Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Շենգավիթի դատարանը (դատավոր՝ Արշակ Մաթեւոսյան) որոշում է կայացրել երեք երեխաների (այդ թվում՝ ութամսյա երեխայի) մայր Լիանա Հարությունյանին երեք ամսով կալանավորելու մասին:
Սոցցանցերում այդ կապակցությամբ շատերն են վրդովմունք արտահայտել:
Հասարակական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյան. «Ոմն դատավոր այսօր անհասկանալի հիմքերով վճռել է կալանքը որպես խափանման միջոց կիրառել, այն էլ երեք ամսով, այն էլ առանձնապես ոչ ծանր գործով ներգրավված երեք անչափահաս, այդ թվում` ընդամենը 8 ամսական երեխայի մոր նկատմամբ։
Կարդացեք նաև
Ընկալում չկա՞ պատժի համաչափության մասին, թե օրենքը ոնց կարդում եք, առանց հանգամանքները հաշվի առնելու մեխանիկորեն կիրառու՞մ եք, բարոյական կողմ, իրավաչափ կիրառում եւ այլն գոյություն չունի՞, հետո էլ վախենում են արհեստական բանականության հնարավոր վճիռներից, թերեւս ավելի մարդկային վճիռ կկայացներ AI-ը:
Եթե պարզվի, որ իսկապես որեւէ այլ պատճառ/հանգամանք չի եղել, քան միայն մեկ անգամ դատարան չներկայանալն է, ինչպես ասվում է, ապա այս դատավորի հարցը պետք է լուրջ քննարկման հարց դառնա»։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան. «Բարոյական արժեքներից զուրկ դատավորը իրավունք չունի աշխատել դատական համակարգում։ 8 ամսեկան երեխայի մորը կալանավորելն անբարո է և անմարդկային։ Սա է այս դատավորի պատկերացրած արարադատությունը։ Սա դատավորի խարանն է և երբեք չի մոռացվի։ Առանց բարոյական արժեքների հնարավոր չէ արդարադատություն իրականացնել։ Մի հարց էլ կա․ինչպես է այս արտառոց դեպքին արձագանքել մեղադրանքը հսկող դատախազությունը, մասնավորապես, տիկին գլխավոր դատախազը»:
Քաղաքական գործիչ Արման Բաբաջանյան. «Երեք անչափահաս երեխաների, այդ թվում՝ ութ ամսական երեխայի մայրը, կալանավորվում է երեք ամսով։ Գործը վերաբերում է ապօրինի միգրացիայի դրվագի, իսկ տվյալ կնոջ դերակատարումը, ըստ ամենայնի, սահմանափակվել է թարգմանչի մասնակցությամբ։ Կալանքը կիրառվել է այն հիմքով, որ նա մեկ անգամ չի կարողացել ներկայանալ նիստին։
Սա լուրջ մտահոգություն է հարուցում ոչ միայն արդարադատության՝ իրավաչափության տեսանկյունից, այլ նաև մեր հասարակության ընդհանուր արժեհամակարգի առումով։
Մայր լինելը ոչ թե մեղադրանք է, այլ պատասխանատվություն, որը պետությունը պարտավոր է հաշվի առնել։ Ութ ամսական երեխայի, երեք անչափահասի շահերը, ինչպես նաև ազատության խափանման միջոցի համաչափությունը չեն կարող անտեսվել նույնիսկ ամենաբարդ գործերում։
Խոսքը միայն դատարանի որոշման մասին չէ։ Խոսքն այն մասին է, թե ուր ենք գնում որպես պետություն և հասարակություն, երբ նման որոշումները հնարավոր են դառնում:
Արդարադատությունը պետք է լինի ոչ միայն օրինական, այլև մարդկային։ Սա փորձություն է ոչ միայն դատարանի, այլև մեր հավաքական հանրության խղճի համար»։