Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Թամարա Յայլոյանը, որը հավատացյալների խնդրանքով հայտարարության տեքստ էր շարադրել, որով բարոյական աջակցություն են հայտնում Սրբազանին, Aravot.am-ին տեղեկացրեց, որ ստորագրահավաքն ավարտվել է, մոտ 3000 մարդ է միացել, վերջին օրերին՝ մեծ թվով սփյուռքահայեր։
Թամարա Յայլոյանի տեղեկացմամբ՝ մեկ շաբաթվա ընթացքում օրական մոտ 400 հոգի են ստորագրել, և սա այն դեպքում, երբ մասսայական որևէ հայտարարություն չեն արել, ստորագրահավաքը որևէ հանրային վայրում չի կազմակերպվել։ Այն ընթացել է Գյումրու «ճռճռան» գրախանութում։
«Մարդկանց մեծ մասը, երևի 80 տոկոսն այս գրախանութի տեղը չգիտի, շատերն առաջին անգամ են իմացել, որ այդպիսի գրախանութ գոյություն ունի։ Բացի այդ, հայտարարությունը տեղադրված է եղել միայն իմ ֆեյսբուքյան էջում։ Մեկը մյուսով մարդիկ իմացել են, վերջին օրը՝ շաբաթ և կիրակի օրերին, նաև եկեղեցում է տեղի ունեցել ստորագրահավաք՝ հավատացյալների նախաձեռնությամբ։
Ազգային ժողովի կին պատգամավորներից մեկը շատ վրդովված էր արտահայտվել, ճիշտն ասած անուն-ազգանունը չգիտեմ, նույնիսկ չգիտեի, որ էդպիսի պատգամավոր ունենք, բայց ինչ-որ ասել էր, թե Վեհափառը տեղյա՞կ է, որ եկեղեցում ստորագրահավաք է կատարվում։ Որքան տեղեկացա՝ եկեղեցում այդ ստորագրահավաքը հենց հավատացյալների պահանջով է եղել․ «Ճռճռան» գրախանութը ժամը 11-ից է բացվում, մինչև ժամը 17․00-ն է աշխատում, այդ ընթացքում շատերս աշխատանքի մեջ ենք, շատերիս հարմար չէ, որ մտնենք, ստորագրենք, տեղն էլ չգիտենք։ Մարդիկ հարցուփորձ են անում, որ իմանան որտեղ է, գոնե եկեղեցում տեղադրված լինի։ Հավատացյալների պահանջով՝ միայն երկու օր է եղել ստորագրահավաք եկեղեցում։ Այս ամենով հանդերձ՝ օրական 400 մարդ ստորագրել է, կիրակի երեկոյան ինձ բերեցին, արտերկրից էլ են ստորագրել՝ իրենց հեռախոսահամարները նշելով», -ասաց Թամարա Յայոլյանը։
Կարդացեք նաև
Նա մեկ անգամ ևս պարզաբանեց, որ հայտարարությունը վերաբերում է Միքայել Սրբազանին կալանավորելուն, հավատացյալները ստորագրահավաքը նախաձեռնել են՝ նրան բարոյական աջակցություն ցուցաբերելու համար, հարկ են համարել կառավարություն ու դատարանին ուղարկել իրենց կարծիքը թեմի առաջնորդի մարդկային բարձր հատկանիշների մասին։
Մեր հարցին՝ ի՞նչ է փոխելու ստորագրահավաքը, Թամարա Յայոլյանը պատասխանեց․
«Մարդիկ, որոնք եկան ու ինձ դիմեցին հայտարարության տեքստը ձևակերպելու ու ստորագրահավաք կազմակերպելու համար, իրենք ասացին, որ սրանով ավելի շատ իրենք ուզում են բարոյական աջակցություն ցույց տալ Սրբազանին, որովհետև պատեհ և անպատեհ առիթներով կառավարությունը հայտարարում է, թե եկեղեցու կողքին մարդիկ չկան կանգնած, որ եկեղեցու սպասավորների, քահանաների կողքին մարդիկ չկան կանգնած, նրանք իբրև թե բարոյալքված են, այն մարդիկ չեն, որոնց պիտի պաշտպանել, նրանց ո՛չ սիրում են, ո՛չ հարգում։ Հավատացյալներն այս ստորագրահավաքով ցույց տվեցին, որ ինչ էլ խոսեն նրանց մասին, միևնույնն է՝ իրենք Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ են, միևնույնն է՝ սիրում են, հարգում են, ընդունում են իրենց Սրբազանին՝ չնայած նրան, որ նրա մասին ֆեյսբուքյան ֆեյք էջերով տարբեր ասեկոսեներ են տարածում, որոշ մարդիկ սխալ տեղեկությոններ են տարածում»։
Թամարա Յայոլյանի փոխանցմամբ՝ հավատացյալներից շատերը զայրացած են՝ կառավարության ի՞նչ գործն է, թե ո՞վ կլինի Շիրակի թեմի առաջնորդը, դա միայն հավատացյալների գործն է, իսկ կառավարության ղեկավարի աշխատանքը պիտի լինի երկրի տնտեսությանը հետևելը, անվտանգությունն ապահովելը։
Հավատացյալները հորդորում են կառավարությանը չմտնել իրենց ու եկեղեցու արանքը։
«Երբ նրանց ասում ես, թե կան մարդիկ, որոնք վատ մեկնաբանություններ են գրում Միքայել Սրբազանի նկարի տակ, հարցնում են՝ իսկ դուք ճշտե՞լ եք՝ նրանք Հայ Առաքելական եկեղեցու հետևորդնե՞ր են, թե՞ աղանդավորներ են։ Նրանք, ովքեր երբևէ լսել են Սրբազանի քարոզները, գիտեն նրա գործերի մասին, երբեք իրենց թույլ չեն տա վատ արտահայտվել, երբեք չեն հավատա այն ամենին, ինչ ասվում է նրա մասին», -ասում է Թամարա Յայոլյանը։
Նա նշում է՝ հայտարարության տեքստը քաղաքական ուղղվածություն չունի, Միքայել Սրբազանի մարդկային բարձր արժեքների ու նրա գործունեության մասին է։
Հավատացյալներն առավել քան վստահ են՝ Միքայել Սրբազանը երբեք քաղաքական պաշտոնի նկրտումներ չի ունեցել և չունի։
Հայտարարության տեքստում գրված է․
«Հայտարարություն․ Մենք` ներքոստորագրողներս, հանդիսանում ենք Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հետևորդներ: Մենք, տարբեր սոցիալական ծագման, կրթական ցենզի, քաղաքական հայացքների տեր մարդիկ ենք: Մեր գերագույն նպատակը և մղումները ուղղված են Հայ եկեղեցու` որպես մեր հոգևոր ազգային արժեքի պահպանմանը:
Սրբազանը քաղաքական պաշտոնի նկրտումներ չի ունեցել և չունի. Սրբազանի կողմից հանրայնորեն հանդես գալը ստիպված, պարտադրված քայլ է եղել, քանի որ օրվա իշխանությունները աննախադեպ հարձակում էին սկսել ՀԱԵ-ի նկատմամբ: Սրբազանը հանդես է եկել ի պաշտպանություն մեր ազգային արժեքների, մեր պատմական հիշողության, մեր հավատքի: Այսօր նա հալածվում է, քանի որ պաշտպանել է Հայ Առաքելական եկեղեցուն, պաշտպանել է մեր հավատքը: Մենք կոչ ենք անում բոլոր հավատացյալներին, մտավորականներին, ականավոր գործիչներին, եկեղեցիների համաշխարհային խորհրդին, արտերկրում գործող և ապրող մեր հայրենակիցներին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ի պաշտպանություն Գերաշնորհ Տեր Միքայել Աջապահյանի: Պահանջել իշխանություններին ազատ արձակել Սրբազանին և դադարեցնել նրա նկատմամբ հալածանքը»:
Մանրամասները՝ տեսանյութում.
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ