը ցույց կտան, թե ինչքանով են այդ մեղադրանքները հիմնավորված եղել։ Ապացույցները պետք է քննության առնվեն ոչ միայն նախաքննության, նաև դատաքննության մարմնի կողմից։ Դրա արդյունքները կարող են հիմք հանդիսանալ ԵԴ դիմելու համար մեղադրանքի հիմնավորման։ Գործողությունների հիմնավորվածության հետ կապված կասկածը նույնպես քննության պետք է առնվի»։

Իրավապաշտպանի համար ակնհայտ է, որ հիմա, հաշվի առնելով հայ-թուրքական, հայ-ադրբեջանական բանակցությունները, ՀՀ-Ադրբեջան, ՀՀ-Թուրքիա հարաբերությունները, ըստ նրա՝ դա մեղմ ասած խորը դժգոհություն է առաջացնում  ՌԴ-ի մոտ․ «Եվ դա չեն էլ թաքցնում։ Այսինքն՝ հիմա թվարկում եմ փաստերը, որոնք հանրությանը հայտնի են։ Նման գործողությունները Կրեմլի կողմից՝ տաբեր երկրներում հիբրիդային պատերազմի գործիքները, թունավորումները, պայթեցումները, ապատեղեկատվությունը կամ տեղեկատվական պատերազմի գործիքների կիրառման հավանականությունը հրահրելու մեջ է։ Կներեք՝ այդ ենթադրությունը, քաղաքական- հասարակական խոսույթը չես կարող դնել քրեական հետապնդման հիմքում։ Չես կարող ենթադրությամբ մարդուն մեղավոր ճանաչել։ Հիմնավոր կասկածն ապացույց դարձնելու ուղղությամբ միջոցները և գործողությունները պետք է լինեն հիմնավոր։ Թե չէ, կներեք՝ ՀՀ-ում որևէ այդ ձևի գործողություններ չեմ կարծում, որ որևէ ներքին ռեսուրսով հնարավոր լինի անել։ Ընդհանրապես, ցանկացած ահաբեկչական գործողություն ներքին ռեսուրսներով միայն հնարավոր չէ իրականացնել։ Ցանկացած երկրի փորձը դա է ցույց տալիս․ միշտ լինում է արտաքին որևէ աջակցություն։ Եթե արտաքին միջամտության փաստարկը չունես, մնացածը, կներեք, խիստ կասկածելի է ինձ համար»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031