Այսքան վարար ՀՀ ամենաջրառատը կարող է լինել ապրիլ- մայիս ամիսներին, բայց ոչ հուլիս ամսվա մեջ: Հիմա Դեբեդը բարկացել է: Համենայնդեպս, ինձ այդպես ասաց մեր հերթական եռյակ զրույցի ժամանակ:
– Եռյա՞կ, – կհարցնեք դուք:
– Այո, եռյակ, – կպատասխանեմ ես, – երրորդ մշտական զրուցակցիս պատկերը ծածկել են Ալավերդու անխնամ մնացած մարզադաշտի ճակատային մասում աճած ծառերի փարթամ սաղարթները: Բայց քանի որ մենք կարողանում ենք միմյանց տեսնել սաղարթների մեջ գտնվող անտեսանելի բացվածքներով, ապա միշտ կապի մեջ ենք:
Գետի աջ ափում գտնվող Ամենայն Հայոցին գետի ձախ ափից հիմա պարզորոշ կարելի է նկատել կամ երկաթգծի վրայով անցնող հետիոտնի մետաղյա կամրջի վրայից, կամ էլ մոտակա բարձրահարկ շենքերից, այն էլ միայն ցերեկով, քանի որ գիշերային լուսավորությունն անցյալ տարվա ավերիչ ջրհեղեղից հետո մինչեւ հիմա չի վերականգնվել:
Կարդացեք նաև
– Դե լուսավորությունը խնդիր չէ, – մեծահոգաբար նկատում է Ամենային Հայոցը, – հիմա ավելի կարեւորագույն հարցեր կան լուծելու: Դեբեդին գիժ ենք ասում, բայց այդպես էլ իրեն աշխատանքի նորմալ պայմաններ մինչեւ հիմա չենք տվել: Պահանջը չի կարող միակողմանի լինել:
– Հարգելիս, իհարկե, Դուք ճիշտ եք: Դեբեդից նեղացող չկա, – խառնվում եմ խոսակցությանը ես,- հիմա բնակչության հետաքրքրության շրջանակում ավելի հոգեհարազատ հարցեր կան. հասարակական տրանսպորտը, ճոպանուղին եւ իհարկե՝ մեր մյուս հարազատի ճակատագիրը:
– Ի՞նչ է, պղնձաձուլականի հաշվով դեռ որոշում չկա՞, – Ամենայն Հայոց Բանաստեղծը մեկ ինձ նայեց, մեկ Դեբեդին:
– Այ մարդ, – հակադարձեց Դեբեդը, – որ նորություն լիներ, կարողա՞ առաջինը ինձնից չիմանայիր: Հիմա այնտեղ արտադրական ենթակառուցվածքներն են ապամոնտաժում, որ որպես մետաղյա ջարդոն վաճառեն Չարենցավանին:
– Իսկ ազատված տարածքն ի՞նչ են անելու:
– Ծառատունկ են նախատեսել, – ասացի ես, – այս իշխանության քաղաքականությունն է, ոչ մի ծանր արդյունաբերություն:
– Այ քեզ բան, – թթվեց Ամենայն Հայոցը, – այսօրվա զրույցն ավարտեցինք: Գնացեք ձեր գործին:
Գագիկ ՇՈԼԻՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.07.2025