Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե որևէ պետական կամ մասնավոր կառույց հավաքագրում է անձնական կամ զգայուն տվյալներ առանց անձի համաձայնության, դա օրենքի խախտում է. «Փաստերի ստուգման հարթակ»

Հուլիս 12,2025 10:30

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական կյանքից։ Ավելին, հունիսի 29-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Ամենայն հայոց կաթողիկոսը՝ կամ իր խոսքերով՝ Կտրիճ Ներսիսյանը, չունի անձնական կյանք, այնուհետև հայտնել էր, որ եկեղեցականների անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունները իրեն տրամադրել են ՀՀ ազգային անվտանգության մարմինները, որոնք էլ այդ տվյալները ձեռք են բերել օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ՀՀ օրենսդրությունը և վեր հանել մարդու անձնական կյանքի մասին Սահմանադրության, ՀՀ քրեական օրենսգրքում առկա հոդվածներն ու այլ օրենսդրական սահմանումները, այդ թվում՝ անձնական տվյալների մասին սահմանումներն ու դրանց խախտման համար պատասխանատվությունը։

Նախ՝ անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքը համարվում է մարդու հիմնարար իրավունք, որը պաշտպանվում է ՀՀ Սահմանադրությամբ։ Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը սահմանում է մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությունը։ Ըստ այդմ՝ «յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք»: Իսկ մեկ այլ՝ 34-րդ հոդվածը սահմանում է․ «Յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք»։

ՀՀ Սահմանադրությունը նաև նշում է․ «Անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ»։

Սահմանադրության մեկ այլ հոդվածից․ «Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»։

Մարդու անձնական կյանքը՝ օպերատիվ իրավիճա՞կ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կրթվելը նորաձև է» արշավի շրջանակներում հայտարարել էր, որ հոգևորականների անձնական կյանքին վերաբերող տեղեկությունները հայտնվում են իր ձեռքին օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում։ «Էդ օպերատիվ իրավիճակի մեջ, բնականաբար, անվտանգության հետ կապված խնդիրներ կան և հարակից խնդիրներ, բնականաբար, էդ ամեն ինչը ես չեմ կարող չիմանալ: Եվ իմ իմանալը նույնպես բացարձակապես օրինական է»,- ասել էր վարչապետը:

«Օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքի» նպատակն է օպերատիվ-հետախուզական միջոցառումների միջոցով կանխել հանցագործությունները և բացահայտել դրանք, հայտնաբերել հանցագործներ, փախուստի դիմած անձանց, խափանել կամ կանխել մաքսանենգությունը, հայտնաբերել ապօրինի ունեցվածքի դեպքերը, ապահովել պետական և ազգային անվտանգությունը և այլն։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, եթե օպերատիվ կամ գաղտնի միջոցառումների ընթացքում ստացվում են անձի մասնավոր կամ ընտանեկան կյանքին վերաբերող տվյալներ, բայց դրանք չեն առնչվում տվյալ քրեական գործին, այդ տվյալները պահվում են առանձին և չի թույլատրվում օգտագործել քրեական վարույթում։

Փաստացի, անձի սեռական կյանքին, կրոնական կամ քաղաքական հայացքներին, առողջական վիճակին ու ազգային ռասայական պատկանելիությանը վերաբերող տեղեկությունները, Հայաստանի օրենսդրության համաձայն, անձնական տվյալների պաշտպանված տեսակներից են։ Դրանք օրենքով համարվում են հատուկ ռիսկային, որովհետև դրանց տարածումը կարող է մարդուն վնասել, խտրականության ենթարկել կամ հասարակական վարկաբեկման պատճառ դառնալ։ Եթե որևէ պետական կամ մասնավոր կառույց հավաքագրում է անձնական կամ զգայուն տվյալներ առանց անձի համաձայնության, դա օրենքի խախտում է։ Եթե պետական մարմինները փոխանցում են այդ տվյալները երրորդ անձանց՝ առանց օրենքով սահմանված հիմքի, դա նույնպես անօրինական է։

Հասմիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031