2025 թվականի հունիսի 27-ին Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու պատրվակով ՀՀ քրիստոսամարտ իշխանությունների կողմից փաստացի զինված հարձակում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա։ Զինված ու դիմակավորված ոստիկանական ու այլ ուժային կենտրոնների ծառայողներ իրենց պարզ ներկայությամբ արդեն իսկ ահաբեկեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում գտնվող բարեպաշտ հավատացյալներին, խանգարեցին այդ օրը նախատեսված քահանայից հավաքի անցկացմանը, որն արդեն քսան տարի է՝ նախագահում էր Միքայել սրբազանը և այդ օրն էլ հենց այդ առիթով էր գտնվում Մայր Աթոռում։
Բարեբախտաբար, կրակոցներ չհնչեցին, ինչը սպասելի էր ներկայիս իշխանություններից, սակայն չհնչեցին միայն այն պատճառով, որ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը իր իմաստուն ու հավասարակշիռ կեցվածքով կարողացավ իրավիճակը հանդարտեցնել։ Այդ օրը հնչեցին Եկեղեցու զանգերը և այդպիսով ազդարարվեց Հայոց պատմության մեջ նոր իրականության սկզբի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պայքարի մասին, պայքար հանուն հավատքի ու հանուն Հայոց Պետականության, որոնք վտանգված են ներկայիս հակաեկեղեցական իշխանությունների կողմից։
Այդ զանգերը սկսեցին հնչել հունիսի 27-ին և պետք է ղողանջեն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական գործընթացները ղեկավարվում են ապազգային ու հակաեկեղեցական տարրերի կողմից, քանի դեռ պետական մակարդակով վարկաբեկվում է մեր Սուրբ Եկեղեցին իր հոգևորականներով ու բարերարներով։
Հունիսի 27-ին պայքարի կանչող եկեղեցական զանգերը շարունակում են հնչել ու արձագանքել բոլոր այն հայորդիների հոգիներում, ովքեր իրենց ճակատին կրում են և դեռ պետք է կրեն Սրբալույս Մյուռոնի դրոշմը և իրենց ընտանիքներում և օջախներում փայփայում և դեռ պետք է փայփայեն Եկեղեցուց փոխանցված Տիրոջ օրհնությունը։
Կարդացեք նաև
Շատ ուրախալի է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բազմաթիվ հոգևորականներ, այդ թվում նաև Հայաստանում ու սփյուռքում գործող թեմակալ առաջնորդներ հրապարակայնորեն իրենց հայտարարություններն են տարածել, որտեղ խստագույնս դատապարտել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարի և իր մի քանի կամակատարների եկեղեցահալած գործողությունները։ Դա մեկ անգամ ևս փաստում է, որ իշխանությունների կողմից Եկեղեցին պառակտելու փորձերը ձախողված են ի սկզբանե։
2025 թվականի հուլիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած քահանայից հավաքից հետո արժանապատիվ Տեր հայրերը հանդես են եկել հայտարարությամբ, օրվա առթիվ իր հայրական պատգամն է հղել նաև Ամենայն Հայոց Հայրապետը։ Միաբանության ու Քահանայից դասի հայտարարությունները, ինչպես նաև Ամենայն Հայոց հայրապետի պատգամը մեզ նոր լիցքեր են հաղորդում և հույս ներշնչում, որ Տիրոջ կամքով մոտ ապագայում կունենանք ազգային իշխանություններ, հզոր պետականություն և առողջ հասարակություն։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ