2025 թ. հուլիսի 3-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենսդրական փաթեթ, որով սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելիս ուղևորավարձը չվճարելու կամ այլ անձի տոմսն օգտագործելու համար:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Ազգային ժողովում նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունը բխում է այն իրողությունից, որ Երևանում հասարակական տրանսպորտից օգտվող քաղաքացիների շուրջ 25-30%-ը չի վճարում ուղեվարձը։
«Դա մնացած 70-75%-ի մոտ առաջացնում է արդարացի դժգոհություն։ Կարծում ենք՝ այս հարցը պետք է լուծել, և որքան հնարավոր է՝ արագ»,- ասել է Ա․ Սիմոնյանը։
Օրենսդրական փոփոխությամբ նախատեսված է տուգանք՝
Կարդացեք նաև
15․000 դրամի չափով (39$), եթե ուղևորը չի վճարել ուղեվարձը կամ օգտվել է մեկ այլ անձի տոմսից։
3․000 դրամի չափով (մոտ 8$), եթե քաղաքացին գնել է տոմս, սակայն մեկ րոպեի ընթացքում չի մոտեցրել այն վավերացման սարքին։
Ի՞նչ տուգանքներ են գործում այլ երկրներում
«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է այլ երկրներում հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու դեպքում կիրառվող տուգանքի չափերը։
Վրաստան (Թբիլիսի)
Ուղևորավարձը չվճարելու դեպքում նախատեսված է տուգանք՝ 20 լարիի չափով (մոտ 3․000 դրամ կամ 7.5$)։
Մեկ ամսվա ընթացքում չվճարելու դեպքում այն կրկնապատկվում է՝ դառնալով 40 լարի (մոտ 6․000 դրամ կամ 15$)։
Ադրբեջան (Բաքու) (Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրք, Հոդված 319)
Ներքաղաքային և միջմարզային հանրային տրանսպորտում առանց տոմսի երթևեկության դեպքում տուգանքի չափը 5-30 մանաթ է՝ կախված հանրային տրանսպորտի տեսակից։ Ավտոբուսների դեպքում, օրինակ, տուգանքի չափը կազմում է 5 մանաթ (1125 դրամ/3$)՝ ներքաղաքային, 15 մանաթ (3380 դրամ/9$)՝ միջքաղաքային երթևեկության դեպքում։ Երկաթգծային տրանսպորտով երթևեկելու ու չվճարելու պարագայում տուգանքը 30 մանաթ է (6800 դրամ/18$)։
Գայանե ՄԱՐԿՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»