Հունիսի 10-ին Դուբայում հանդիպեցին Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը։ Հինգ ժամ տևած հանդիպմանը հաջորդեցին երկու կողմերի պաշտոնական հաղորդագրությունները, տեղեկություններ ադրբեջանական և հայկական մամուլում, մասնավորաբար՝ «Զանգեզուրի միջանցքի» հնարավոր գործարկման, որոշակի պայմանավորվածությունների ձեռքբերման մասով։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի տպավորությամբ, վերջնական պայմանավորվածություն չկա, այլապես դրա մասին հայտարարության մեջ կնշվեր կամ որևէ հուշագիր կստորագրվեր։
«Իմ գնահատմամբ, քննարկվում են, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրի» տարբեր բաղադրիչներ։ Բնականաբար, Արցախն այդտեղ ընդհանրապես չի քննարկվում, որովհետև Փաշինյանը փորձում է այդ էջը փակել, և դա անելով, ըստ էության, քննարկման բոլոր հարցերը բերում է Հայաստանի Հանրապետության տարածք։ Իր քաղաքականությունը հանգեցնում է նրան, որ Ադրբեջանը հնարավորություն ունի բոլոր հարցերի քննարկումները տեղափոխել Հայաստանի Հանրապետության տարածք։ Ի՞նչ հարցեր է առաջ քաշում Ադրբեջանը։ Ադրբեջանի, նաև Թուրքիայի տեսանկյունից ամենակարևոր հարցը Հայաստանի տարածքով Թուրքիան և Ադրբեջանը միացնող միջանցքի ստեղծումն է։ Նշում եմ Թուրքիա, որովհետև Նախիջևանը, ըստ էության, Ադրբեջանի և Թուրքիայի միջև միջանկյալ մի օղակ է։
Այդ հարցը քննարկվել է, փոխարտգործնախարարի հայտարարությունը ևս պատահական չէր, երբ նա ասաց, որ Հայաստանը պատրաստ է արտապատվիրակել ճանապարհը երրորդ կողմի։ Թե ինչ է դա նշանակում, նա մինչև վերջ չի բացատրել։ Պետք է ենթադրություններ կատարենք, բայց ակնհայտ է, որ Փաշինյանն, առանց դա միջանցք անվանելու, արդեն պատրաստ է Ադրբեջանին միջանցք տրամադրել։ Գուցե դա մի քիչ ավելի քիչ է, ինչ Ադրբեջանն է ակնկալում, բայց բնական է, որ այդ տրամաբանության մեջ տեղի է ունենալու Հայաստանի ինքնիշխանության էական սահմանափակում այդ տարածքի նկատմամբ։
Երկրորդ՝ Ադրբեջանի բռնապետը շարունակում է պնդել Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման վրա։ Նա պարբերաբար այդ հարցին վերադառնում է։ Անցած շաբաթ Ստեփանակերտում տեղի ունեցած գագաթաժողովում կրկին դրան անդրադարձել է։ Խնդիրը դրված է Հայաստանի առաջ, ուղղակի փուլային են այդ հարցը լուծում։ Սկզբից մի զիջումն են փորձում պարտադրել, հետո՝ մյուսը։ Երրորդ հարցը, որի մասին նշված էր հայտարարության մեջ, սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի վերսկսումն է։ Այս տարվա առաջին կեսին այդ հանձնաժողովը փաստացի անգործության էր մատնված, դժվար է ասել՝ դա լա՞վ է, թե՞ վատ։ Լավ է այն իմաստով, որ Հայաստանը նոր տարածքներ չի զիջում, վատ է այն իմաստով, որ Հայաստանը իր կողմից կորսված որևէ տարածք չի ստանում։ Նաև հասկանալի է, որ ուժային այս բալանսի պայմաններում Ադրբեջանը պնդելու է, որ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքը տեղի ունենա ոչ թե այն հատվածներում, որտեղ Հայաստանը պետք է վերադարձնի իր տարածքները, այլ այն հատվածներում, որտեղ Ադրբեջանը հավակնություններ ունի։ Ուստի, եթե հանձնաժողովի աշխատանքը վերսկսվի, պետք է տեսնենք՝ վերսկսելո՞ւ է, թե՞ չէ, եթե վերսկսելու է, ապա ո՞ր հատվածում, կարող եմ ենթադրել, որ դա տեղի է ունենալու ոչ թե մեր շահերին համապատասխան, այլ կրկին մեր շահերի դեմ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չալաբյանը։
Կարդացեք նաև
Ընդգծում է՝ հաջորդ հարցը շատ գրագետ կերպով քողարկված է «կողմերի միջև փոխվստահության վերականգնում» ձևակերպման ներքո։ «Կողմերի միջև «փոխվստահության» վերականգնման շրջանակներում Նիկոլ Փաշինյանը գրոհում է Հայ առաքելական սուրբ եկեղեցին։ Նաև կողմերի միջև «փոխվստահության» վերականգնման շրջանակներում Ադրբեջանը զբաղված է Բաքվում 23 հայ պատանդի նկատմամբ կեղծ դատավարություն իրականացնելով։ «Փոխվստահությունը» վերականգնելու շրջանակներում Փաշինյանը սկսել է Դաշնակցության անդամների մասսայական ձերբակալություններ, Սամվել Կարապետյանի ձերբակալություն և այլն։ Այդ ամենը կոչվում է «փոխվստահության» վերականգնում, որովհետև այդ տրամաբանությամբ Փաշինյանը փորձում է կոտրել Հայաստանում հիմնական դիմադրության օջախները։ Իհարկե, դա իրեն չի հաջողվում, որովհետև դիմադրությունը համատարած է դարձել, բայց փորձում է Ալիևին ցույց տալ, որ իրենից կախված ամեն ինչ անում է դիմադրությունը կոտրելու համար, և ամեն ինչ չէ, որ ստացվում է։
Այս ընթացքում պետք է փորձեր Կաթողիկոսին էլ ձերբակալել, բայց չստացվեց, որովհետև հիմք չուներ դրա համար։ Կամ պետք է փորձեր իր խաժամուժով գրոհել Վեհարանը, չստացվեց, որովհետև քաղաքացիները, մասնավորապես նաև մեր աջակիցները, իրեն ուղղակի թույլ չտվեցին դա անել և այլն։ Մյուս խնդիրը, որն, իմ կարծիքով, այնտեղ առաջացել է, և որի մասին պարբերաբար խոսում են Ալիևը և իր օգնականները, Սահմանադրության փոփոխությունների հարցն է։ Տիրանայում տեղի ունեցած համաժողովից հետո կար տպավորություն, որ Ալիևը համաձայնել է այդ հարցը մի քիչ հետաձգել՝ հասկանալով, որ Փաշինյանը հիմա չի կարողանում այդ խնդիրը լուծել, իր ուժերից վեր է։ Բայց կարծում եմ, որ երկկողմ հանդիպմանն այդ հարցին նորից վերադարձել են։ Մեր ժողովրդի հստակ դիմադրությունը Փաշինյանի վարչակարգին, մասնավորապես՝ Եկեղեցու հարցով, Ալիևի մոտ այն տպավորությունն են ստեղծել, որ Փաշինյանը ընդունակ չէ երկրի ներսում հարցեր լուծելու, և եթե նա Փաշինյանի հետ գնա գործարքի, հետագայում այդ գործարքը, միևնույնն է, չեղարկվելու է Հայաստանի նոր ղեկավարության կողմից, ուստի նա Փաշինյանի առաջ դնում է անլուծելի խնդիրներ։ Ասում է՝ եթե ուզում ես իմ հետ «Խաղաղության պայմանագիր» կնքել, Սահմանադրությունը փոխիր։
Ընդ որում, ակնհայտ է, որ Փաշինյանը հստակ հասկանում է՝ նա Սահմանադրություն փոխելու կարողություն չունի, որովհետև մեր ժողովրդի 95 տոկոսը դեմ է դրան։ Այնպես չէ, որ այն 5 տոկոսը կողմ է, ուղղակի անտարբեր են։ Ամենաանհնար խնդիրն է, որը Փաշինյանի առաջ դրվում է, ըստ էության, մյուս խնդիրներն էլ են անհնար։ Փաշինյանն այդ հանդիպումից գլխիկոր դուրս եկավ՝ հստակ հասկանալով, որ Ալիևը իր հետ չի ուզում «Խաղաղության պայմանագիր» կնքել, որովհետև հասկանում է՝ նա երկրի ներսում կորցրել է վերահսկողությունը։ Նա հենվում է ուժային ռեպրեսիվ ապարատի վրա, հասարակության աջակցությունը որևէ հարցում չունի՝ ո՛չ Եկեղեցու ու ընդդիմադիրների վրա հարձակման, ո՛չ Սահմանադրության փոփոխության, ո՛չ բանակի կրճատման, ո՛չ ադրբեջանցիների բնակեցման, ո՛չ միջանցքի տրամադրման, ոչ մի հարցում չկա աջակցություն։ Մեր բոլոր հարցումները ցույց են տալիս, որ, նայած թե ինչ զիջում է պահանջում Ադրբեջանը, հասարակության 85-ից 95 տոկոսը դրան դեմ է։ Բոլոր զիջումները, որոնք պահանջում է Ալիևը Փաշինյանից, անհնար է իրականացնել, առավել ևս այն պայմաններում, որ Փաշինյանն իր քաղաքական ամբողջ վարկը սպառել է այս ընթացքում։ Նա դարձել է անվստահելի, ոչ լեգիտիմ, ընկալվում է հասարակության կողմից որպես խաբեբա, կեղծավոր, երկդիմի և այլն։ Այդ պայմաններում նա ընդունակ չէ այլևս հասարակությանը որևէ բան համոզել, իսկ հասարակության կամքին հակառակ դա անել նախընտրական տարում՝ հղի է նրանով, որ իշխանությունը կկորցնի։ Փաշինյանը հստակ հասկանում է, որ հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է իր ակնկալիքներով, մյուս կողմից՝ Ալիևը և Ալիևին աջակցող Էրդողանն իրենց ակնկալիքներով։ Այդտեղ նա մանևրի տեղ չունի։ Նա դա հասկանում է, այդ պատճառով է հինգ ժամ տևած բանակցություններից դուրս եկել գլխիկոր, թթու տեսքով՝ հասկանալով, որ այդ կարգի բանակցությունները մոտեցնում են իր քաղաքական վախճանը»,-նշում է մեր զրուցակիցը։
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում