«Սա քաղաքական, բացառապես քաղաքական որոշում է։ Գլխավոր դատախազը խորհրդարանում բացատրել է, թե ինչու են սա անում։ Սա ամբողջ հանրապետությունը տեսել է, եթե դուք չունեք, մենք կարող ենք այդ ձայնագրությունը ձեզ ներկայացնել։ Եվ դատախազությունը ստիպված էդ փաստական տվյալներն ամեն տեղ փոխել է․․․ եւ այս ամբողջը խճճվել է դրա պատճառով։ Ներկայացնելու ենք փաստերը անպայման․ ամբողջ խճճվածությունը ստացվել է դրանից։ Դատախազը կարող էր շատ հանգիստ միայն այդ որակումը փոխեր եւ դրանով կավարտվեր, բայց ինքը խոստացել է, որ փոխհատուցումները լինելու են։ Էս է, ուրիշ բան չկա։ Եվ հիմա էս ամբողջ բեռը դրել են ձեր (դատավորին նկատի ունի-Ն․ Գ․) ուսերին»,- դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ այն փաստը, որ «Մարտի 1»-ի գործով տուժողները 30 միլիոն դրամ փոխհատուցումներ են ստացել՝ զոհվածների համար, սա բավարար չէ։ Նա նկատեց, որ պատերազմում զոհված զինվորների համար 10 միլիոն դրամ փոխհատուցում է տրվել։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը բացատրեց․ «Դատախազության տարեկան զեկույցը ներկայացնելու ժամանակ գլխավոր դատախազը, երբ հարցնում են՝ «Մարտի 1»-ի գործը, որ քննարկել են, ի՞նչ ընթացք ունի, ասում է՝ վաղեմության ժամկետն անցել է, բայց ՍԴ-ն հնարավորություն է տալիս փոխենք, հետո քաղհայցեր կլինեն՝ վնասի փոխհատուցում»։
Հիշեցնենք՝ 2024 թվականի տարեկան զեկույցը ներկայացնելիս, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանում հայտարարել էր մեղադրանքի փոփոխություն չի կատարվել, իրավական գնահատականն է փոփոխվել։ Նա հավելել էր, որ այս վարույթով բաց դատավարություն է ընթանում, այլ բան ասել չի կարող, բայց մինչդատական վարույթում էլ քննություն է իրականացվում, եւ իր հաջորդ հաղորդման մեջ այդ մասով ասելիք կունենա։ Իսկ նախորդ տարվա՝ 2023 թվականի զեկույցի ներկայացման ժամանակ, Աննա Վարդապետյանը հայտարարել էր, որ «Մարտի 1»-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր է առաջանալու։
Արամ Օրբելյանը հայտարարեց՝ այս պահին մեղադրանքի բովանդակային փոփոխություն է տեղի ունենում եւ խնդրեց մերժել միջնորդությունը՝ գործը նորից Վճռաբեկ դատարան ուղարկել։
Կարդացեք նաև
«Հաշվի առնելով, որ գործի առաջին քննությունը եղել է նախկին քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում, հետո՝ նոր քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում, այս արանքում Վճռաբեկ դատարանը, ՍԴ-ն քննարկել են նախկին քրեադատավարական օրենսգրքի կարգավորումները, ոչ թե՝ նոր, ու առաջացել է մի հատ էսպես խառը վիճակ։ Բայց, ամեն դեպքում, բազային կետը հիմա հետեւյալն է․ ի՞նչ է ասել Վճռաբեկ դատարանը։ Այնքանով, ինչքանով ես հասկանում եմ՝ հնարավորություն տալ մեղադրողին՝ իրականացնել արարքի քրեաիրավական որակման փոփոխություն։ Այն փաստաթուղթը, որը ներկայացվել է դատարանին՝ միջնորդություն, որոշում ու պիտի լինի գործընթաց, որի արդյունքում դատարանը պետք է որոշում կայացնի, չի հանդիսանում նոր քրեաիրավական որակում, այլ բան է։ Դա լրիվ նոր մեղադրանք է, ոչ թե նոր քրեաիրավական որակում։ Դատարանը դա պետք է մերժի, որովհետեւ նման ընթացակարգ նախատեսված չի՝ գործի շրջանակներում, այս փուլում, ուրիշ մեղադրանք առաջադրել։ Իսկ մերժման արդյունքում պետք է արդարացման դատավճիռ կայացվի»,- հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով, պայմանական ասած, Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի փոփոխության բովանդակային կողմին ։
Մանրամասները՝ տեսանյութում.
Հիշեցնենք, Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը ՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ։ Այս գործով մեղադրյալներ են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Հիշեցնենք, որ գործով ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որով մեղադրանքի հոդվածը հակասահմանադրական էր ճանաչվել։ Որոշումը բողոքարկվել է, եւ գործը փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան։
Գործի քննության այս փուլում պաշտպանական կողմերը առարկություններ են ներկայացնում մեղադրանքը վերաորակավորելու՝ դատախազության միջնորդության վերաբերյալ։
Արամ Օրբելյանն իր առարկություններում դատարանին հիշեցրեց գործի որակավորումը փոխելու, ինչպես նաեւ քրեական հետապնդում հարուցելու անթույլատրելիության մասին նաեւ այն պատճառով, որ վաղեմության ժամկետ է անցել։ Ըստ փաստաբանի, սրանից զատ պարզվել է, որ քննչական մարմնի նոր ձեւակերպումներում հայտնվել են «լրացումներ», արարքների նոր շարադրանքներ ու այդ նոր ձեւակերպումներն էականորեն ընդլայնում են պաշտպանյալի մեղավորության աստիճանը։ Անգամ վկայակոչվում են դրվագներ, որոնք տեղի են ունեցել Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարումից հետո՝ նրա պաշտոնատար անձ չհանդիսանալու պարագայում, բայց վերագրվում են նրան։ Օրինակ, հետագայում ոստիկանության գործողություններին առնչվող, դրանց շուրջ պատրանք ստեղծվող․ «Մեղադրանքը, երբ գնում է 309 հոդված, սկսում է մի շարք բարդ խնդիրներ ստեղծել, որովհետեւ բավականին շատ նկարագրություններ կան կատարվածի վերաբերյալ, երբ որ պարոն Քոչարյանը պաշտոնատար անձ չի։ Օրինակ, ոստիկանության մի խումբ ծառայողներ, հետին ամսաթվով՝ 2008 թվականի փետրվարի 29-ի թվագրությամբ ակտ են ստորագրել եւ ինչ-որ գործընթաց են արել»։
Փաստաբանը հայտարարեց, որ ըստ վկաներից մեկի ցուցմունքի, այս դրվագը վերաբերվել է այն ժամանակաշրջանին, երբ 2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո ոստիկանապետ է նշանակվել Ալիկ Սարգսյանը։ Փաստաբանը հիշեցրեց, որ այս ողջ գործընթացը տեղի է ունեցել 2008-ի ապրիլի 9-ից հետո, ուստի այն չի կարող Ռոբերտ Քոչարյանին վերաբերվել, եւ եթե խոսվում է լիազորություններ վերազանցելու մասին, ապա այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանն այլեւս պաշտոնատար անձ չէր։
Արամ Օրբելյանի գնահատմամբ՝ մեղադրանքն այն ձեւով, ինչպես ներկայացվել է դատարան, չի կարող քննարկման առարկա դառնալ, քանի որ խոսք է գնում քրեական գործի մասին, ոչ թե քաղաքական գնահատականի մասին։ Նա հիշեցրեց, որ այդ իրադարձություններին քաղաքական գնահատական տրվել է՝ ԱԺ համապատասխան հանձնաժողովի կողմից, որը գլխավորում էր ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը։
Արամ Օրբելյանի կարծիքով, դատարան ներկայացվածը՝ բազմաթիվ անճշտություններով, ոչ թե մեղադրանք է, այլ մարտի 1-2-ի գործողությունների գնահատականն է նկարագրված։
Մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ